Խնդրում եմ ինձ չհամեմատել որևէ կառույցի հետ․ Արման Թաթոյան (տեսանյութ)

Խնդրում եմ ինձ չհամեմատել որևէ կառույցի հետ․ Արման Թաթոյան (տեսանյութ)

ՄԻՊ Արման Թաթոյանից հետաքրքրվեցինք՝ հետևո՞ւմ է արդյոք ԲԴԽ-ի և ԲԴԽ նախագահի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, և ի՞ նչ կարող է ասել։

«Բարձրագույն դատական խորհրդի շուրջ այդ գործընթացին, իհարկել, հետևում եմ, Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին առնչվող, այս պահին, որևէ պրոցես չի ընթանում, եթե կլինի դիմում կամ հարց կբարձրացվի առանձին կոնկրետ իրավունքների պաշտպանության հարցով, կզբաղվենք այդ հարցով, իհարկե»,- ասաց Արման Թաթոյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ հաջորդը գուցե հերթը իրեն հասնի, որ իրենից էլ փորձեն ազատվել, Թաթոյանն ասաց՝ Մարդու իրավունքների պաշտպանը լիարժեք կատարում է իր գործառույթը, և ՄԻՊ-ը սահմանադրական երաշխիքներով պաշտպանված սահմանադրական ինստիտուտ է։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ ինչպես ԲԴԽ նախագահից ազատվելուը հնարը գտան այս իշխանությունները, այնպես էլ իրենից ազատվելու տարբերակ կգտնեն, Թաթոյանն ասաց․ «Ես նման կատեգորիաներով որևէ անգամ չեմ շարժվել կամ մտածել, Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ որևէ մեկը չունի իրավասություն՝ փորձել ինչ-որ այլ բաներ մտածել։ Ես կարծում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը կատարում է իր լիազորությունները, և ինձ համար նշանակություն չունի՝ ով ինչպես է ընկալում։ Ես չեմ աշխատում ինչ-որ մեկին դուր գալու համար, կատարում եմ իմ պրոֆեսիոնալ աշխատանքը»։

Մեր մյուս դիտարկմանը, թե  ԲԴԽ նախագահը և ՍԴ նախագահն էլ էին կատարում իրենց պրոֆեսիոնալ աշխատանքը, Թաթոյանն ասաց․ «Ես չեմ ուզում համեմատվել իմ աշխատանքի մեջ, ես որևէ մեկի հետ չեմ համեմատվում, խնդրում եմ ինձ չհամեմատել որևէ կառույցի հետ՝ հաշվի առնելով ոչ թե անձնական բնույթի հարցը, թեև դա էլ նշանակություն ունի, այլ հաշվի առնելով այս կառույցի սահմանադրական միջազգային կարգավիճակի առանձնահատկությունները»։

Մանրամասն՝ տեսանյութում։