Նազարբաևյան էպոխան ավարտվեց, և դա ձեռնտու է Հայաստանին

Նազարբաևյան էպոխան ավարտվեց, և դա ձեռնտու է Հայաստանին

Մինչ Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարականի շուրջ Հայաստանում մեկնաբանում են, թե Նազարբաեւի էպոխան չի ավարտվել, ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ լավ էլ իրավիճա՛կ է փոխվել։ Մեզ հետ զրույցում Տարասովն ասում է․ «Պետք է հաշվի առնել որոշ նյուանսներ, այնուամենայնիվ, Ալիեւ-Նազարբաեւ տանդեմը եւ Նազարբաեւի հեռացումը, անշուշտ, ուժեղացնում է Հայաստանի դիրքերը։ Նիկոլ Փաշինյանն էլ բավականաչափ գրագետ վարվեց, զանգեց իրեն, ռեւերանս արեց։ Եվ ամենակարեւորը՝ սրանից հետո Հայաստանը գրագետ կերպով կկարգավորի իր հարաբերությունները միության երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ»։ 
Քաղաքագետի գնահատմամբ, Հայաստանի համար ծագել է Ղազախստանի հետ առավել ազնիվ երկկողմ հարաբերությունների հնարավորություն։ Հիշեցնենք, որ հետխորհրդային երկրների ղեկավարներից ամենաերկարակյաց ղեկավարի՝ Ղազախստանի 1-ին նախագահի շուրջ հետխորհրդային երկրների ավագ սերնդի մոտ, որը կարոտախտ ունի սովետի նկատմամբ, կա Նազարբաեւի մասին միգուցե ավտորիտար եւ խիստ, բայց բարի, իմաստուն ու իր ժողովրդի մասին մտածող «թագավորի» ասոցիացիա։

Առավել սթափ հայացք ունեցողները Նազարբաեւի իշխանությունը եւ դրա անցումային փուլը համեմատում են Չինաստանում Դեն Սյաոպինի տարիների հետ, ով իշխանության էր եկել Մաոյի մահից անմիջապես հետո, բայց իր երկարատեւ իշխանության տարիներին դարձավ բարեփոխիչ եւ ապահովեց Չինաստանի ցայսօր պահպանվող տնտեսական աճն ու ակտիվությունը։ Մեր քաղաքական վերլուծաբաններից շատերն էլ հակված են մտածելու, որ Նազարբաեւը չի հեռացել։ Մեզ հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը, օրինակ, ասաց․ «Ըստ իս՝ մինչեւ իր իրավահաջորդին նախագահ դարձնելը նա կշարունակի երկիրը կառավարել, դրանից հետո էլի կօգնի երկիրը կառավարելու գործում։ Եվ քաղաքական առումով էլ Ղազախստանը կշարունակի իր ավելի շատ պանթուրքիստական քաղաքականությունը՝ քաղաքական ու տնտեսական առումներով նախապատվություն տալով Ադրբեջանին։

Իրականում Նազարբաեւը, լինելով շատ խելացի մարդ, շատ լավ հասկանում է, որ եթե հիմա իշխանափոխության անցումային գործընթացը չսկսեր, ապա կարող է իր մահից հետո երկրում սկսվեր ներքաղաքական պայքար ու անգամ՝ քաղաքացիական պատերազմ, ինչը որ լինում է ավտորիտար երկրները երկար ժամանակ կառավարած առաջնորդների մահից հետո»։ Այլկերպ է մտածում Ստանիսլավ Տարասովը՝ նշելով, որ Նուրսուլթանի մակարդակի աքսակալի հեռացումը, եթե անգամ դա լիակատար հեռացում չէ, այլ ստվերային կառավարման անցնել է, այնուամենայնիվ, այն իշխանությունը չէ, ինչ նախկինում էր։ «Չեմ կարծում, որ նոր նախագահի քաղաքականությունն ամբողջովին փոխվելու է, բայց ինչ-որ նոր մանրուքներ ղազախական նոր քաղաքականության մեջ կլինեն։ Իհարկե, նոր նախագահը չի շրջանցելու Նազարբաեւի առաջադրած թյուրքական խնդիրները, բայց արտաքին քաղաքականության նոր ուղղություն է լինելու, որը պետք է որ ձեռնտու լինի Հայաստանի համար»,- վստահեցնում է Ստանիսլավ Տարասովը։ 

Ղազախստանի խորհրդարանի սենատի վերին պալատի խոսնակ Դարիգա Նազարբաեւան, ինչպես հայտնի է, շատ լավ հարաբերություններ ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Արդյոք սա կնպաստի՞, որ Արմեն Սարգսյանն ավելի շահեկան վիճակում հայտնվի։ Ստանիսլավ Տարասովն այդպես չի կարծում։ «Նման խորը, ըստ իս, արհեստական սխեմաների վերաբերյալ դեռ պատրաստ չեմ մեկնաբանություններ անել, նույնը՝ Ծառուկյան-Լուկաշենկո հարաբերությունների։ Նախ՝ նրա աղջիկը սենատոր է, իրավահաջորդ չէ, եթե ուզենար Դարիգային դարձնել իրավահաջորդ, դա կաներ այլ ընթացակարգերով, այլ խողովակներով։ Եվ երկրորդ․ որքան էլ հայերը հեռատես լինեն՝ աղջիկների, զարմիկների, թոռների հետ կապեր ունենան, այնուամենայնիվ, պետության գլուխը հատուկ կարգավիճակ է, եւ ոչ մի օլիգարխ, եթե անգամ նա Գագիկ Ծառուկյանի չափ հարուստ է, չունի այն լիազորությունները, ինչ պետության 1-ին դեմքը»,- ամփոփեց Ստանիսլավ Տարասովը։ Նաեւ նա ԵԱՏՄ-ՀԱՊԿ տիրույթներում այս փոփոխությունների արդյունքում նոր անդրկուլիսյան քայլեր ղազախական կողմից չի սպասում։