Դեմ եմ մեկ հոգու համար Սահմանադրություն փոխելուն․ Հայկ Խանումյան

Դեմ եմ մեկ հոգու համար Սահմանադրություն փոխելուն․ Հայկ Խանումյան

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն Արցախում սկսել է ստորագրահավաք` փոփոխելու սահմանադրական այն նորմը, ըստ որի՝ եթե անձը տասը տարի մշտապես չի բնակվել Արցախում, չի կարող դառնալ նախագահի թեկնածու: Առաջարկն է՝  եթե անձն ապրել է Հայաստանում 10 տարի, դա պետք է համարել նաև Արցախի քաղաքացիություն ունենալու իրավական նորմ։ Սրա համար պետք է Արցախի 102 հազար բնակիչներից տասը տոկոսի կամ տասը հազար երեք հարյուրի ստորագրությունը։ 

Սամվել Բաբայանի գրասենյակից Վովա Պողոսովը Hraparak.am-ին հայտնեց, թե չի կարող հրապարակել՝  մինչև այս պահը որքան ստորագրություն է հավաքվել։

«Մենք մեկ շաբաթից կհրապարակենք»,- ասաց Վովա Պողոսովը։ Հարցին, թե դրանից կարելի՞ է եզրակացնել, որ ստորագրությունները քիչ են, նա ասաց․ «Ոչ, ո՞վ ա ըտենց բան ասել»։
Նշենք, որ ստորագրահավաքի համար սահմանված վերջնաժամկետը հուլիսի 18-ն է։ 
Այս հարցում քաղաքական ուժերի տրամադրվածությունն ինչպե՞ս է գնահատում․ Սամվել Բաբայանի գրասենյակի աշխատակիցը պատասխանեց, թե առանձնապես կարծիքներ չեն հնչել։

Արցախի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մենք ընդհանրապես դեմ ենք մեկ հոգու համար Սահմանադրության փոփոխությանը։ Մենք դա ասել ենք 2017 թվականին, երբ Բակո Սահակյանը Սահմանադրությունն իր համար էր փոխում, նույնը ասում ենք հիմա։ Եվ կապ չունի՝ Բակո Սահակյա՞նն է, թե՞ Պողոս Պողոսյանը»։  
Իհարկե, Հայկ Խանումյանը նշում է, որ սա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգ է, և եթե ամեն ինչ լինի ըստ դրանց՝ այստեղ որևէ խնդիր չեն տեսնում։ 

Նշենք, որ Արցախի քաղաքական ուժերը տարբեր լրատվամիջոցներում այս նորմի կապակցությամբ կարծիքներ հայտնել են։ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, մեկնաբանելով ստորագրահավաք անցկացնելու հարցը, նշել էր, որ այդ հարցի պատասխանի լիիրավ իրավունքն Արցախի ժողովրդինն է։ Արցախի Պահպանողական կուսակցության նախագահն էլ, սոցիալական ցանցում անդրադառնալով ստորագրահավաքին, նշել էր, որ թեև վերջնանպատակը միացյալ հայոց պետականության ձևավորումն է, բայց դրան հասնելու տարբերակները տարբեր են և պետք է պայմանավորված լինեն  աշխարհաքաղաքական զարգացումներով։ Եվ մասնավորապես, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ ամենը մեր պետականության ու քաղաքականության վրա։ 

Hraparak.am-ը տեղեկացրել էր, որ ստորագրահավաքի  առթիվ լրջագույն վերապահումներ ունի արդարադատության նախարարը, ով տեղական հեռուստատեսությամբ ասել է, որ խնդիրն առնչվում է ԱՀ անկախության եւ ինքնիշխանության՝ Սահմանադրությամբ անփոփոխելի ճանաչված դրույթին: