Հայացք դեպի անցյալ

Հայացք դեպի անցյալ

Մենք՝ որպես մեր անցյալը շատ սիրող եւ հետ նայելու սովոր ժողովուրդ, կրկին մեր հայացքը հառել ենք դեպի անցյալի մութ կետերը։ Եվ դա վատ չէր լինի, եթե հառեինք ճշմարտությունը բացահայտելու, այլ ոչ թե անցյալը խեղաթյուրելու եւ պատմությունը սրբագրելու համար։ Կարելի՞ է արդյոք կրկին վերաբացել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության էջը եւ փորձել ստանալ անցյալում չհնչած հարցերի պատասխանները։ Անշուշտ, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ 20 տարի առաջ չպարզված հանգամանքներն այժմ կբացահայտվեն, երբ այսօր կատարված հանցանքները մեր քննիչ-դատախազները չեն կարողանում բացահայտել։ Եվ անցյալը փորփրելու կողմնակիցները, որոնք հույսները դրել են 20 տարի բանտում անցկացրած անձի ցուցմունքների վրա, մոռանում են մի կարեւոր հանգամանք՝ չէ՞ որ գործն այն ժամանակ քննած քննիչների մեծ մասը կենդանի է, ինչպես կենդանի է եւ պրոիշխանական մատույցներում է քննչական խմբի աշխատանքները համակարգած անձը՝ նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

Այդ ի՞նչ էական հանգամանքներ եւ ապացույցներ են թաքցվել-անհետացել գործից, որոնց մասին պարոն Ջհանգիրյանն այսօր էլ շարունակում է լռել։ Իսկ զոհերի հարազատներն ի՞նչ կարծիքի են՝ նրանք համաձա՞յն են, որ գործը վերաբացվի, եւ  ի՞նչ բացահայտումներ են ակնկալում Նաիրի Հունանյանից։ Իսկ հասարակությանը տեսարաններով կերակրող իշխանությունն ի՞նչ ակնկալիքներ ունի այս քննարկումից, ինչո՞ւ են բանտի դռները բացվել Արման Բաբաջանյանի առաջ, եւ ի՞նչ ընթացք է ստանալու Նաիրի Հունանյանի դիմումը՝ վաղաժամկետ ազատ արձակվելու մասին։ Չէ՞ որ ամիսներ առաջ հանրային պահանջի ներքո մերժվեց Մհեր Ենոքյանի նմանատիպ դիմումը, իսկ Մհերը բանտում է արդեն 23 տարի՝ 1996-ից, եւ դատապարտվել է 1 անձի, այլ ոչ թե 8 պետական-հասարակական գործչի սպանության համար։