Փաշինյանը ճիշտ էր, Մուկուչյանը՝ սխալ

Փաշինյանը ճիշտ էր, Մուկուչյանը՝ սխալ

Սահմանադրական դատարանի հուլիսի 12-ի նիստին «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին է հասցեագրել Նիկոլ Փաշինյանի մեջբերումը, որն արել է պատգամավորության տարիներին՝ 10.09.2013 թվականին. «Ձեր անմիջական մասնակցությամբ կեղծվել են նախագահական ընտրությունների արդյունքները: Կեղծվե՞լ են»,- հարց ուղղեց Զոհրաբյանը: Մուկուչյանը պատասխանեց. «Ոչ, կեղծումներ չեն եղել»։ Իրապես, հիանալ կարելի է այսպիսի համարձակությունից. հերքել պողպատյա մանդատին տիրապետող Փաշինյանի հայտարարությունը, ըստ էության, հեղափոխության առաջնորդի՝ տասնամյակներ տեւած պայքարի ամբողջ տրամաբանությունը:

Այդ դեպքում մեկ այլ հարց պարոն Մուկուչյանին. «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ինչո՞ւ էին ըմբոստացել Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Եթե բոլոր ընտրությունները եղել են արդար, ապա Փաշինյանն ինչո՞ւ է զբաղեցնում ՀՀ վարչապետի պաշտոնը»: Զբաղեցնում է, ըստ իրեն, որպեսզի այլեւս ընտրախախտումներ չլինեն, որպեսզի «իշխանությունը վերջնականապես վերադարձվի ժողովրդին»:

Սրանք բավական բարդ հարցեր են ընտրությունների կազմակերպման պրոֆեսորի, չէ, ակադեմիկոսի համար: Ավելի պարզ հարց 1998-2003 թվականներին պետական ռեգիստրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած պարոն Մուկուչյանին. «Դուք տեղյակ եղե՞լ եք, արդյոք, Ձեր ղեկավարած համակարգում լայնորեն տարածված կոռուպցիոն դրսեւորումների մասին. կազմակերպություն գրանցելու համար տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, արդյոք, Ձեզ բաժին հանե՞լ են շորթված գումարներից»: 

Պատասխանը, վստահաբար, կլինի՝ ոչ: Այսինքն, այդ բարձր պաշտոնը զբաղեցնող անձը տեղյակ չի եղել, թե պետռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում ինչով են զբաղված եղել: Նույնկերպ կարելի է ասել, որ արդեն 10 տարի ԿԸՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը տեղյակ չի եղել, թե ինչ են անում ընտրատարածքներում:

Փաստորեն, մարդն անկեղծ է ու ճշմարիտ, երբ ասում է՝ «ոչ, կեղծումներ չեն եղել»։ Եթե նա տեղյակ չէ, ապա նրա պատասխանն էլ «արժանահավատ է»:
Ուղղակի տարակուսանք է առաջացնում մեկ այլ բան, թե ինչու են անտեղյակ մարդիկ նշանակվում բարձրագույն պաշտոններում:

ՀԳ. Բաբկեն Արարքցյանի՝ ՀՀ ԳԽ նախագահ եղած ժամանակ, երբ ծխա¬խոտի մեծ դեֆիցիտ էր, մի լրագրող հարցնում է. «Պարոն Արարքցյան, դեֆիցիտի պայմաններում Դուք ինչպե՞ս եք ճարում ծխախոտ»: Նա պատասխանում է. «Ինչպես ժողովուրդը, այնպես էլ ես»: Շատ վատ է, պարոն Արարքցյան, որովհետեւ երկրի երկրորդ դեմքն այդպիսի խնդիր չպետք է ունենա: Հավանաբար, այդպես էլ եղել է: Բայց խնդիրն այլ տեղում է: Երկրի ղեկավարը պետք է այնպես աշխատի, որ ժողովուրդը խնդիր չունենա, այլ ոչ թե թաքնվի նրա թիկունքում: Փաստորեն, Արարքցյանը նույնպես «անտեղյակ» է եղել երկրի վիճակից: Այսպես էլ ապրում ենք՝ անտեղյակ ղեկավարների «հմուտ կառավարման ներքո»:

Գագիկ Վարդանյան