Վարդգես Հովակիմյանը ներողություն կխնդրի՞ Ալիկ Սարգսյանից․քաղհայցով դատաքննությունն ավարտվեց

Վարդգես Հովակիմյանը ներողություն կխնդրի՞ Ալիկ Սարգսյանից․քաղհայցով դատաքննությունն ավարտվեց

Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գեւորգ Բալայանի նախագահությամբ այսօր մեկնարկեց եւ դատաքննության ավարտ հայտարարվեց նախկին ոստիկանապետ ու մարզպետ Ալիկ Սարգսյանի քաղհայցն ընդդեմ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ։ Նիստին ոչ Սարգսյանը, ոչ էլ Հովակիմյանը չեն ներկայացրել, կողմերի ներկայացուցիչներն արտահայտվել են, ադպիսով, նիստն ավարտվել է։ Դատարանը հայտարարել է՝ վճիռը կհրապարակի մարտի 20-ին։

Վարդգես Հովակիմյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցվոր կողմը իր պահանջներն է ներկայացրել, իրենք էլ հայցի դեմ առարկել են․ «Մենք հայցի դեմ առարկեցինք, հիմա ասեմ ինչ պատճառաբանությամբ․ մարդն ասումա ՝ «Առավոտ» թերթում, 1in.am-ում եւ «Armlife․am» կայքում Վարդգես Հովակիմյանն իմ մասին տարածել է արատավորող տեղեկություններ։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է․ ես ասի՝ հարգելի դատարան, ես չեմ հասկանում՝ ինչի՞ մասին է խոսքը, որովհետեւ գործին կցված է 2 պատճեն, ասում ա՝ սա «Առավոտ»-ի, սա էլ  «1in.am»-ի արտատպումն ա, բայց սրանք ապացույց չեն, ասում ա՝ ո՞նց, դուք հրաժարվում եք, ես էլ ասում եմ՝ պիտի հասկանամ ինչ են ուզում, որ հրաժարվեմ կամ պնդեմ»։ 
Նշենք, որ Ալիկ Սարգսյանը պահանջում է դատարանից պարտավորեցնել  Հովակիմյանին հրապարակայնորեն հերքել զրպարտչական տեղեկությունները և ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար, նա  բարոյական վնասի դրամական հատուցման պահանջ չի ներկայացրել։

Նշենք, որ Ալիկ Սարգսյան-Վարդգես Հովակիմյանը մենամարտը սկսվել է դեռ տարիներ առաջ։  2011 թ. Հովակիմյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու եւ պաշտոնեական անփութություն կատարելու համար։ Այն ժամանակ նա հայտարարում էր, որ դրա հետեւում կանգնած է Ալիկ Սարգսյանը։ Գործը հասավ դատարան եւ Հովակիմյանի համար արդարացման դատավճիռ կայացվեց։ 
Հեղափոխությունից հետո էլ Արարատի նախկին երկու մարզպետները միմյանց դեմ բողոք էին ներկայացրել իրավապահներին, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ կաշառք ստանալու և շորթման հատկանիշներով։ 

Նյութերի նախապատրաստման ընթացքում Վարդգես Հովակիմյանը հայտարարել էր, թե, իբր, նախկին ոստիկանապետին գումար է տվել իր աշխատակցի որդուն ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի ընդունվելու համար։ Բացի այդ Ա.Սարգսյանից եւս խոշոր գումար է ստացել Վ.Հովակիմյանի վստահությունը չարաշահելով (խմբագրության տեղեկություններով՝ 50.000 ԱՄՆ դոլար): Քննչական կոմիտեն երկու հաղորդումների հիման վրա քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ և ուղարկել ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ։