Փաշինյանի ամենակարեւոր արժանիքը

Փաշինյանի ամենակարեւոր արժանիքը
Նիկոլ Փաշինյան

Երեկ՝ ապրիլի 26-ին, ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում նշվում էր ՀՀ սահմանապահի օրը։ Միջոցառմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով բավականին գեղեցիկ ու ինքնաբուխ ելույթ ունեցավ։ Համենայնդեպս՝ թղթից չէր կարդում, ինչպես դա անում էր, օրինակ, Սերժ Սարգսյանը, եւ ակնհայտ էր, որ ելույթում բացառապես իր մտքերն էին, ոչ թե սպիչրայթերի գրած տեքստից անգիր արած ելույթ։

Եվ սա Նիկոլ Փաշինյանի թերեւս ամենայուրօրինակ ու գնահատելի արժանիքներից է՝ որպես երկրի ղեկավար, գրագետ ու անկեղծ ելույթներ ունենալը։ Անկախ Փաշինյանի վարած քաղաքականությունից ու թույլ տված սխալներից, որոնք այս ամիսներին պարբերաբար քննադատության են ենթարկվում, անկախ նրա տված չկատարած խոստումներից կամ իրարամերժ հայտարարություններից, միեւնույն է՝ հաճելի է տեսնել, թե ինչպես է երկրիդ առաջնորդը ցանկացած թեմայով ելույթ ունենում հանպատրաստից, իր խոսքը կառուցում գեղարվեստորեն եւ ստեղծագործաբար։ Փաշինյանի այս շնորհը հատկապես ընդգծվում է Սերժ Սարգսյանի կցկտուր խոսքի ֆոնին, ով գրեթե երբեք սեփական մտքերով հանդես չէր գալիս՝ նրա համար հատուկ ելույթներ էին գրում, որ հանկարծ մի տառի կամ բառի շեղում չունենա ու կիքս չթողնի։ Իսկ Փաշինյանը՝ որպես գրող, ստեղծագործող ու լրագրող վարչապետ, դրա խնդիրը չունի։ Նրա մոտ ելույթները, ինչ խոսք, լավ են ստացվում։ Մյուս ամենակարեւոր արժանիքն ու դրական կողմն էլ այն է, որ Փաշինյանը, դարձյալ ի տարբերություն Սերժ Սարգսյանի, գրեթե երբեք չի խուսափում շփվել լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին, ընդ որում՝ ամենատհաճ հարցին էլ պատասխանում է հարգանքով, առանց վիրավորելու, հիմնականում առանց մուննաթի ու հեգնանքի։

Ահա նրա ելույթից մի հատված․ «Սահմանը, ընդհանրապես, ամենախորհրդավոր երեւույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ կամ գոյություն ունի: Ընդամենը մի գիծ, որից այն կողմ, թեկուզ մեկ մետր այն կողմ զգում ես տնից հեռու, եւ որից ընդամենը մեկ սանտիմետր այս կողմ զգում ես ինչպես տանը: Հայաստանի Հանրապետություն ասելով՝ առաջին հերթին մենք նկատի ունենք մեր սահմանները, որովհետեւ այդ սահմաններով է տեղորոշվում մեր տեղը Երկիր մոլորակի վրա, մեր տեղն արեւի տակ, մեր ապագան եւ անցյալի մասին մեր պատկերացումը»։

Ապա շնորհակալություն հայտնեց սահմանապահներին՝ իրենց ծառայության համար, չշրջանցելով նաեւ ռուս սահմանապահներին․ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին՝ ՀՀ սահմանի իրենց վստահված հատվածի պաշտպանության համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերի ծառայողներին՝ իրենց վստահված սահմանի պահպանության համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին՝ ՀՀ պետական սահմանի իրենց վստահված հատվածի պահպանության համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել սահմանապահ գյուղերի բնակիչներին՝ իրենց սահմանը պահպանելու, ապրեցնելու եւ իրենց սահմանն ամուր պահելու համար»։

Միջոցառման ավարտին Փաշինյանը չխուսափեց նաեւ լրագրողների հարցերից։ Մենք դարձյալ նրան հիշեցրինք իր տված ու չկատարած խոստումների մասին, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը թվարկեց այն դրական քայլերը, որ կատարվել են իր պաշտոնավարման ամիսներին։ «Մենք էսօր վստահ ենք, որ Հայաստանում 40 միլիարդ դրամով առնվազն պետական բյուջեի եկամտային մասը գերակատարելու ենք, մենք ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու ենք, զինվորների աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրանում է, սահմանապահ զորքերի, ԱԱԾ-ի, ոստիկանության աշխատավարձերն արդեն բարձրացել են, 205 հազար մարդու աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրացել է, բուժաշխատողների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացել է, 85 հազար մարդու նպաստը եւ թոշակը բարձրանում են էնքան, որ ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ժողովրդավարական չափանիշներին աներկբայորեն համապատասխանող ընտրություններ։ Հայաստանի Հանրապետությունում մուտքի շուկայի որեւէ արգելք չկա։ Ավելի՞ն եք ակնկալում։ Ճիշտ եք անում, որ ավելին եք ակնկալում, եւ ավելին կլինի»,- վերջում նորից խոստացավ Փաշինյանը։

Ի դեպ, այս օրերին շատ է խոսվում, որ Փաշինյանի երբեմնի բարձր վարկանիշն ընկել է, եւ դա պայմանավորում են նրա տված ու չկատարած խոստումներով, նաեւ այլ հանգամանքներով։ Մեր հարցին, թե ինչ է կարծում՝ այս մեկ տարվա ընթացքում իր վարկանիշն ընկե՞լ է, թե՞ բարձրացել, Փաշինյանն ուղիղ չպատասխանեց․ «Գիտե՞ք, ես էդ հարցին անդրադարձել եմ, ես չեմ ուզում մտնել էդ բանավեճի մեջ, բայց ով որ ուզում է էդ հարցի պատասխանն ստանա, ես ժամանակ առ ժամանակ Երեւանի փողոցներով քայլում եմ, կարող են գալ, հետեւել, տեսնել՝ իմ վարկանիշն ընկե՞լ է, թե՞ բարձրացել»։ Բայց եթե փողոցում քայլելիս մարդկանց բարեւելու, ողջունելու, քծնելու ցուցանիշներով ես չափում ռեյտինգդ, ապա երբեք չես արձանագրի դրա նվազումը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ