Կհեռացվի՞ արդյոք պաշտոնից «ռազբիրատը» նախաձեռնած փոխնախարարը

Կհեռացվի՞ արդյոք պաշտոնից «ռազբիրատը» նախաձեռնած փոխնախարարը

Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարության շուրջ վերջին օրերին սկանդալային զարգացումները շարունակվում են: Ամեն ինչ սկսվեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի աշխատանքից ազատվելուց,  Գոգյանը տեղեկացրեց, որ ազատման դիմում է գրել՝ նշելով, որ Հայաստանում լայն տարածում ունի ակադեմիական գրագողությունը, իսկ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ: «Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն»։

Սակայն դիմումի պատճառները սրանով չեն սահմանափակվում, մեկն էլ հովանավորչության ինստիտուտի շարունակությունն է: Գոգյանը հայտարարեց, որ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսությունում առկա են արտագրություններ, բայց ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հովանավորչության շնորհիվ նա զբաղեցնում է այդ պաշտոնը։
«Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև»,-  վերջնագրի լեզվով խոսեց ԲՈԿ դեռեւս գործող նախագահը: Այս հայտարարությունն անհետեւանք չմնաց, 2 օր առաջ մենք տեղեկացրել էինք, որ փոխնախարար Թամրազյանը «ռազբիրատի» է կանչել Գոգյանին, որ նա համարձակվել է Գալոյանի եւ իր մասին խոսել: Թամրազյանը մի քանի տղաների հետ հրավիրել է Գոգյանին «զրուցելու»։ Գոգյանն, ով ըստ ականատեսների, երկու ամսական երեխային գրկած եկել է ժամադրության վայր, ստիպված է եղել կանգնել ու լսել ԿԳՄՍ փոխնախարարին: Ի դեպ, Գոգյանը մեզ հետ զրույցում չէր հերքել միջադեպը, բայց չէր մանրամասնել, թե ինչ են «զրուցել»: Այդ ամենից հետո Գրիշա Թամրազյանը կանչվել է ԱԱԾ, իհարկե,նա լրատվամիջոցներին փոխանցել է, որ ԱԱԾ կանչվելու պատճառների մասին կխոսի ավելի ուշ, բայց մեր աղբյուրները փոխանցում են, որ ԱԱԾ-ում «հյուրընկալությունը» եղել է Գոգյանի հայտարարության եւ «ռազբիրատի» հետքերով: 

Նախարարության կեղտոտ լվացքը բացահայտելուց հետո ասում են՝ ոչ միայն գերատեսչությունում, այլեւ ողջ ոլորտը բանակների է բաժանվել՝ մարդիկ, որոնք դժգոհ են նախարարից եւ պատրաստ են մինչեւ վերջ պայքարել, միայն թե վերջ դրվի Արայիկ Հարությունյան-Գրիշա Թամրազյան տանդեմին, որոնք ոմանց կարծիքով՝ ոլորտից հեռու են այնքան, որքան խոզը տուռնիկից: Ի դեպ, նախարարությունում շատերն են Թամրազյանին վերաբերվում որպես դե ֆակտո նախարարի՝ Արայիկ Հարությունյանը նրա վրա է դրել բոլոր հարցերը կարգավորելու գործը, պատմում են, որ անցած տարի հուլիսին Թամրազյանը <պատժել> է նաեւ փոխնախարար Արա Խզմալյանին, ում հետ կապ հաստատել երեկ չհաջողվեց: 

ԿԳՄՍ-ի շուրջ ստեղծված աղմուկն առաջիկա օրերին նոր թափ կստանա. հարցը կքննարկվի խորհրդարանում։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ով շատ սուր կոնֆլիկտ ունի Արայիկ Հարությունյանի հետ, օգտվելով այս առիթից նախաձեռնել է մայիսի 25-ին՝ ժամը 12։00-ին թեմայի շուրջ հանձնաժողովի արտահերթ նիստ՝ հրավիրված են նաեւ Սմբատ Գոգյանն ու Գրիշա Թամրազյանը: Արայիկ Հարությունյան-Մխիթար Հայրապետյան գզվռտոցները դուրս են եկել ՔՊ շրջանակներից՝ ՔՊ վերջին նիստերից մեկի ժամանակ Մխիթար Հայրապետյանը պահանջել է, որ նախարարը հեռացվի պաշտոնից։

Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում չէր հերքել դա, ասելով միայն՝  եթե կա տարաձայնություն, ապա դա կապված է իրենց ոլորտում առկա քննարկումների հետ: Թե որ կողմին է պահելու Նիկոլ Փաշինյանը, հարցի պատասխանը միանշանակ չէ: Մինչեւ երկու օր առաջ կառավարության մեր աղբյուրներն ասում էին, որ Փաշինյանը չի պատրաստվում ստորագրել Գոգյանի ազատման դիմումը, ավելին՝ Փաշինյանը Գոգյանին հրավիրել է զրույցի՝ պարզաբանումներ լսելու իր հայտարարության վերաբերյալ, հանդիպումը, սակայն, չի կայացել: Բայց այն պահից, երբ փոխնախարարի տղայական պահվածքի մասին ինֆորմացիան հասել է մամուլին եւ հանրությունը տեսել է իշխանության կրողների իրական դեմքը, բարձր օղակներում կարծես թե իրավիճակ է փոխվել, նրանք արտահոսքի համար կասկածում են Գոգյանին եւ չի բացառվում, որ գերադասեն ներել մարդկանց, ովքեր գրագողերի հովանավորներն են, բայց խոհանոցը բացողները՝ չեն ներցի։ Գոգյանը, որը հանդգնել է թիմակիցների ամբարտավան պահվածքի մասին բարձրաձայնել, պետք է ցուցադրաբար հեռացվի՝ ի տես բոլորի: