Նախարարի մասին ՀՀԿ-ականի ձոնը

Նախարարի մասին ՀՀԿ-ականի ձոնը
Սուրեն Պապիկյան

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը նշանակումներ է արել կառավարությունում եւ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարի պաշտոնում վերանշանակվել է նաեւ Սուրեն Պապիկյանը:

Նրան այս առիթով Ֆեյսբուքում ձոն է նվիրել Գորիսի Հանրապետական քաղաքապետ, ոչ վաղ անցյալում իր դաջվածքների եւ աղմկահարույց պատմությունների շնորհիվ մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող Առուշ Առուշանյանը:

Ի դեպ, իշխանափոխությունից հետո խոսվում է, որ նրան հաջողվել է լեզու գտնել հեղափոխականների հետ ու այդ պատճառով համայնքի շատուշատ ղեկավարների պես նրան «մերժելու» հերթը չի հասնում, ավելին, դեռեւս նոյեմբեր ամսին Առուշանյանը հայտնեց ՀՀԿ-ն լքելու իր մտադրության մասին, բայց մինչ օրս այդ մասին պաշտոնական հայտարարություն չկա:

Պապիկյանի մասին Առուշանյանը ոչ միայն գրառում է արել, այլ տեղադրել է իր եւ նախարարի համատեղ լուսանկարը. «Սուրեն Պապիկյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում: Նախորդ տարվա մեր համատեղ աշխատանքի ընթացքում ակնհայտ էին Սուրեն Պապիկյանի հետևողականությունը, սկզբունքային դիրքորոշումը, կառուցողական մոտեցումները մի շարք խնդիրների լուծման, որոշումների կայացման գործում:

Համայնքների ղեկավարների հետ ուղիղ կապը, առողջ համագործակցությունը, թույլ են տալիս վստահություն հայտնելու, որ ամեն ինչ կարվի՝ տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման, տարածքային համաչափ զարգացման համար: Վստահ եմ, որ նախարարը այսուհետ ևս շարունակելու է արդյունավետ իրագործել ոլորտի բարեփոխումներին ուղղված դժվարին աշխատանքը:

Մեր համայնքների առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, սակայն մեր փոխգործակցության, համատեղ աշխատանքի արդյունքում ունեցած ձեռքբերումները, փաստում են, որ կա քաղաքական կամք և պրոֆեսիոնալիզմ՝ շատ ավելի մեծ պատասխանատվությամբ դժվարին խնդիրներին լուծում տալու համար: Շնորհավորում եմ, մաղթում արդյունավետ աշխատանք և հաջողություններ»: