Եթե իշխանությունը չի անում, պետք է հանրությունն անի

Եթե իշխանությունը չի անում, պետք է հանրությունն անի

Հայաստանն ինչ քայլեր կարող է ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի՝ պատերազմական հանցագործությունների հայցով միջազգային դատարան դիմելու առումով։

«Հրապարակի» հետ զրույցում ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն ասում է․«Այսօր մենք, փաստորեն, գործ ունենք արցախցիների հայրենազրկման հետ, գործ ունենք Հայաստանի շուրջ մեծ վտանգի հետ։ Այնպիսի վտանգ, որն ինձ հիշեցնում է նախորդ դարի 18-20 թվականները։ Այսինքն՝ դա հիբրիդային ցեղասպանական գործողությունների նման մի բան է։ Եվ դու այս ժամանակ ոչ թե կարող ես, այլ պարտավոր ես ավելի ակտիվ գործողությունների։ Ես էլի եմ ասել՝ հիմա պետք է իրավաբանների մի հզոր բանակ աշխատեր․ թե՛ միջազգային հարաբերությունների մասնագետներ, թե՛ դիվանագետներ։

Պատահական չեմ ընդգծում, որ տարբեր ուղղություններով տարբեր հմտություններ ունեցող անձինք են և այստեղ հնարավոր չէ առանց դաշնակից փնտրելու, առանց միջազգային հաստատությունների հետ սերտ կապեր հաստատելու, առանց միջազգային մարդասիրական իրավունքի խորքային իմացության»։

ՀՀ առաջին օմբուդսմենն ասում է՝ շատ քիչ է այն, որ մեր համապատասխան մարմինները քրեական գործեր են բացում, հայտարարում հետախուզում՝ ադրբեջանցի պաշտոնյաների ու գործիչների նկատմամբ։

Ավելացնում է․ «Այնպես չէ, որ բոլոր պետությունները, այդ թվում՝ եվրոպական, հլու-հնազանդ համաձայնվում են Թուրքիայի ու Ադրբեջանի արածի հետ։ Բայց իրենք չէ, որ պետք է նախաձեռնողը լինեն։ Իրենք նախաձեռնողը չեն լինելու այնքան ժամանակ, մինչև թուրքը կամ ադրբեջանցին չգա, իրենց դուռը չծեծի։ Իրենց վրա այդ վտանգը չլինի։ Դրա համար, նախաձեռնողը մեր կողմը պետք է լինի»։

Եվ այստեղ է, որ շատ մեծ է սփյուռքի դերը։ «Ես շատ բարձր կարծիք ունեմ Սփյուռքի մասնագետների մասին, սփյուռքում կա ոչ միայն բարձր, պրոֆեսիոնալ ու սրտացավ մասնագետների այն խավը, որին պետք է շնորհակալ լինենք այդ մասսայական ակցիաները կազմակերպելու համար, բայց կան այպիսի խմբեր, որոնց գրեթե չենք ընդգրկել։ Դրանք մասնագիտական խմբեր են, քաղաքական, լոբբիստական խմբեր, իրավաբաններ։ Մենք սփյուռքում՝ ամենահզոր պետություններում բազմաթիվ հայրենակիցներ ունենք, որոնք կարող են կամ խորհրդատվական կամ հենց ներսում օգնություն ցույց տալու աշխատանքներ իրականացնել։ Մենք չենք կարող այսպես պարփակված մնալ ու ոչնչի չենք հասնի, եթե այդպես մնանք»,-ասում է իրավապաշտպանը։
Նաև՝ պետք է հասկանալ՝ իշխանությունները չե՞ն հասկանում, որ չեն անում, չարամտորե՞ն չեն անում, եթե այդպես է, ապա դա պետք է անի հանրությունը։

Պատասխանելով հարցի մյուս մասին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց՝ թե՛ ՄԱԿ-ը, թե՛ Եվրոպայի խորհուրդը վերջին տարիներին մշակել են մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հանրությանը դիմել ՄԱԿ-ին նման հարցերով և այս կառույցը պարտավոր է պատասխանել ու դրանք դնել քննարկման։ «Ես կարծում եմ՝ այդ շտեմարանը մենք ևս չենք օգտագործել, այդ գործիքակազմը, և այս ամենն իր վրա պետք է վերցնի հանրությունը։ Դեռ 90-ականներին ես շրջանառության մեջ դրել եմ տխուր մի արտահայտություն։ Ասել եմ՝ եթե չի ստացվում շնորհիվ իշխանության, պետք է անենք ի հեճուկս»