Զելենսկին կպարտվի ընտրություններում, եթե Զալուժնին դառնա նրա մրցակիցը․ The Economist

Զելենսկին կպարտվի ընտրություններում, եթե Զալուժնին դառնա նրա մրցակիցը․ The Economist

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտնվեցին մի կոնֆլիկտի մեջ, որը կանխատեսելի էր և պայմանավորված էր այս ամառ հակահարձակման ձախողմամբ։ Այս մասին The Economist ամսագրին հայտնել է երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։

Աղբյուրի համաձայն՝ կառավարությունում շատերը համաձայն են Զալուժնիի հետ, ով Զելենսկու դիրքորոշմանը հակասող կարծիք է հայտնում։ Ընդհանրապես, վերջին շրջանում մամուլում, այդ թվում՝ արևմտյան, շատ է խոսվում երկու գործիչների մրցակցության ու լուրջ տարաձայնությունների մասին։

Թեև Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը դեռևս քաղաքական հավակնություններ չի դրսևորել, հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ նոյեմբերի կեսերին նրա նկատմամբ վստահությունը երկու անգամ ավելի է եղել, քան Զելենսկու նկատմամբ վստահությունը (70 տոկոս՝ 32 տոկոսի դիմաց): 

The Economist-ը կարծում է, որ Զելենսկին կարող է պարտվել նախագահական ընտրություններում, եթե Զալուժնին դառնա նրա մրցակիցը։

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, թե զինվորականների մեծագույն սխալը կլինի զբաղվել քաղաքականությամբ՝ ամենայն հավանականությամբ ակնարկելով Զալուժնիին։ Միաժամանակ նա գրեթե բացառել է պատերազմի պայմաններում նոր ընտրությունների անցկացումը, թեպետ նրա այս որոշումը շատերը համարում են ապահովագրում հնարավոր պարտությունից։