Հայաստանը չդարձնել գերտերությունների բախման գոտի

Մենք այս պահին ունենք մի կարեւոր նպատակ ու առաջնահերթություն՝ ՀՀ տարածքը գերտերությունների բախման գոտու չվերածել՝ ասում է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«Այնպիսի տպավորություն է, որ մենք 30 տարի որեւէ քայլ չանելով` ուղղված զարգացմանը, վատնելով այս 30 տարին, հիմա կարող ենք մի փոքր ընտրությունով՝ ԵԱՏՄ-ն փոխարինելով ԵՄ-ով, ՀԱՊԿ-ն փոխարինելով ՆԱՏՕ-ով, իբր փրկվել։ Այդպես չի լինում։ Մենք հիմա ունենք մեկ հիմնական խնդիր՝ թույլ չտալ, որ մեր տարածքը դառնա գերտերությունների բախման գոտի։ Իսկ եթե այս պահին միանգամից, կտրուկ գնանք վեկտորի փոփոխության, պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ն, որպես այդպիսին, կայացած կառույց չէ։ Մենք գործ ունենք Ռուսաստանի հետ, եւ ՀԱՊԿ-ն առանձին պետությունների համագործակցության ֆորմատ է, փաստացի, Ռուսաստանի հետ։ Արդյոք մենք կարո՞ղ ենք այս պահին Ռուսաստանի նման թշնամի կամ հակառակորդ ունենալ, կամ, ընդհանրապես, մեզ պե՞տք է, որ ինչ-որ մեկին թշնամացնենք մեզ հետ»,- ասում է Պետրոսյանը։ Նա կարծում է, որ այժմ մենք պետք է ամրացնենք մեր հարաբերությունները դաշնակիցների հետ, նոր դաշնակիցներ փնտրենք, հակառակը` մեզ համար անվտանգային սպառնալիք է։
Իրանն այս պահին բնական դաշնակից է Հայաստանի համար, այլ պետություններ եւս կարող ենք դիտարկել բնական դաշնակցի դերում, սակայն Իրանից հնչող հայտարարությունների հետ պետք չէ այդքան հույս կապել՝ հաշվի առնելով, որ գերտերությունները փորձում են Հայաստանի միջոցով Իրանին ներքաշել ռազմական ակտիվ գործողությունների մեջ։
«Այդ գործողությունները տեղի են ունենալու ՀՀ տարածքում։ Մենք մեր անհավասարակշիռ աշխարհաքաղաքական վարքով եւ մեր արտաքին քաղաքականության վեկտորով չպետք է նպաստենք, որ դա տեղի ունենա՝ սա չի բխում Հայաստանի Հանրապետության շահից»,-ասում է Պետրոսյանը։ Իսկ թե ինչ գործնական քայլեր կանի Իրանը, եթե խախտվի Հայաստանի սահմանը, ոչ ոք չի կարող ասել։ Վառ օրինակ են Չինաստանի իշխանությունների նախազգուշացումները, որոնք հայտարարում էին, որ եթե Նենսի Փելոսիի ինքնաթիռը վայրէջք կատարի Թայվանի օդանավակայանում, նրանք կոնկրետ գործողությունների կդիմեն, ինչը տեղի չունեցավ։
Քաղաքագետն այնքան էլ հակված չէ տեսակետին, որ հիմա նոր աշխարհակարգ է ձեւավորվում, կարծում է, որ ավելի շատ տեղի է ունենում հին աշխարհակարգի ամրապնդման գործընթաց, իսկ Միացյալ Նահանգներն իրականում շահագրգռված չէ Ռուսաստանի վերջնական տապալմամբ եւ մասնատմամբ։
«Իմ խորին համոզմամբ, ԱՄՆ-ն այս գործողություններով նախապատրաստվում է հետագայում Չինաստանի հետ բախման։ Հենց այս պատճառով խիստ անհրաժեշտ է, որ երկու կողմն էլ՝ ՌԴ-ն ու ԵՄ-ն, որքան էլ զարմանալի լինի, թուլանան եւ ուղիղ կախվածության մեջ լինեն ԱՄՆ-ից, որովհետեւ ցանկացած լուրջ ռազմական գործողությունից կամ բախումից առաջ մշտապես համակարգերը գնում են գերկենտրոնացման եւ շատ ազատությունների սահմանափակման, ինչպես մի պետություն երբ գնում է պատերազմի, խիստ սահմանափակում է քաղաքացիների ազատությունը եւ անցնում է շատ ուղղագիծ ու կենտրոնացված կառավարման»,- շեշտում է Պետրոսյանը։
1945-ից հետո ԱՄՆ-ն ջանք ու եռանդ չխնայեց, որ ոտքի կանգնեցնի Արեւմտյան Եվրոպան, իսկ ԽՍՀՄ-ը փորձում էր ոտքի կանգնեցնել Արեւելյան Եվրոպան։ Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպան բուֆերային գոտի էին ԽՍՀՄ-ի եւ Միացյալ Նահանգների համար։ Փաստացի, այսօր դա վերանում է՝ արդեն կա մեկ Եվրոպա, եւ կարելի է համարել, որ Միացյալ Նահանգներն ընդլայնվել է դեպի Արեւելք։
«Անգլոսաքսոնական գիտնական Դոմինիկ Մոյզին մի շատ հետաքրքիր առարկայական փաստարկ էր անում, որ եթե նախկինում կար 1 Արեւմուտք՝ 2 Եվրոպա, 2 Եվրոպա ասելով նկատի ուներ Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպաները, ապա հիմա կա 1 Եվրոպա՝ 2 Արեւմուտք: Այսինքն՝ ընդգծում է Եվրամիության սուբյեկտայնությունը, իսկ այդ սուբյեկտայնությունը խիստ վտանգավոր է ԱՄՆ-ի համար։ Ռազմական կամ, ընդհանրապես, խորքային բախման գնալու համար պետք է լինի խիստ կենտրոնացված կառավարում, եւ այս պետությունները պետք է ԱՄՆ-ի խիստ վերահսկողության տակ լինեն: Սա` ԵՄ-ի մասով։ Իսկ Ռուսաստանի մասով գիտենք, որ ՌԴ-ն Միացյալ Նահանգների համար միշտ դիտարկվել է որպես հանքահումքային ռեսուրս։ Բայց Ռուսաստանն ու ԵՄ-ն լինելու են բուֆերային գոտի՝ հետագայում այս բախման շրջանակներում»,- համոզված է քաղաքագետը։ Նա շեշտում է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունում ռազմավարական եւ տնտեսական հակառակորդը Չինաստանն է, եւ սկսել են այնտեղից դուրս բերել իրենց կապիտալը: Այսինքն՝ այսօր ապագա բախման նախապատրաստական փուլն է սկսվել, եւ սրա մեջ իրենց ուրույն տեղն ունեն Հնդկաստանը, Իրանը։ «Իսկ Հայաստանը որեւիցե ընտրություն անելու կարիք չունի՝ Հայաստանը պետք է ընտրի իրեն։ Պետք է քաջ գիտակցի, որ եթե ինքը որպես պետություն եւ պետականություն չկայացավ, չունեցավ կենսունակ քաղաքական համակարգ, որեւիցե բանի հավակնել չի կարող: Մենք չենք կարող հավատարմության երդում տալ ինչ-որ գերտերության, եւ միայն այդ երդման ու բարի կամքի հիման վրա որեւէ մեկն այդ անվտանգությունը երաշխավորի։ Առաջին հերթին պետք է լինի մեր կայացումը, մեր՝ ներսից առողջացումը, հետո` սեփական պետական շահի հստակ սահմանումը եւ համագործակցումը տարբեր բեւեռների հետ»,-եզրափակում է Սուրեն Պետրոսյանը։
Կարծիքներ