Ինչքան սատանաներին կհայտնաբերեք, այնքան էլ մեր տեղեկատվության աղբյուրը

Ինչքան սատանաներին կհայտնաբերեք, այնքան էլ մեր տեղեկատվության աղբյուրը

Մենք հույս ունեինք, որ այնուամենայնիվ Հատուկ քննչական ծառայությունում իրավաբանությունից հասկացող մի գրագետ մարդ կգտնվի, որը կասի՝ Սուրեն Պապիկյանի վերաբերյալ «Հրապարակի» հոդվածի առիթով չի կարելի քրեական գործ հարուցել, անհարմար է, փակեք այդ պատմությունը։ Բայց իրավաբանությունից ու իրավագիտակցությունից հեռու մեր իրավապահներից պետք չէ իրավական մտածողություն ակնկալել։ Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «հարուցվել է քրեական գործ` անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ»։


Ըստ այդմ․ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ և 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով` պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն»:

ՀԳ Եթե իրավապահները պարապ են մնացել եւ որոշել են զբաղվել լրատվական աղբյուրները պարզելով եւ «սատանաներ» կամ «սեւազգեստներ» փնտրելով, անշուշտ, որեւէ արգելք դրա համար չկա։ Բայց կարող ենք կանխատեսել, որ 
1. Այդ փնտրտուքը, ինչպես եւ սատանաների փնտրտուքը, որեւէ արդյունք չի տալու։ Չկա պաշտոնատար անձ, որը «ապօրինի տեղեկություններ է հավաքել եւ տարածել»։
2. Մենք մեր աղբյուրները չենք բացահայտելու՝ ՀՔԾ չէ, անգամ «սեւազգեստ սատանաների» մի ամբողջ գումարտակ զբաղվի այդ գործով։
3. Այս եւ նման քրգործերի արդյունքում հերթական անգամ հայտնվելու եք միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում՝ որպես խոսքի ազատության նկատմամբ ճնշումներ իրագործող իշխանություն։