Չալդրանյանը հրաժարակա՞ն կգրի

Չալդրանյանը հրաժարակա՞ն կգրի

Համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի կողմից թատրոնի գեղղեկավար նշանակված բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը հրաժարվել է գեղղեկավարի պաշտոնից, ինչի մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում` նշելով, որ իր համար մեծ ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ «Այսպես շարունակվել չի կարող։ Ես չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը։ Տեսնում եմ, որ իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը, թեեւ ես իմ ձեռքն էի մեկնել ձեզ՝ համոզված լինելով, որ կարող եմ օգնել եւ օգտակար լինել, բայց ստացվեց հակառակը... Այժմ որոշում եմ կայացրել հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Ինչպես որ խոստացել էի, ես մնում եմ ձեր բարեկամը, գրկում եմ ձեզ մեկ առ մեկ ու հաջողություն մաղթում ձեր գործում։ Հուսով եմ, որ մեր միջեւ անախորժությունները կմոռացվեն, կներվեն միմյանց հասցված վիրավորանքները»,- գրել է Սուրեն Շահվերդյանը, ով իր նշանակման առաջին օրերին հայտարարել էր, որ հարկ եղած դեպքում թատրոնը կհամալրեն նոր կադրերով, քանի որ անգործ դերասաններ շատ կան, որից հետո համագործակցության ձեռք էր մեկնել դերասաններին, իսկ վերջում արդեն հրաժարական տվեց։

«Նախ՝ չպետք է գար, որ հիմա էլ հրաժարական տար,- ասում է դերասան Արման Նավասարդյանն ու հավելում,- մեր բողոքը Սուրեն Շահվերդյանի դեմ չէ, եւ նա ոչ ճիշտ ժամանակին է իր ձեռքը մեկնել, որովհետեւ մենք խորտակվող նավի ուղեւորներ չենք, որ մեզ ձեռք մեկնեն, մենք էլ փրկվենք։ Մենք մեր փրկության ճանապարհը գիտենք եւ այդ փրկության ճանապարհով ենք գնում։ Եթե Սուրեն Շահվերդյանի կարիքը լինի, որպես հրավիրյալ ռեժիսոր՝ մենք կդիմենք, եւ կարծում եմ՝ Սուրենը չի մերժի, որովհետեւ դա նորմալ է»։

Համազգային թատրոնի դերասանները դեկտեմբերի 1-ից՝ անկախ գործադուլից, ամեն օր գալիս են թատրոն։ «Բա էլ որտե՞ղ լինենք»,-ասում է Արման Նավասարդյանն ու ընդգծում, որ գործադուլը հայտարարել են դեռ այն ժամանակ, երբ Սուրեն Շահվերդյանը նշանակված չէր գեղղեկավարի պաշտոնում։ «Այսինքն՝ իր գալ-չգալով պայմանավորված չի եղել գործադուլը, եւ հիմա էլ գործադուլը մենք չենք դադարեցնելու»,- ասում է Նավասարդյանը։ 

Թեեւ վերջին օրերի ընթացքում նախարարությունից որեւէ պաշտոնական դիրքորոշում, հայտարարություն չի եղել, բայց Արման Նավասարդյանը կարծում է, որ նախարարն էլ է մտահոգված ստեղծված իրավիճակով, որովհետեւ իր հարցազրույցներից մեկի ժամանակ վստահեցրել է, որ այս հարցը կլուծի․ «Մի ամիս է արդեն՝ մենք պարապուրդի ենք մատնված։ Մի տեղ էլ կարդացի, որ իբրեւ թե մենք՝ դերասանական կազմը, ձախողում է ներկայացումների փորձերը, եւ նույնիսկ ամանորյա ներկայացման փորձերն ենք տապալում։ Ես ուզում եմ ասել, որ մենք ամանորյա ներկայացում չէինք անելու այս տարի՝ անկախ այս գործադուլից, որովհետեւ դահլիճը նորմալ չի ջեռուցվում, եւ այն գլխից էր որոշված, որ ամանորյա ներկայացում չի արվելու, եւ դա բարդել մեզ վրա՝ համարում եմ թյուրիմացություն»։  

ՀԳ․ Չնայած թատրոնի տնօրեն, ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի հետ չհաջողվեց կապ հաստատել, բայց, ինչպես պարզեցինք, այսօր, ժամը 11։00-ին նախատեսված է Չալդրանյանի հանդիպումը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ։ Բացառված չէ, որ այդ հանդիպումից հետո նա հրաժարականի դիմում գրի, քանի որ ստեղծված իրավիճակում այլ լուծում չի գտնվում թատրոնի համար։