Եվրոպացի պաշտոնյան Բաքվում օգտագործել է «պատերազմի փախստական» եզրույթը

Եվրոպացի պաշտոնյան Բաքվում օգտագործել է «պատերազմի փախստական» եզրույթը

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին ասել է, որ Բաքվում Ադրբեջանի պաշտոնյաների հետ քննարկել են «Լեռնային Ղարաբաղի հետհակամարտային ծրագիրն ու հետհակամարտային գաղափարները», որոնցում եվրոպական կողմն առաջարկել է իր աջակցությունը։

«Մենք քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հետհակամարտային ծրագիրը և հետհակամարտային գաղափարները [post-conflict plan and post-conflict ideas], որտեղ մենք առաջարկել ենք մեր աջակցությունը որպես Եվրոպական միություն՝ պատերազմի հետևանքները հաղթահարելու և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության նպատակով միասին աշխատելու համար: Մենք շատ կարևոր ենք համարում, որ մենք տեսել ենք երկուստեք կողմերից [Հայաստան և Ադրբեջան] առաջին հստակ ներգրավվածությունը, երբ գործը հասավ Վրաստանի օգնությամբ պատերազմի փախստականների [the war refugees] փոխանակմանը ականների քարտեզների հետ», - ասել է [08.07.2021] տարածաշրջանային ուղևորությամբ Բաքու այցելած Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար, հունգարացի գործիչ Օլիվեր Վարհելին լրագրողներին։

Եվրոպացի պաշտոնյան Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակումն իրականացնելու հարցում ողջունել է Վրաստանի կառավարությանը։ «Ես ողջունում եմ Վրաստանի վարչապետին [Իրակլի Ղարիբաշվիլիին] և Վրաստանի կառավարությանը, որ համոզեց երկու գործընկերներին այդ քայլը կատարել, և սա շատ հիմնարար քայլ է, որը մենք ողջունում և աջակցում ենք:

Մենք պատրաստ ենք մեր անունից ներդրում ունենալ այն ամենով, ինչով կարող ենք՝ ֆինանսապես կամ այլ կերպ, շարունակելու այս ուղին և սա իրականություն դարձնելու համար: Հետևաբար, Եվրոպական միությունն այստեղ է, հասանելի, մատչելի երկու կողմերի համար էլ, եթե դա օգտակար համարվի՝ օգնելու առաջ շարժվել և սկսել տարածաշրջանի վերակառուցումը», - հայտարարել է նա։ Իսկ թե ինչու է ԵՄ պաշտոնյան օգտագործել «հետհակամարտային» և «պատերազմի փախստական» եզրույթները, լրացուցիչ պարզաբանման հարց է։