Փրկության ելքը մեկն է՝ ոտքի՛․․․

Փրկության ելքը մեկն է՝ ոտքի՛․․․

Երբ երկիրը գտնվում է օրհասական իրավիճակում, փրկության ելքը մեկն է՝ ազգի սերուցքը  մահապարտ է դառնում։ Այսինքն նրա համար  մահը առավել գերադասելի է դառնում, քան թշնամու առաջ չոքած, ծնկած  ապրելը։ 
Վազգեն Սարգսյանի կոչով հանրապետության բոլոր մարզերից հավաքված 500 մահապարտները 1992 թվականի հենց  երդում տվեցին «Եռաբլուր» պանթեոնում և մեկնեցին ռազմաճակատ: Նրանք գիտեին, որ մահվան երախ են գնում, բայց գիտակցաբար գնացին, որ ոգի տան մնացածներին։ Սպարապետն ասում էր․ «Մենք տեսանք, որ մահապարտներն արեցին ամեն ինչ, ազգի սերուցքն եք: Եթե ազգը չգտնի 500 նվիրյալ` 300 միլիոնանոց ազգ լիներ, թե 5 միլիոնանոց, դատապարտված է կործանման: Փառք Աստծո, որ մեր մեջ գտնվեցին նման մարդիկ: Ադրբեջանին դա չհաջողվեց անել¸ որովհետեւ նրանք չունեին ոգեղենը, նպատակին հասնելու մղումը, այն գաղափարը, որ հայրենիքն ամեն ինչից վեր է»։ 

Հիմա մենք նույն ազգն ենք, այն տարբերությամբ, որ մեզ սպարապետ եկավ մեկը, (Կներեք, սպարապետ), ով ազգի ոգին կոտրեց։ Սպարապետ եկավ մեկը, ով բոլոր մահապարտներին ձերբակալեց կամ հետապնդման ենթարկեց։ Սպարապետ եկավ մեկը, ով ասաց՝ ետ քաշվեք, չկրակեք ձեր հողը մտած թշնամուն։ Մենք խաղաղության դարաշրջան ենք բացում։ Սպարապետ եկավ մեկը, ով թշնամուն հանձնեց մեր բոլոր հաղթանակները և պարտությունը շալակած խաղաղություն է մուրում։ Սպարապետ եկավ մեկը, ում համար հայրենիքը վերջին պլանում է։ Սպարապետ եկավ մեկը, ում թուլությունը թշնամին անգամ  ծաղրում է։ 

Հարկավոր է վերականգնել ազգի ոգին, միասնությունը։ Նորից եմ կրկնում՝ մենք նույն ազգն ենք։ Կարող ենք դառնալ մահապարտ։ Ընդունել արժանապատիվ մահը, քան ծնկաչոք, մուրալով ապրելը։