«Լիդիանին» կներկայացնի հեղինակավոր «Ֆրեշֆիլդսը»

«Լիդիանին» կներկայացնի հեղինակավոր «Ֆրեշֆիլդսը»

Ինչպես հայտնի է, «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը պատրաստվում է ՀՀ կառավարության դեմ բողոքով դիմել միջազգային արբիտրաժ՝ պահանջելով վնասների փոխհատուցում, որը կարող է կազմել ընդհուպ 2 միլիարդ դոլար գումար։ Մենք գրել էինք, որ իրավական փաթեթը պատրաստել է միջազգային հայտնի իրավաբանական ընկերություն, որը երաշխավորել է, որ իրենց փաստարկները միանշանակ հաղթող են։ Մենք կարողացանք պարզել, թե որ իրավաբանական ընկերությունն է զբաղվում «Լիդիանի» գործով։ Դա միջազգային խոշորագույն իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններից է՝ «Ֆրեշֆիլդս»: Երբ Գուգլում գրում ես՝ «լավագույն արբիտրաժային ընկերություններ», առաջինը բերում է հենց «Ֆրեշֆիլդս» անունը՝ https://www.acerislaw.com/best-international-arbitration-law-firms/։

Ընկերությունը սպասարկում է համաշխարհային հսկաների թե՛ կորպորատիվ աշխարհում, թե՛ ծառայություններ է մատուցում կառավարություններին: Այն այժմ աշխատում է Բրեքսիթի (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու գործարքի) իրավական խորհրդատվության վրա: Ընկերությունն իրավական խորհրդատվություն է մատուցել Լոնդոնի «Գեթվիկ» օդանավակայանի վաճառքի կողմերին: Սակայն առավել կարեւոր են ընկերության կայքում ներկայացված արբիտրաժային գործերը: «Ֆրեշֆիլդսը» Cristallex կանադական հանքարդյունաբերական ընկերության հայցում՝ ընդդեմ Վենեսուելայի կառավարության, ներկայացրել է կանադական հանքարդյունաբերական ընկերության շահերը: Գործն ավարտվել է 1,2 միլիարդի դատական որոշմամբ՝ հօգուտ կանադական ընկերության եւ ընդդեմ Վենեսուելայի կառավարության՝ 2016-ին: Ակնհայտ է նաեւ, որ նման կարգի ընկերությունները գործը ստանձնում են միայն այն դեպքում, երբ վստահ են, որ հաղթանակի շանսերն առավել քան մեծ են: Իհարկե, կարելի է ոչ մի բանից «չվախենալ», բոլոր ներդրողներին ուղարկել միջազգային դատարան, ինչպես անում է մեր կառավարությունը, բայց ի՞նչ գին կարող է ունենալ դա երկրի համար: Եվ ի՞նչ գին է նման հռետորաբանությունն արդեն իսկ ունենում դեպի Հայաստան ներդրումների անկման տեսքով, որն արդեն իսկ ազդարարեցին ԿԲ-ի վերջին տվյալները:

Ի դեպ, «Լիդիանի»՝ արբիտրաժ դիմելու հայտարարությունից հետո ՀՀ կառավարությունից արձագանքեցին, թե այդ որոշումն իրենց համար անակնկալ էր, եւ «Լիդիանը» չի համագործակցել իրենց հետ, բայց մի բան պարզ է, որ մոտ 9 ամիս ընկերությունը չի աշխատել՝ բնապահպանների կողմից ճանապարհները փակելու հիմքով, եւ այս ընթացքում Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ ոչինչ չի արվել, եւ անգամ կրկնակի փորձաքննությունը մեծ ուշացումով, ընդամենը վերջերս նշանակվեց, որի համար էլ ՀՀ կառավարությունը մոտ 400 հազար դոլար գումար պետք է վճարի։ Մի դիտարկում էլ․ կառավարության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշել էր, որ հիմա փորձում են գտնել իրավաբանական ընկերություն, որը կներկայացնի իրենց շահերը՝ Ամուլսարի հետ կապված թնջուկում։