Մարդկանց սարքել ենք լաբառոշներ. թեքվում ասում էինք՝ Սերժ, քո մերը, հիմա շրջվել է մեր դեմ

Մարդկանց սարքել ենք լաբառոշներ. թեքվում ասում էինք՝ Սերժ,  քո մերը, հիմա շրջվել է մեր դեմ

«SOS» հաղորդաշարի հիմնադիր, ակտիվիստ Հայկ Բարսեղյանն այսօր ֆեյսբոււքյան էջով հայտարարեց հաղորդաշարի վերսկսման մասին: Հեղափոխությունից հետո հաղորդումը դադարել էր գործել, եւ վերսկսելու անհրաժեշտությունը, ըստ կազմակերպիչների, գուցե չլիներ, եթե հեղափոխությունը ցանկալի արդյունք ունենար: Սակայն, մինչ հաղորդման վերաբացումը, Հայկ Բարսեղյանը կարևոր հարց է բարձրացնում, որն այս պահին իրենց համար կարծես թե խոչընդոտ է: «Սոցցանցերում անհասկանալի բաներ են կատարվում: Մեր մասին ինչ ասես՝ չեն գրում: Մենք վաղվանից հաղորդման սցենարն ենք ունենալու՝ մեր պատկերացրած ճշտով ու արժեհամակարգով, բայց այն, ինչ կատարվում է սոցցանցում, անտանելի է: Այսօր առավոտ մի տեսանյութ տեսա ու տարածեցի, որն իմ կարծիքով լավն էր եւ հասարակ քաղաքացու առօրյան էր նկարագրում: Ու ինչ տիպի հայհոյանք ասես՝ հասցեիս չարեցին:

Մեղադրում են՝ Քոչարյանն է էդ վիդեոն նկարել, Ռոբի ծախված եք:Ինձ համար մեկ է, թե ով է նկարել, կարևորը շնորհքով գործ է արված: Խնդիրը մարդկանց ինքնակրթության մեջ է….հասկանում եք… »,-ասում է «SOS» -ի հիմնադիրը՝ մեծ հիասթափություն ապրելով կատարվածից: «Հիմա «SOS»-ով  պատրաստվում ենք հարցեր բարձրացնել, պիտի ասենք, որ իշխանությունը լավ չի աշխատում, հիմա ի՞նչ, ասելու եք, որ մանիպուլացիա ենք անո՞ւմ: Հելնենք Նիկոլի ոտքերը պաչենք, որ ասեք՝ լավ է:

Նիկոլը պատմություն է, հիմա մենք մեր գործը պիտի անենք: Մեզ ասում են՝ ծախված եք: Մենք որպես քաղաքացի ազատ ենք ու մեր գործով ենք զբաղվում: Օրինակ մեր սցենարիստ Արեն Մկրտչյանը պաշտոն է ստացել, չի կարող ուրիշ գործով զբաղվել, բայց մենք ազատ ենք , պիտի զբաղվենք նրանով, ինչով պետք է: Իմ նպատակը պաշտոն ստանալը չէ, որ ուզենայի, վաղուց ստացել էի: Հիմա ես ինձ էլ , գիտեք, էս ամենի մեջ մեղավոր եմ զգում: Մենք «SOS»-ով, որ պայքարում էինք նախկին ռեժիմի դեմ, ինչպես նաև հեղափոխությամբ՝ մարդկանց սարքել ենք լաբառոշներ/մեծաբերաններ/: Որ թեքվում ասում էինք՝ Սերժ քո մերը, հիմա շրջվել է մեր դեմ»,-նշում է նա:

Այնուամենայնիվ, նոր «SOS»-ը բովանդակային առումով տարբերվելու է: Հայկ Բարսեղյանի խոսքերով, եթե նախորդ «SOS»-ը ուներ նպատակ ազատվելու իշխանությունից, ապա այժմ՝ իրնց քննադատությամբ օգնելու են նոր իշխանությանը: «Մեր նպատակը փող լափելն ու իշխանափոխությունը չէ: Մենք հազարավոր զանգեր ենք ստանում, այսօրվա իշխանավորներն ու պատգամավորները, որոնք մեր ընկերներն են, մասնագետներ չեն: Նրանք, հենվելով մեր քննադատությունների վրա, պետք է ձգտեն լավ աշխատել: Հեչ կապ չունի, թե երկրի ղեկավարն ով է՝ Նիկոլը, թե…, սխալները պետք է ասվի, հուշես, որ հասկանան, իսկ երկրորդ անգամ պետք է նույնիսկ գլուխները ջարդես, որ աշխատեն»,-վստահաբար  ընդգծում է ակտիվիստը:

Հիշեցնենք, որ Հայկ Բարսեղյանը Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ  Լևոն Բարսեղյանի որդին է, հեղափոխության ակտիվ մասնակիցներից մեկը: