Կեցցե տխրությունը. Պեդրո Ալմոդովարի օրագիրը՝ ինքնամեկուսացումից

Կեցցե տխրությունը. Պեդրո Ալմոդովարի օրագիրը՝ ինքնամեկուսացումից

30.03.2020: Երկար ճանապարհորդություն դեպի գիշեր: Մինչեւ հիմա խուսափում էի գրել: Չէի ուզում գրավոր արձանագրություն թողնել մեկուսացման առաջին օրերի զգացողություններիս մասին: Գուցե այն պատճառով, որ առաջին բանը, ինչ բացահայտեցի, այն էր, որ ինձ համար իրավիճակն այնքան էլ տարբեր չէ սովորականից, սովոր եմ միայնակ ապրել եւ համարյա նույն արտակարգ իրավիճակում. ուրախալի բացահայտում չէ: Առաջին ինն օրերին որեւէ գրառում չարեցի: Բայց այսօր առավոտյան մի լուր հրապարակվեց, որը կարծես սեւ հումորային ամսագրի վերնագրերից լիներ. «Սառցե պալատը վերափոխվում է եւ դառնում դիահերձարան»: Հնչում է իտալական Ջիալոյի տեսարանի նման, բայց սա տեղի է ունենում Մադրիդում. «Օրվա չարագույժ լուրերից մեկն է»:

Այսօր ես նշում եմ «աքսորիս» տասնմեկերորդ օրը, ինքնամեկուսացվեցի ուրբաթ օրը՝ մարտի 13-ին: Այդ ժամանակից ի վեր ապրում եմ վայրենու պես՝ կտուրից ընկնող լույսի թելադրող ռիթմով դիմակայելով գիշերվան, եւ մթությանը՝ պատուհանից: Գարուն է, եւ օրերն իսկապես գարնանային են: Դա յուրաքանչյուր օրվա հիանալի զգացողություններից մեկն է, մի բան, որի գոյության մասին մոռացել էի: Արեւային լույսը եւ դրա ճամփորդությունը մինչեւ գիշերվա գալը: Երկար ճանապարհորդություն դեպի գիշեր, բայց ոչ որպես ինչ-որ սարսափելի, այլ` երանելի բան (կամ համառում եմ այդպես՝ շեղվելով իրականության հոգեվարքից):

Ես դադարել եմ ժամացույցին նայել, նայում եմ միայն, որ իմանամ, թե քանի քայլ եմ արել իմ տան երկար կողմնային միջանցքում, որտեղ Ջուլիետա Սերանոն կշտամբում էր Անտոնիո Բանդերասին, որ վերջինս լավ որդի չի եղել՝ նկատի ունենալով ինձ: Դրսի մութը վկայում է գիշերվա ժամանումը, բայց ե՛ւ ցերեկը, ե՛ւ գիշերը առանց ժամանակացույցի են: Ես չեմ շտապում: Բոլոր օրերից այսօր՝ մարտի 23-ին, զգացողություններս ասում են, որ օրերն ավելի երկար են: Ավելի երկար եմ օրվա լույսը վայելում:

Դեռ առանձնապես տրամադրված չեմ, որ սկսեմ գրել գեղարվեստական գործեր. դա էլ կլինի, չնայած մտածում եմ տարբեր սյուժեների մասին, մի մասն էլ՝ ինտիմ բնույթի: Վստահ եմ, որ այս ամենի ավարտին բեյբի-բում կլինի, բայց նաեւ վստահ եմ, որ շատ փլուզումներ կլինեն. «դժոխքը մնացյալն է,- ասում է Սարտրը,- կլինեն զույգեր, որ ստիպված կլինեն միաժամանակ առերեսվել երկու իրավիճակների՝ փլուզում եւ ընտանիքի նոր անդամի ժամանում քանդված ընտանիք»:

Իրականությունն այս պահին ավելի հեշտ է ընկալել որպես ֆանտաստիկ սյուժե, քան որպես իրատեսական պատմվածքից դրվագ: Համաշխարհային եւ վիրուսային նոր իրավիճակը կարծես 50-ականների սառը պատերազմի տարիների գիտաֆանտաստիկ պատմություն լինի: Հակակոմունիստական քարոզչություն պարունակող սարսափ-ֆիլմեր, ամերիկյան B կարգի ֆիլմերից (ցածրաբյուջե ֆիլմեր Հոլիվուդյան Ոսկե դարաշրջանում, ծանոթագրությունը՝ թարգմանչի), ֆիլմեր, որոնք, ընդհանուր առմամբ, գերազանց էին, հատկապես Ռիչարդ Մեթիսոնի վեպերի հիման վրա նկարվածները՝ “The Incredible Shrinking Man”, “I Am Legend”, “Twilight zone”, չնայած դրանք արտադրողների չար մտադրություններին: 

Որոշում եմ մի զբաղմունք գտնել: Սովորաբար ես հանպատրաստից հորինում եմ (բայց սա հանգստյան օր չէ, մենության եւ մեկուսացման օրեր են): Հիմա կինոյի, հեռուստատեսային նորությունների եւ ընթերցանության ժամանակացույց եմ կազմում օրվա տարբեր ժամերի համար: Իմ տունը հաստատություն է, եւ ես՝ նրա միակ բնակիչը: Վերջերս նաեւ ֆիզիկական վարժություններ եմ անում տանը, մինչ այժմ չափազանց քայքայված էի, եւ միակ վարժությունը, որ անում էի, երկար միջանցքով քայլելն էր:

Ընտրում եմ ցերեկային ֆիլմը՝ Մելվիլի «Ոստիկանը», իսկ երեկոյի համար ընտրությունս անսպասելի կանգնում է Ջեյմս Բոնդի մասին պատմող «Գոլդֆինգեր»-ի վրա:  

…Մեկուսացման ժամանակահատվածի լավն այն է, որ շտապողականությունը վերացել է: Ճնշումն ու սթրեսն անհետանում են: Այո, ես գիտեմ, որ իրականությունն իմ պատուհաններից այն կողմ սարսափելի է եւ անորոշ, այդ իսկ պատճառով զարմանում եմ, որ չեմ նեղվում եւ ամուր եմ պահում վախն ու պարանոյան հաղթահարելու այս նոր զգացողությունը: Ես չեմ մտածում մահվան կամ մահացածների մասին:

Հիմնական զբաղմունքը, ինչը հիմա նաեւ նոր է ինձ համար (քանի որ հաղորդագրություններին չպատասխանելու կամ մասամբ պատասխանելու վատ սովորություն ունեմ), պատասխանել բոլոր նրանց, ովքեր ինձ են գրում, հետաքրքրվում են ինձնով եւ իմ ընտանիքով, որովհետեւ առաջին անգամ հարցադրումը ձեւական չէ, բառերն իմաստ ունեն: Պատասխանում եմ շատ լուրջ եւ ամեն երեկո մի անգամ եւս անցնում նրանց էջերով, որպեսզի իմանամ, թե ինչով են զբաղվում իմ ընտանիքն ու ընկերները:

Արդեն ուշ է, երբ ես դուրս եմ գալիս La 2-ից (իսպանական հեռուստաալիք, ծանոթագրությունը՝ թարգմանչի), մեկ է, կալանքի ժամկետը կլոր է, իսկ ես չէի ուզում վատ վարվել Ջեյմս Բոնդի հետ, չէի ուզում քնել, մինչեւ Շոն Քոններին խորտակի Մաքիավելիի ծրագրերը, ու Գոլդֆինգերը փրկի մեզ բոլորիս:

01.04.2020: Մադոննան եւ ես։ Երկուշաբթի երեկոյան, երբ հայտարարվեց ընթացիկ կարանտինը խստացնող նոր կանոնակարգերի մասին, ես սկսեցի զգալ կլաուստրոֆոբիայի առաջին ախտանիշները: Վերջերս դրանք հայտնվել են, ես երկար ժամանակ ունեցել եմ կլաուստրոֆոբիա եւ ագորաֆոբիա, դրանք երկու հակառակ պաթոլոգիա են, բայց իմ օրգանիզմը պարադոքսալ է, դա իր բնութագրերից մեկն է, այն միշտ էլ եղել է:

Այդ գիշեր ես արդեն գիտեի, որ փորձելու եմ դուրս գալ հաջորդ օրը, ինձ զգում էի, ինչպես մեկը, ով պատրաստվում է հանցագործություն կատարել եւ դա անում է նենգաբար: Նման էի մեկին, ով պատրաստվում է անձնատուր լինել արգելված հաճույքներին եւ ոչինչ չի կարող անել դրանից խուսափելու համար: Հնչում է էժանագին գրականության պես, այդպես է, ինքնամեկուսացման հետեւանքներից է:

Ես դա ծրագրեցի մինիմալ: Գնալու էի ուտելիք գնելու, իրական գնում եւ իրական կարիք, որովհետեւ մենակ եմ: Երեքշաբթի առավոտյան հագնվեցի՝ դուրս գալու համար, եւ զգացի, որ ինչ-որ բացառիկ բան եմ անում. հագնվել… Տասնյոթ օր առանց հագնվելու: Ես դա զգացի որպես շատ անձնական եւ շատ հատուկ մի բան: Եվ երբ «զգեստավորվեցի», մտքիս եկան դեպքեր, շատ կարեւոր պահեր ինձ համար, որ տպավորվել են: Հիշեցի, օրինակ, երբ 1980-ին Լոպե դե Ռուեդա փողոցում «զգեստավորվեցի», որպեսզի գնամ «Պեպի, Լյուսի, Բոմ»-ի պրեմիերային՝ «Պենյալվեր» կինոթատրոնում (Կոնդե դե Պենյալվեր փողոցի վրա): Չնայած վերաթողարկված ֆիլմ էր, ինձ համար կարծես պրեմիերա լիներ՝ Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնում: Առաջին անգամ էր, որ դիտում էի իմ ֆիլմը հանդիսատեսի հետ, առաջին անգամ էր, որ իրական կինոթատրոնում, կոմերցիոն շրջանակում, լեցուն դահլիճով, հանդիսատեսը վայելում էր շուրջ մեկուկես տարվա նկարահանումների ընթացքում իմ եւ իմ ընկերների ստեղծածը: Հիշում եմ, որ հագիս կարմիր ատլասե բաճկոն էր, որ գնել էի Լոնդոնում` Պորտոբելլոյից (Լոնդոնի ամենահայտնի շուկաներից մեկն է, ծանոթագրությունը՝ թարգմանչի):

…Հիշում եմ ոճաբան Անտոնիո Ալվարադոյի մանուշակագույն մետաքսե տոքսեդոն եւ փորվածքով կոշիկները, ինչպես հիմա անում է Լոբուտինը, որոնցով ներկայացա իմ առաջին «Օսկարի» արարողությանը՝ 1989-ին: Մենք չհաղթեցինք, Կարմեն Մաուրայի հետ իմ հարաբերությունները փշուր-փշուր եղան, բայց հիշում եմ, որ Լոս Անջելես այցը լի էր հիանալի իրադարձություններով:

…Արարողությանը հաջորդող օրը՝ առավոտյան, մի կին հեռաձայնեց հյուրանոց: Նա խոսում էր հետս՝ իբր պատկերացում չունենալով իմ վրա իր ասածի շլացուցիչ ազդեցությունից, բայց համոզված եմ՝ գիտեր այդ մասին. «Բարեւ, ես Մադոննան եմ, նկարահանում ենք Դիկ Թրեյսիին, եւ կցանկանայի քեզ ցույց տալ նկարահանման հրապարակը, այսօր ես նկարահանում չունեմ եւ կարող եմ օրը նվիրել քեզ»:

Եթե Մադոննան զանգահարում է քեզ, երբ դրա նախորդ օրն «Օսկար» չես շահել, նշանակում է՝ Material girl-ն անասելի մեծ հետաքրքրություն ունի քո անձի հանդեպ: 

Շատ չանցած, նորից հանդիպեցինք՝ նրա Blonde Ambition Tour-ի ընթացքում: Նրան հանդիպեցի Մադրիդում իր անցկացրած օրերի ընթացքում եւ նրա համար կազմակերպեցի մեծ ֆլամենկո երեկույթ` Լա Պոլակայի եւ վերջինիս ամուսնու՝ Էլ Պոլակայի հետ, «Փալաս» հյուրանոցում: Եկել էին Լոլեսը, Բիբին, բայց նա արդեն հասկացրել էր ինձ, որ ինձնից բացի միայն մեկ հյուր կար, ում հետաքրքրված էր հանդիպել՝ Անտոնիո Բանդերասը: Ես նրան խոստացա, որ Անտոնիոն այնտեղ կլինի, բայց չասացի, որ առանց կնոջ՝ Աննա Լեսայի, չեմ կարող նրան «բերել» (վերջինս երգչուհու մոլի երկրպագուն էր): Մադոննան ինքը որոշեց, թե ինչպես պետք է նստենք (իմ ընկերների եւ նրանց հետ պարողների համար մի քանի կլոր սեղան կար): Բնականաբար, նա նստած էր հիմնական սեղանի մոտ, աջից նստեցրեց ինձ, իսկ ձախից` Անտոնիոյին: Աննա Լեսային ուղարկեց այդ հսկա սրահի ամենահեռավոր սեղանի մոտ:

Բացի մեր երկուսից եւ, թերեւս, մի քիչ էլ Լա Պոլակայից, որը հրաշագեղ էր, Մադոննան ոչ ոքի ուշադրություն չէր դարձնում: Նրա թիմի անդամներից մեկն ուներ հիանալի տեսախցիկ՝ ամեն ինչ ձայնագրելու եւ «Հիշողություն ունենալու համար»,- ինչպես ինձ ասաց Մադոննան: Ինձ զարմացրեց, որ ֆոտոխցիկի կողքին կանգնած էր մեկ այլ տղա, որն էլեկտրոնային ֆլեշով էր աշխատում, առաջին անգամ էի էլեկտրոնային ֆլեշ տեսնում: Զարմացա, բայց լավ հյուրընկալողը հարցեր չի տալիս: Ես ստիպված էի թարգմանել Մադոննային. մի քանի հարցեր, որոնք նրան շատ էին հետաքրքրում Անտոնիոյի հետ կապված: 

Այդ պահին Անտոնիոյի կարիերան կայծակնային վերելքի շեմին էր: Ամերիկայում արդեն “Tie me up”-ի պրեմիերան եղել էր, եւ Անտոնիոն գերել էր քննադատներին ու Հոլիվուդը (եւ Մադոննային), բայց 1990-ի այդ գիշեր նա անգլերեն մի բառ չգիտեր: Ես սա ասում եմ ձեզ, քանի որ մեկ տարի անց տեսա, որ ֆիլմ է թողարկվում ՝ «Մադոննայի հետ անկողնում», եւ որ ֆիլմի մեծ մասը տեսագրվել է իմ՝ «Փալաս»-ի երեկույթում, Անտոնիոյի «հետապնդումը» կարեւոր սյուժետային գծերից մեկն էր, եւ, բնականաբար, Մադոննան տեղադրեց նաեւ, թե ինչպես մեկ նախադասությամբ ոչնչացրեց Աննա Լեսային:

Ընթրիքի ավարտին Աննան համարձակվեց գալ մեր սեղանի մոտ եւ քամահրանքով ասաց աստվածային շիկահերին. «Տեսնում եմ, որ ամուսինս դուրդ գալիս է, դա ինձ չի զարմացնում, նրան սիրում են բոլորը, բայց պետքս չէ, քանի որ ես շատ ժամանակակից եմ»: Ինչին Մադոննան պատասխանեց. «Չքվի´ր» (եթե այդքան ժամանակակից ես, չքվի´ր):

...17 օր բացարձակապես փակված լինելուց հետո դուրս եկա փողոց: Ես չէի ուզում բաց թողնել այն զգացողությունը, որն ունեի, եւ պատճառն իրական էր՝ մոտակա որեւէ մթերային խանութից սնունդ գնել: Զգացողությունը տարօրինակ էր. ահռելի խաղաղություն, լռություն եւ շատ հաճելի դատարկություն: Այդ պահին չէի մտածում մահացածների եւ վարակվածների մասին, ես գտա ինձ Մադրիդի չխմբագրված պատկերի եւ մի անսովոր իրավիճակի առաջ, որը դեռ չգիտեմ ինչպես որակել: Նախընտրում եմ չմտածել զոհերի մասին (այդքան էլ ճիշտ չէ, ես փորձում եմ օգնել իմ միջոցներով): Մենք բոլորս գիտենք սարսափելի թվերը, եւ ես գրել եմ սա, պարզապես այդ մասին մոռանալու համար սա թռիչքի մի ձեւ է դեպի առաջ: Եթե ես կանգ առնեմ իրականության առջեւ, կարծում եմ` կընկնեմ շանթահար: Չեմ ուզում:

06.04.2020: Այս վերջին օրերին արթնանում եմ առանց էներգիայի, կարծես մեկուսացումը եւս մի քանի շաբաթ կերկարի: Առաջին օրերի՝ «նորություն լինելու» զգացողությունն արդեն չկա: Ենթադրում եմ, որ սա վտանգներից մեկն է՝ հրաժարվել առօրյայից, եւ որ մի օրը հաջորդելու է մյուսին:

Ես սկսում եմ գրել առանց հավատքի եւ աննպատակ, մի փոքր հույսով, որ այս վարժանքն ինձ կօգնի փախչել մելանխոլիայից եւ տխրությունից, գոնե այն պասիվ տխրությունից, որը քեզ իջեցնում է բազմոցի առավել հարմարավետ անկյուն: Այսօր ես զգում եմ, որ տունը կլանում է իմ ամբողջ էներգիան, թողնում է ինձ անուժ՝ դեմառդեմ ցերեկվան ու գիշերվան: Հիմա հրաժարվել եմ սցենար գրելուց, թողնում եմ, որ նրանք հանգստանան, գեղարվեստական գրքերը նույնպես հանգստի կարիք ունեն. խաղաղվելու եւ հասունանալու բնական միջոց է:

11.04.2020. Կեցցե տխրությունը: Եվս մեկ տխուր օր, ես գլուխս չեմ բարձրացնում մինչեւ երեկոյան ժամը վեցը: Ինչո՞ւ այսօր եւ ոչ երեկ: Մթնոլորտային ճնշո՞ւմն է պատճառը, թե՞ որովհետեւ եւս մեկ անգամ ակնհայտ է, որ ԵՄ-ն չի գործում, երբ դա առավելագույնս անհրաժեշտ է: Որովհետեւ Սուրբ Հինգշաբթի է, եւ փողոցները դատարկ են առանց հավատացյալների եւ սրբերի՞, թե՞, որ երեկ չէ առաջին օրը մահացած 700-ի համեմատ երեկ մահացած 683-ը լավատեսական ցուցանիշ է:    

Մեր շրջապատում` կյանքի բացակայության պայմաններում, սկսում ես կարոտել տոնակատարությունները կամ իրադարձությունները, որոնց մինչ ինքնամեկուսացումը (թող ներեն ինձ հավատացյալները) ուշադրություն չէիր դարձնում, ինչպես Սուրբ Շաբաթվա զանգվածային երթերը: Չնայած ես ո՛չ հավատացյալ եմ, ո՛չ էլ կռապաշտ, բայց կարծում եմ, որ հաջորդ տարի կմասնակցեմ երթերին իմ գյուղում կամ Մալագայում, որտեղ շատ ավանդույթ կա:

…Մենք արդեն հրաժեշտ տվեցինք դատարկ փողոցներով Սուրբ Զատիկին, եւ այժմ մեզ սպասում են բազմաթիվ տոնակատարություններ, ամենայն հավանականությամբ՝ նույնպես ամայի փողոցներով: Չեմ հարմարվում դրան:

Ներկայացված է հատվածաբար
Թարգմանությունն իսպաներենից՝ Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ