Ի՞նչ կա տնտեսության «լավ տրամադրությունից» անդին

Ի՞նչ կա տնտեսության «լավ տրամադրությունից» անդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խոսել է տնտեսության մասին՝ ասելով, թե այն ունի «լավ տրամադրություն»: Ըստ վարչապետի, առաջին չորս ամսվա տվյալներով՝ տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական եւ լավատեսական դինամիկայով: 

Փաշինյանը նաեւ որոշ տվյալներ է վկայաբերել, ըստ այդմ՝ ապրիլին գրանցվել է 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: «Եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի ամփոփված տվյալների հետ՝ համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ, սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն, եւ մեր խնդիրն է, ինչպեսեւ նախանշել ենք, հասցեական, ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը եւ ի վերջո կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»,- ասել է Փաշինյանը։ 

Նրա բերած այլ տվյալների համաձայն, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,2 տոկոսով, առեւտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 16,2 տոկոսով։ Ապրիլին արտահանման ծավալների 9,9 տոկոսի աճ է գրանցվել, արձանագրվել է նաեւ միջին ամսական անվանական աշխատավարձերի աճի «որոշակի դրական դինամիկա»: 

Այս ամենը, իհարկե, դրական է եւ բավականին գեղեցիկ է հնչում: Սակայն, եթե փոքր-ինչ ուշադիր լինենք, կնկատենք, որ Փաշինյանը չի անդրադառնում տնտեսական համակարգում իրականացված կամ սկսված իրական համակարգային փոփոխություններին: Հավանաբար, այդպիսիք տեղի չեն ունեցել, մինչդեռ ցանկացած հեղափոխության շարժիչ ուժը առաջին հերթին տնտեսական վերահաս բարեփոխումներից  սպասվող դրական արդյունքն է: Արդյունք, որն անմիջականորեն իր մաշկի վրա կզգար հեղափոխության յուրաքանչյուր շարքային մասնակից ու ոչ միայն մասնակից:     
Մինչհեղափոխական Հայաստանի տնտեսական համակարգն ընդունված էր կոչել արատավոր, մենատիրական, հակամրցակցային եւ այլն: Այն նաեւ բնութագրվում էր որպես փակ ու բավականաչափ նեղ մի շրջան, որը սպասարկում էր միայն խիստ սահմանափակ թվով մարդկանց տնտեսական շահերը: Այդ մարդիկ էլ առավելապես իշխանության մեջ գտնվողներն էին եւ նրանց մերձավորները, որոնց կոչում էին օլիգարխներ:         

Այսօրվա իշխանավորներից շատերը, ովքեր նախկինում ընդդիմադիրներ էին, մինչ իշխանության գալը շատ խիստ որակումներով էին նկարագրում Հայաստանի տնտեսության իրական պատկերը եւ, պետք է նկատել, հիմնականում ճիշտ էին: Այսօր, սակայն, նրանցից նման որակումներ դժվար թե լսեք, մինչդեռ… թվարկենք մի քանի հարց:

Փոխվե՞լ է արդյոք Հայաստանի տնտեսական համակարգի հիմնակառույցը, անհետացե՞լ են արդյոք հիմնական մենաշնորհները: Արվե՞լ են արդյոք արմատական քայլեր՝ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ, եւ որպես արդյունք՝ քանի՞ նման ձեռնարկություն է բացվել վերջին մեկ տարվա ընթացքում: Բարեփոխվե՞լ է արդյոք Հարկային օրենսգիրքը, կամ արվե՞լ են գոնե ինչ-որ քայլեր այդ ուղղությամբ: Աճե՞լ են արտաքին ներդրումների ծավալները: Փոքրիշատե կանոնակարգվե՞լ է գյուղացիական տնտեսությունների վարկավորման դաշտը…

Այս հարցերի թվարկումը կարելի է երկար շարունակել, բայց թերեւս արդեն թվարկվածներն էլ բավական են: Դրանցից որեւէ մեկի հետ կապված, եթե նկատել եք, Փաշինյանն իր խոսքում որեւէ պարզաբանում չտվեց, ինչո՞ւ: Հավանաբար, ասելիք չկար: Մինչդեռ հենց այդ հարցերի պատասխաններին են սպասում հարյուր հազարավոր հայաստանցիներ, որոնցից շատերը դեռ հույսեր են փայփայում, թե կարող են աշխատել ու արժանապատիվ եկամուտներ ունենալ իրենց հեղափոխված հայրենիքում, ոչ թե կասկածելի բախտի ետեւից ընկած՝ մեկնել արտերկիր: 
Ինչ վերաբերում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած՝ հիմնականում կասկածելի ցուցանիշներին, որոնց հղում էր անում վարչապետն իր խոսքում, ապա նման հղումների հանրությունը բազմիցս է ականատես եղել ինչպես Սարգսյանի, այնպես էլ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին: Դրանք հիմնականում միշտ էլ համակված են եղել «ուրախ տրամադրությամբ», սակայն շարքային մարդկանց համար կոնկրետ, շոշափելի արդյունքների այդպես էլ չեն հանգեցրել:

Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ կվարվի, եթե հաջորդ անգամ տնտեսության մասին խոսելիս ավելի շատ անդրադառնա վերը նշված հարցերին, ոչ թե հրապարակի ԱՎԾ-ի մանիպուլյատիվ թվերը: Ի վերջո՝ երբ Փաշինյանն ասում է, որ օլիգարխներ այլեւս չկան, դա չի նշանակում, որ նրանք մեկ գիշերվա մեջ անհետացել են, հատկապես երբ հեռուստատեսությամբ տոնական ռեպորտաժներ դիտելիս մարդիկ տեսնում են նրանցից ամենաականավորներին, այս անգամ արդեն «թավշյա» պաշտոնյաների կողքին դեմքի նույն՝ լավ ծանոթ ծառայամիտ արտահայտությամբ կանգնած: 
Իսկ տնտեսության իրական բարեփոխումները, որոշ դիտարկումներով, իսկապես ուշանում են, ինչը հղի է բավական անցանկալի հետեւանքներով:                         
Դավիթ ԶԱՎՅԱՆ