Պետական վերահսկողություն իրականացնողների բարդ ճակատագիրն ու անցած ուղին

ՊՎԾ պետի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ով վերջերս էր նշանակվել ՊՎԾ պետի տեղակալ, իր ունեցվածքով ու դրա մասին տված իր մեկնաբանություններով շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք, որ Քյարամյանը, չնայած երիտասարդ տարիքին (28 տարեկան) եւ պետական մարմիններում աշխատելու փորձին, մեծ հարստության տեր է։ Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2017թ. հայտարարագրերի, նրա դրամական միջոցները 2017թ. հարկային տարում կազմում էին 32 մլն դրամ, 48 հազար դոլար, 6 հազար դոլար փոխառություն։ Ունի 4 հողամաս, երկու բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, հողին ամրակայված այլ շինություն, ավտոտնակ, MERCEDES-BENZ C 180 մեքենա, ինչպես նաեւ թանկարժեք զարդեր։ Լրագրողների հարցին ի պատասխան, թե որտեղից իրեն այդքան կարողություն, երիտասարդ պաշտոնյան նախ պատասխանել էր. «Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքը քննարկել»։ Նա նաեւ հայտարարել էր. «Որեւէ կոռուպցիոն սկանդալում չեմ եղել, որեւէ կլանային համակարգում չեմ եղել, բիզնեսով չեմ զբաղվել»։ Այնուհետեւ տեսնելով, որ իր ունեցվածքը հանրության քննարկման «թոփ» թեմա է դարձել, նա իր ֆեյսբուքյան էջում գրեց. «…Հանրության կողմից սխալ չընկալվելու համար հայտնում եմ, որ հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։
Հիշյալ գումարների մի մասն էլ ձեւավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականներիս եւ մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ»: Գրառումը, սակայն, երիտասարդ պաշտոնյային չփրկեց բարդ կացությունից. հանրությունը պահանջում է նախ հիմնավորել նրա հարստության աղբյուրը, հետո նոր միայն վստահել պետական վերահսկողություն իրականացնողի պաշտոնը: Քյարամյանի հայտարարությանը, թե հաշվետու չէ իր ունեցվածքի հարցում, վարչապետն այսպես էր արձագանքել․ «ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է հաշվետու լինի քաղաքացիներին»: Իսկ նվիրատվությունների մասին էլ ասել էր, թե կպարզի ամենը:
Հետաքրքիր զուգադիպությամբ, ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից պահանջում էր, որ պարզաբանեն, թե որտեղից են Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կարողությունները, ինչ միջոցներով է նա կառուցել իր շքեղ առանձնատունը: Եվ երբ նա ասում էր՝ Ալբերտ Բոյաջյանի նվերն է, ծաղրում էր նրան ու ասում, որ դա կոռուպցիա է։
Երբ Զաքարյանը ներկայացնում էր ՎՊ 2012 թ․ հաշվետվությունը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Պետդումայի նախագահի տեղակալ Վլադիմիր Վասիլեւի խոսքը հղում անելով՝ ասաց. «Եթե դու տասն անգամ ստուգում ես ու տասն անգամ գալիս զեկուցում, որ գողանում են, ուրեմն նախեւառաջ պետք է զբաղվել քեզանով: Կարծում եմ, որ այդ սկզբունքը պետք է կիրառել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ, որը վերջին 9 ամիսների ընթացքում ավարտին է հասցրել իր մի քանի միլիոն դոլարանոց առանձնատան շինարարությունը․․․ Պարոն Զաքարյանի կենսագրությունն ու մի քանի միլիոն դոլարանոց առանձնատուն ունենալու փաստը ստիպում է մտածել կոռուպցիոն ռիսկերի մասին։ Ես զարմանում եմ, թե ինչպես է պարոն Զաքարյանն ԱԺ ամբիոնից խրոխտ կեցվածքով զեկուցում հերոսաբար ուրիշների չարաշահումների մասին։ Այդ չարաշահողներն էլ առանձնատներ են կառուցում պարոն Զաքարյանի նման, եւ շատ շատերը կերազեն, նույնիսկ չեն էլ կարող երազել նման առանձնատուն ունենալու մասին»։ Դրան ի պատասխան՝ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն ասել էր. «Այ մարդ, ընչի՞ եք էդքան նախանձում, մարդ եղեք։ Զաքարյանն ընկեր չունի՞: Լավ ընկերներ ունի, լավ շրջապատ ունի, լավ մարդ ա Իշխանը, սաղս էլ օգնել ենք, սաղս էլ ձեռ ենք գցել, տունն ի՞նչ ա, որ չսարքի, մեր նման ընկերներ ունի…»:
Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո սկսեց աղմկահարույց բացահայտումներ անել պետական չարաշահումների վերաբերյալ, սակայն արժանացավ Սերժ Սարգսյանի կոշտ գնահատականին ու հորդորին, որ այսօր հնչում է․ «Հանգիստ նստի՛ր տեղդ»:
Իսկ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը հիշեցնում էր. «Ամիսներ առաջ Իշխան Զաքարյանն ԱԺ ամբիոնից «մալուխ էր թափահարում» եւ հայտարարում, որ շուկայում այն վաճառվում է 120 դրամով, իսկ պետական գնումներով այն գնվել է մի քանի հարյուր անգամ թանկ: …Այդ ողջ քննարկումը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ, եւ հիմա հանրությունն ուզում է իմանալ՝ լավ, ի վերջո, դա ի՞նչ կաբել էր, ո՞վ էր գնել, ինչո՞ւ էր այդքան թանկ գնել, եւ ի՞նչ է եղել դրա հետեւանքները: Հանրությունն այսօր չունի այդ հարցի պատասխանը, եւ Իշխան Զաքարյանի ելույթից հասկանում ենք, որ նա, հավատարիմ Սերժ Սարգսյանի պատգամին, չի պատրաստվում որեւէ բան բացատրել»:
Տասը տարի՝ 2007-2017թթ․ ՎՊ-ն ղեկավարած Իշխան Զաքարյանն աշխատեց, բայց այլեւս աղմկոտ ասուլիսներ չէր տալիս, անգամ ԱԺ հաշվետվություններին նրա փոխարեն ԱԺ էր գալիս տեղակալը, ինչն առաջացնում էր ՀԱԿ-ական պատգամավորների զայրույթը: Բայց հասկանալի էր, որ հրահանգն իջեցվել է նախագահականից։ Նրանից հետո այդ կառույցը ղեկավարեց Սերժ Սարգսյանի շախմատային ընկերներից մեկը՝ Լեւոն Յոլյանը, ով առհասարակ իջեցրեց Վերահսկիչ պալատի, այժմ Հաշվեքննիչ պալատի դերն ու նշանակությունը․ նրա կառավարման շրջանում ո՛չ բացահայտումներ են տեղի ունենում, ո՛չ ասուլիսներ են տալիս։ Բայց ուշագրավ է, որ նա պահպանեց իր պաշտոնը նաեւ թավշյա հեղափոխությունից հետո՝ հնազանդորեն ինտեգրվելով նոր իշխանություններին։
Կարծիքներ