Civic.am կայքի լրագրողից մինչև մարզպետի օգնական․ ովքեր են Գյումրու ավագանու ՔՊ-ական նոր անդամները

Civic.am կայքի լրագրողից մինչև մարզպետի օգնական․ ովքեր են Գյումրու ավագանու ՔՊ-ական նոր անդամները

Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էջից  տեղեկանում ենք, որ վաղաժամ  դադարեցվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու 5 անդամի լիզորություննեը։ Նրանք ավագանու այն անդամներն էին, ովքեր  պասիվ էին եւ հաճախ նիստերին չէին մասնակցում, ավելին, նրանցից մի քանիսը սկանդալային պատմությունների մեջ էին հայտնվել, ընդհուպ մինչև ձերբակալություն ։ Ինչևէ, համայնքապետարանը տեղեկացնում է, որ  դադարեցվել են  ավագանու անդամներ Հասմիկ Ստեփանյանի, Աղասի Մաթևոսյանի, Նիկոլայ Ղազարյանի, Հարություն Նիկողոսյանի, Երվանդ Խանամիրյանի լիազորություննեը։Նշենք, որ օրեր առաջ ՔՊ-ն նիստ էր  արել՝ Փաշինյանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել էր Գյումրու ՔՊ-ական ավագանիների հետագա գործունեության հարցը։

«Մենք կոալիցիոն հուշագիրը խզել ենք Բալասանյան դաշինքի հետ և հանդես ենք գալիս որպես արմատական ընդդիմադիր խմբակցություն: Հենց այդ տրամաբանության մեջ էլ որոշակի վերադասավորումներ ենք կատարել: Մենք մեր 11 մանդատով շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը»,- լրագրողներին նման պարզաբանում է  տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Գյումրու ավագանու ղեկավար Քնարիկ Հարությունյանը:

Ակնհայտ է, որ այս վերադասավորումներով ՔՊ-ն պատրաստվում է նոր ընտրությունների , կամ նոր ռեսուրսներ է կուտակում 2026 թ-ի ընտրություններին ընդառաջ:

Ուշագրավ է, թե ովքեր են փոխարինել  ավագանու վերը նշված 5 անդամներին: Նրանք են՝ Նարեկ Հովհաննեսի Բեգզադյանը, որը Գյումրու  ՔՊ-ական նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի օգնականն էր, մյուսը՝ Անժելա Գևորգի Մաթոսյանը, ով այժմ Շիրակի մարզպետի օգնականն է, ցանկում են գործարար Հայկ Ստեփանի Ստեփանյանը,  Civic.am կայքի լրագրող Վոլոդյա Գառնիկի Հակոբյանը եւ Պարգև Տիգրանի Գևորգյանը:

Հիշեցնենք, որ օրերս hraparak.am-ը անդրադարձել էր նաև Բալասանյան դաշինքի ներսում տեղի ունեցող իրադարձություններին՝ ըստ որի դաշինքի ներսում հաշտ չեն, նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը մտադիր է փոխել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին՝ այդ պաշտոնը հանձնելով զարմուհուն՝ փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանին: Ի դեպ, Բալասանյան դաշինքի ներսում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ թե ՔՊ-ական, եւ թե մյուս խմբակցությունների ավագանու անդամները հրաժարվեցին մեզ որևէ մեկնաբանություն տալ ՝ համարելով, որ դա այդ դաշինքի անդամների ներքին խնդիրն է: