Նոր զարգացումներ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հետ կապված սկանդալում․ հարուցվել է քրգործ

Նոր զարգացումներ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հետ կապված սկանդալում․ հարուցվել է քրգործ

Ավելի  վաղ գրել էինք՝«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի շուրջ սկանդալ էր հասունացել. Հիմնադրամի տնօրենը՝ Մհեր Խաչատրյանը, որին հոգաբարձուների խորհուրդը ամռանն այդ պաշտոնին ընտրեց, նախկին տնօրեն Ղարիբ Հարությանին մեղադրում է չարաշահումների եւ կեղծ հաշվետվություն ներկայացնելու մեջ: Նախկին տնօրենն էլ իր հերթին մեղադրում էր նրան՝ նշելով, որ քաղաքական պատվեր է կատարում՝ վարկաբեկելով իրեն: Որոշ ժամանակ անց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ. «Հիմնադրամի ֆինանսական գործունեության ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում նրա կողմից որևէ չարաշահում չի եղել: Հիմնադրամի տարեկան արտաքին աուդիտի արդյունքները կհրապարակվի ավելի ուշ՝ օրենքով սահմանված ժամկետում»։

Ավելին՝ կարճ ժամանակ անց հոգաբարձուների խորհուրդը պաշտոնանկ արեց Մհեր Խաչատրյանին՝բացակայությունների պատճառով: Այսօր արդեն նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանը մեզ տեղեկացրեց,որ իր բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել: «Վերջապես ոստիկանության Շիրակի մարզի Կումայրի բաժնից պաշտոնական գրություն ստացա, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանի կողմից յուրացում կատարելու կասկածանքով հարուցվել է քրեական գործ։ Մի բանի վրա եմ զարմանում, թե ինչու մարդիկ, ի սկզբանե գիտենալով, որ նոր Հայաստանում արդարադատությունն այլընտրանք չունի, այնուամենայնիվ, զոռբայությամբ, արհեստական ֆոն ստեղծելով, որոշ մարդկանց թիկունքում թաքնվելով, գործը բարդացրին այս աստիճանի» ։

Նշենք,որ ավելի վաղ Մհեր Խաչատրյանը hraparak.am-ի հարցին ի պատասխան,թե ինչ է պատրաստվում անել, փոխանցել էր. «Ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ դիմել եմ իրավապահ մարմիններին, սպասում եմ, որ իրավապահները ստուգումներ իրականացնեն և պարզեն, թե մեզանից ով է մեղավոր: Միայն ստուգումներից հետո նոր կորոշեմ իմ հետագա քայլերը»:Հիշեցնենք,որ  վերջերս  էլ հոգաբարձուների խորհրդի անդամ Արտուշ Հովհաննիսյանը, որը նաև Շիրակի մարզպետարանի աշխատակից է,  Մհեր Խաչատրյանի դեմ էր փաստեր  հայտնաբերել  եւ այն ներկայացնել    հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին ու մյուս անդամներին։Ըստ այդ փաստերի՝ պաշտոնանկ եղած տնօրենը  ստորագրել է փաստաթղթերի տակ,ինչը իրավասու չէր: