«Սիստեմա»-ն Ռոբերտ Քոչարյանին առաջարկում է դառնալ ՏԽ անդամ

«Սիստեմա»-ն Ռոբերտ Քոչարյանին առաջարկում է դառնալ ՏԽ անդամ

«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան տնօրենների խորհրդի կազմում՝ որպես անկախ տնօրեն, առաջարկել է ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ըստ «Արմենպրեսի»՝ տնօրենների խորհրդի կազմը կհաստատվի հունիսի 29-ին՝ բաժնետերերի տարեկան ամենամյա ժողովում։ Տնօրենների խորհրդի կազմի թեկնածությունների հարցը նախապես քննարկել եւ երաշխավորել է տնօրենների խորհրդի նշանակումների, պարգեւատրումների եւ կորպորատիվ կառավարման կոմիտեն։ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։ 

Հանգամանքը, որ ռուսական խոշորագույն կորպորացիաներից մեկը Քոչարյանին նման առաջարկ է անում անմիջապես բանտից նրա ազատվելուց հետո ու վերջինիս անձի շուրջ բարձրացած աղմուկի ֆոնին, պատահական լինել չի կարող: Ակնհայտ է, որ այդ կորպորացիայի որոշումներն ամբողջությամբ թելադրում եւ հրահանգում է Կրեմլը: Այն, որ «Սիստեման» Քոչարյանին նման առաջարկ է անում ճիշտ այն ժամանակ, երբ վերջինիս անվան շուրջ ծավալված աղմուկը ոչ միայն չի հանդարտվել, այլեւ, ըստ ամենայնի, դեռ երկար կշարունակվի, հիմք է տալիս ենթադրելու, որ Քոչարյանը շարունակում է մնալ մոսկովյան իշխանության սիրելին՝ վայելելով այդ իշխանության միանշանակ ու արդեն բացահայտ աջակցությունը: Այս համատեքստում ավելորդ չէ հիշել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տարբեր առիթներով Քոչարյանին հղած շնորհավորանքները: Պատկերը գալիս է լրացնելու վերջին շրջանում ռուսաստանյան լրատվամիջոցներում բարձրացած աղմուկը, որով փորձ էր արվում Քոչարյանին ներկայացնել որպես ո՛չ ավել-ո՛չ պակաս՝ քաղբանտարկյալ:  

Այսպիսով, կարելի է բխեցնել, որ Մոսկվան չի դադարում Քոչարյանին ընկալել որպես իրեն հավատարիմ գործիչ ու թերեւս նրա անձի հետ առաջիկա ինչ-ինչ քայլերի հետ կապված հույսեր է կապում: Դա էլ իր հերթին նշանակում է, որ չնայած վարչապետ Փաշինյանի տված հավատարմության հավաստիացումներին, Ռուսաստանը նրա հետ հույսեր չի կապում: Այն, որ «Սիստեման» քրեական պատմությունների «հերոս» դարձած Քոչարյանին նման առաջարկ է անում անմիջապես նրա՝ բանտից դուրս գալուց հետո, նման ենթադրությունը հաստատող բավականին թափանցիկ ակնարկ է:

Ակնհայտ է, որ եթե այս առաջարկությունն ընդունվի, եւ Քոչարյանը դարձյալ ընդգրկվի «Սիստեմա» բաժնետիրական կորպորացիայի տնօրենների խորհրդում, նրա նկատմամբ հետագա քրեական հետապնդման իրականացումն ավելի է բարդանալու: Այն կարող է անգամ հանգեցնել Երեւան-Մոսկվա հարաբերությունների զգալի վատթարացման: Եվ այսպես՝ ռուսական կողը հերթական անգամ հասկացնում է, որ մինչեւ վերջ կանգնելու է Ռոբերտ Քոչարյանի կողքին, ինչը Հայաստանի «թավշյա» իշխանություններին մտորելու եւ մտահոգվելու առատ նյութ պետք է տա:

Դավիթ ԶԱՎՅԱՆ