Մանե Գրիգորյան. Ծովե պատանք

Մանե Գրիգորյան. Ծովե պատանք

սա փուշ չէ անատամ երախ է՝ մեռած ժանիք,
նա ինձ լուսանկար է ուղարկել գրությամբ՝
խաչը քեզ պահապան, 
ես ցուցամատս դնում եմ ցուցամատիս,
տես, թրերի այս բիրտ առճակատումը
որքան անփութորեն է պահպանում մարմինս,
ինձնից ծվեններ են մնացել,
եւ ամենեւին էլ ոչ բզկտված երկինք

- սա ելքի դուռն է, թե մուտքի, -
ասաց նա՝ անցնելով ոսկե երիզակապով
դռան միջով,
դե ուրեմն ֆաս, ռեմբո, ֆաս, 
խժռիր այս փքված ուրախության դուռը

խեղճ ռեմբո, նա կաղկանձեց եւ
շնչահեղձ թքեց ոսկե երիզակապը.
ոսկե երիզակապ էր սա, թե
մետաքսե ճանապարհ,
որի վրա ուղտերից զատ 
մարդիկ են ընկած

մինչ ամենակարեւորը գտնես 
պատերազմ կսկսվի,
նա կասի՝ իմ մեջ այնքան բան կա նրանից,
իմ քնքշությունը նրա անունը ունի,
ես չեմ հարցնի նրա անունը,
փոխարենը կթողնեմ, որ քնքշությունը,
հողին թափված արյան պես,
ներծծվի արմատումս

բայց դա այսօր, դա միայն այսօր,
իսկ երեկ գ.-ն՝
կանգնած քաղաքային աստիճանների ֆոնին,
ասում էր՝
երազանքս է ետ բերել հողերը ծովից-ծով
հայաստանի,
նա դա ասում էր ճիշտ այն պահին,
երբ իմ միակ երազանքն էր 
գեթ մեկ անգամ
մեռնել ա.-ի հայացքում,
որպեսզի հետո ամեն անգամ
մեկ այլ կնոջ նայելիս
նա իր հայացքի ջրերում զգար
դիիս չնվազող ծանրությունը 

ի վերջո, ծովից ծով հայաստան է սա,
թե ծովե պատանք է՝ հրաժեշտի ջուր

գ.-ն ջանասիրաբար հաղորդում է
նոր կառուցվող վերելակների մասին
ճիշտ այն օրերին,
երբ տներ են այրվում,
նա ասում  է՝ այսպիսի այգի
այսպիսի աննախադեպ շատրվանով
հայաստանը դեռ երբեք չէր ունեցել,
ոտքդ դնում ես սալիկին, եւ ջուրը
վայրկյանին, 
երբ ուշադրությունդ կգրավի մի հին միտք,
գաղտագողի ու հուժկու
կսթափեցնի քեզ

գ.-ն կլռի այն մասին,
որ ջուրը կսթափեցնի մեզ
հենց այն պահին,
երբ սարերը կծխան, 
ու կվառվեն անտառները՝ 
թաքստոցներ

ինչ-որ մեկը կարձագանքի գ.-ի լուրին,
նա կգրի՝
սա ջրցան մեքենա չէ, սա ջրցան սալիկ է,
օգտատերերը կհավանեն նրա միտքը,
ավելին՝ բոլորը կծիծաղեն
32 առողջ ու սպիտակ ատամով,
ու բոլորի աչքերը՝
ճմրթված լաթի կտորներ,
կարցունքոտվեն, անշուշտ ծիծաղից, սիրելիներս

գ.-ի սիրտը թաց ու ցուրտ օրերին արագ կբաբախի,
այդժամ նա իրենից անկախ կակնարկի
ցուցասալիկի մասին
ըստ որի երեւանյան իքս շենքում 
այսինչ այսինչյանն էր ապրում.
գուցե բանաստեղծ, սիրելիներս

իսկ մինչ այդ համլետյան կարեւոր
հարցադրումից ոչ պակաս կարեւոր
մի հարցադրում
կկլանի երիտասարդի միտքը՝
ի վերջո սա ելքի դուռն է, թե մուտքի

պարային շարժումում խճճված
նրա մատները,
օօօ՜, ինչ նախանձելի աբստրակցիա

դռնապանը դուռը կբացի իշուկ, խոհեմս,
դուռը, որը քեզ դուրս կհանի կմտցնի ներս

ասում եմ քեզ՝ 
այս չվերջացող ուրախությունը
իր ջղային-կայտառ մատներով 
մի օր կխեղդի քեզ,
ռունգերիցդ ծափ ու աղմուկ,
ծիծաղ ու պար կթափվի

մինչ ամենակարեւորը գտնես
պատերազմ կսկսվի,
մայրդ նորից լուսանկար կուղարկի
գրությամբ՝
խաչը քեզ պահապան,
ես ցուցամատս կդնեմ ցուցամատիս,
ես կծալեմ ցուցամատս,
տես, սա այլեւս թուր չէ, այլ կեռիկ

պատերազմի մասին երգեր կերգեն,
ու ճառեր կկարդան,
ու այնպիսի սրտառուչ բանաստեղծություններ
կգրեն,
որ կթվա՝ եղածը բնական աղետ է,
իսկ բնությանը մեղադրելը նույնքան անհեթեթ է,
որքան ամեն պատահած օձին ոտնակոխելը՝
հայհոյելով տխուր ավարտով
հայտնի հանդիպումը օձի եւ կնոջ

եւ ուրեմն սա փուշ չէ, անատամ երախ է՝ 
մեռած ժանիք, 
ինչ բարձր էին նրանք գոռում՝
տիկնայք եւ պարոնայք,
ընտրությունները կեղծված են,
հանուն մեր երեխաների,
մեր ապագան կորսված է, ոտքի´,
երբ հայրենիքը կորսվեց
նրանք, մի-մի բուդդա,
ծալապատիկ նստած,
խաղաղության մասին ֆիլմեր դիտեցին,
ու երգեր լսեցին,
ու գրքեր կարդացին,
ու նրանց սիրտը, ինչպես մաղվող ալյուր,
թնդագին ցնծաց,
որ այս ավերակների գլխավերեւում
արեւը շողում է գրեթե նույն ուժգնությամբ,
ինչպես անգլիայում, ինչպես ռուսաստանում,
եւ ինչպես եմենում, սիրելիներս

ինչ-որ մեկը նույնիսկ առաջարկեց
աժ օրակարգում քննարկել հարցը՝
արեւը կենսատու աղբյուր հայաստանում եւ արցախում.
մեկ մարդուն բաժին ընկնող շողերի քանակը

ի վերջո, ծովից ծով հայաստան է սա,
թե ծովե պատանք է՝ հրաժեշտի ջուր.
այս կեռիկը ոչ թուր է, ոչ խաչ.
սատանի եղունգ է անտաշ

մինչ ա.-ի հայացքի ջրերում կփտի դիս
պատերազմ կսկսվի,
դռնապանը 
քննությունները գերազանց հանձնած
երիտասարդի առջեւ
կբացի ելքի դուռը,
երիտասարդը դուրս գալով դռնով՝
ներս կմտնի տաղավար,
եւ, հայտնվելով լույսերի շրջապտույտում,
նա հանկարծ ցանկություն կունենա ճչալու

ճաղատ տղամարդը ցուցամատը կմոտեցնի
շրթունքներին,
նա կշշնջա՝
ձայնագրություն է, կամաց

կամաց կիջնի վարագույրը,
եւ կուլիսներում մի անդեմ կին՝
մեռած աչքերի համառությամբ,
երիտասարդին կտա նախապես
գրված տեքստը,
մեկ ուրիշը կհարդարի նրա մազերը,
եւ ներկաների անդեմ զանգվածը
անգամ չի նկատի,
թե ինչպես է դիմափոշու անթափանց
շերտը,
մաղվող ալյուրի զվարթությամբ,
ջնջում նորեկի դիմագծերը,
ճիշտ այնպես, ինչպես հողմն ու փոշին,
ցեխն ու արյունը
44 օր շարունակ 
ջնջեցին գծերը
սատուրնի եւ ապոլոնի,
մերկուրիի եւ յուպիտերի,
կյանքի եւ սրտի
 

Լուսանկարը` Մանե Գրիգորյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ