Բաքուն ուժեղացնում է ԼՂ խնդրի լուծման իր տեսլականի միջազգայնացմանն ուղղված ջանքերը    

Բաքուն ուժեղացնում է ԼՂ խնդրի լուծման իր տեսլականի միջազգայնացմանն ուղղված ջանքերը    

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից միջազգային այլ հարթակներ (ՄԱԿ, ՆԱՏՕ, ԵԽ եւ այլն) տեղափոխելու ուղղությամբ: Եվ եթե դա նրան անմիջականորեն չի հաջողվում, ապա մի հարցում Բաքուն որոշակի հաջողություններ գրանցում է. դա Ադրբեջանի շահերին ներդաշնակ կերպով խնդրի միջազգայնացումն է, որի վերջնանպատակն էլ, ըստ էության՝ իր համար հարմար պահին ռազմական գործողությունների միջոցով հակամարտության լուծման քարտ բլանշ ստանալը: 

Ու մինչ հայկական կողմը վերջին օրերին հաղթանակներ է տոնում ԵԱՀԿ ԽՎ ֆորումներում ընդունվող բանաձեւերում հայանպաստ ձեւակերպումներ կորզելու կապակցությամբ, Բաքուն արդեն Ռուսաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) բարձրաստիճան զինվորականների երկրորդ հանդիպումն է հյուրընկալում իր հարկի տակ: Ինչպես հայտնի է, օրերես Ադրբեջանում հանդիպել են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Թոդ Ուոլթերսը:

Հասկանալի է, որ Բաքուն այդ հանդիպումը լավագույնս պետք է օգտագործեր՝ իր շահերն առաջ մղելու եւ լրացուցիչ անգամ ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականը բարձրաձայնելու առումով: Գերասիմովին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Տեղի են ունեցել նաեւ բանակցություններ Գերասիմովի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովի միջեւ:
Ինչպեսեւ սպասվում էր, Սադիկովն անդրադարձել է ԼՂ խնդրին՝ նշելով, թե այդ հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն է, եւ որ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Գերասիմովը թեեւ այս հարցի առնչությամբ հայտարարություններ չի արել, սակայն ընդգծել է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման կարեւորությունը:

Սադիկովը հանդիպում է ունեցել նաեւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ՝ դարձյալ բարձրաձայնելով ԼՂ հակամարտության հարցը, նաեւ համոզմունք հայտնելով, որ ՆԱՏՕ-ն հետագայում էլ կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան իր հերթին հայտարարել է, որ դաշինքն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը, ինչպես նաեւ բարձր է գնահատել Ադրբեջանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: 
Թվում է, թե առանձնապես ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել՝ ՆԱՏՕ-ն միշտ էլ հայտարարել է, որ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, մոռանում են հավելել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը նաեւ պարբերաբար հայտարարել է խնդիրը միայն ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով լուծելու կարեւորությունն ու իր անվերապահ աջակցությունը հայտնել Մինսկի խմբի եռանախագահության միջնորդական ջանքերին: 
Գերասիմովը եւս, այսպես ասած, ադրբեջանամետ հայտարարություններ չի արել եւ չէր էր կարող անել: Ի վերջո, նա Մոսկվայի, այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկի պաշտոնական ներկայացուցիչն է: Էականը, սակայն, դա չէ: Էականը երկու ռազմական կարեւորագույն առաջնորդների՝ Բաքվում արդեն երկրորդ անգամ հյուրընկալվելու եւ հանդիպում ունենալու բուն փաստն է: Հայաստանում երբեւէ այդ մակարդակի ներկայացուցչական հանդիպում տեղի չի ունեցել, ինչը Երեւանին եւս հրաշալի հնարավորություն կտար խնդիրն իր շահերի հանգույն բարձրաձայնելու եւ միջազգայնացնելու տեսանկյունից։ Այս առումով հայկական կողմը, թերեւս, մտածելու բան ունի: 

Ի վերջո, հայտնի ճշմարտություն է. որեւէ՝ թեկուզեւ բարդ խնդրի լուծման գլխավոր երաշխիքն այդ լուծմանը միտված դանդաղ ու հետեւողական նախապատրաստական աշխատանքների իրականացումն է: Տրամաբանությունը պարզ է՝ չես հաջողի հիմա, գուցե կհաջողես ավելի ուշ: Մինչդեռ ակնհայտ է, որ առանց նախապատրաստական (այդ թվում՝ քարոզչական, կազմակերպչական եւ այլն) ջանքերի որեւէ հաջողության արձանագրումն ուղղակի բացառված է: Ակնհայտ է, որ Բաքուն ջանքեր չի խնայում ԼՂ խնդրի կարգավորման իր տեսլականը միջազգային գրեթե բոլոր հնարավոր ու անհնար  հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում, Իսլամական համագործակցությունում, Եվրախորհրդում եւ այլուր հնչեցնելու, անգամ պարտադրելու առումով: 
Ի դեպ, ամենեւին չի բացառվում, որ հայկական կողմը եւս նման ջանքեր է գործադրում: Սակայն դրանք այնքան էլ տեսանելի չեն: Դատելով վերջին հայտարարություններից՝ շուտով Երեւանի ջանքերն ավելի են ակտիվանալու: Ինչպես ասում են՝ սպասենք եւ հուսանք: