«Զրահապատ մեքենայով շրջելը շատ ծանր բան է»․ Արթուր Վանեցյան (ֆոտո)

«Զրահապատ մեքենայով շրջելը շատ ծանր բան է»․ Արթուր Վանեցյան (ֆոտո)
«Զրահապատ մեքենայով շրջելը շատ ծանր բան է»․ Արթուր Վանեցյան (ֆոտո)
«Զրահապատ մեքենայով շրջելը շատ ծանր բան է»․ Արթուր Վանեցյան (ֆոտո)

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Հայաստանի ամենաքննարկվող, ամենավտանգավոր ու նաև ամենավտանգված պաշտոնյաներից է։ Քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո, երբ Վանեցյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն ու լծվեց կոռուպցիայի բացահայտման գործին, նրա կյանքն այդ օրվանից դրվեց վտանգի տակ։ Դրա համար էլ նա այսօր շրջում է զրահապատ Toyota Land Cruiser 200 աժդահա ամենագնացով, որը 7 ամիս առաջ են ձեռք բերել, այսինքն՝ այն ժամանակ, երբ նա նշանակվեց ԱԱԾ տնօրեն։ Մինչ այդ ԱԱԾ տնօրենները շրջում էին սովորական Prado-ով, որն այսօր դարձել է Վանեցյանին ուղեկցող մեքենաներից մեկը։ Ինչպես նկատեցինք, ԱԱԾ տնօրենի անվտանգությունն ուժեղացվել է ոչ միայն զրահապատ ավտոմեքենայով, այլև անվտանգության աշխատակիցների թվաքանակի ավելացման հաշվին։ Այս ամենից Աթուր Վանեցյանն այնպես չէ, թե շատ գոհ է, նրա համար դիսկոմֆորտ է շրջել զրահապատ ավտոմեքենայով, այդքան թիկնապահների ուղեկցությամբ, միշտ վտանգի զգացողությամբ, որ կարող է որևէ մեկի մտքով անցնել վնասել իրեն կամ իր ընտանիքի անդամներին։ Վանեցյանը մեզ հետ զրույցում ասաց՝ իր անվտանգությունն ուժեղացվել է, քանի որ ունեն նման տեղեկատվություն, որ իր կյանքին կարող է վտանգ սպառնալ։

«Կան մարդկանց խմբեր, որոնք իրենց բոլոր անհաջողությունների մեջ մեղադրում են մեզ՝ Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև մենք հետևողական ենք մեր գործում, և օբյեկտիվ ենք մեր գործում, և մինչ օրս մեր որևէ կատարված գործողություն չի բողոքարկվել ոչ մի տեղ, անգամ մամուլում, իրար մեջ խոսակցություններում։ Մենք ում բռնել ենք, բռնել ենք փաստով, և դա վախեցնում է շատերին։ Ու դրա հիմնական մեղավոր տեսնում են ինձ։ Եվ, իհարկե, կան որոշակի սպառնալիքներ իմ անձի և իմ ընտանիքի անդամների նկատմամբ։ Բայց դա ինձ չի ընկճում, չի վախեցնում ոչ ինձ, ոչ իմ ընտանիքի անդամներին, այլ, ընդհակառակը, ավելի վճռական է դարձնում իմ աշխատանքում»,- Hraparak.am-ին ասաց Արթուր Վանեցյանը։

-Ռոբերտ Քոչարյանն այդ վտանգներից մե՞կն է։

-Չեմ ուզում անձնավորել, եթե ես հիմա անձնավորեմ, տրամաբանական հարց կառաջանա՝ իսկ ինչո՞ւ միջոցներ չեք ձեռնարկում։ Որովհետև առանց անձնավորելու ես ասում եմ, որ նման վտանգ կա։ Անկեղծ ասեմ, զրահապատ մեքենայով շրջելը շատ ծանր բան է։ Չգիտեմ՝ նստել եք, չեք նստել, եթե ուզում եք, մի օր կհրավիրեմ, կնստեք, դա ահավոր բան է՝ ծանր մեքենա է, դժվար, էդքան անվտանգության աշխատակիցներով։ Ես միշտ ամբողջ կյանքում անկախ մարդ եմ եղել, ազատ մարդ եմ եղել, շփվել եմ ընկերների հետ, գնացել եմ՝ որտեղ ուզել եմ, նստել եմ՝ որտեղ ուզել եմ, խոսել եմ՝ ում հետ ուզել եմ, իսկ այսօր առիթ է ընձեռվել դուրս գալ փողոց, բայց տեսնում եք՝ ինչքան անվտանգության աշխատակիցներ են ուղեկցում։

-Չե՞ք փոշմանում Ձեր կյանքում նման փոփոխության համար։ Ու նաև չե՞ք փոշմանում այսքան բաց ու հրապարակային լինելու համար, քանզի ԱԱԾ տնօրենի դեպքում նման բան սպասելի չէր։

-Ոչ, դրա համար չեմ փոշմանում, ոչ էլ փոշմանում եմ, որ համաձայնել եմ դառնալ ԱԱԾ տնօրեն, որովհետև այ հիմա էդ բառը շատ տեղին է օգատգործել՝ «Նոր Հայաստանում», այս նոր ստեղծվող պատմության մեջ ես ունեմ իմ փոքր լուման, որը կարծում եմ՝ շատ կարևոր է, և ինչ անում եմ, անում եմ ի փառս մեր երկրի, մեր հայրենիքի և մեր ժողովրդի։