Զարթոնքում պայքարը նոր թափ է առնում. այս անգամ կիզակետում գյուղապետի աղջիկն է

Զարթոնքում պայքարը նոր թափ է առնում. այս անգամ կիզակետում գյուղապետի աղջիկն է

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում պայքարը նոր թափ է առել. այս անգամ գյուղացիները պայքարում են դպրոցի տնօրենի դեմ, որն արդեն հրաժարական ներկայացրած գյուղապետ Պարույր Սարգսյանի դուստրն է: 

Նախկինում գյուղապետի հրաժարականը պահանջողներն այսօր կրկին հավաքվել են գյուղապետարանի դիմաց, նրանք նամակ են ուղարկել մարզպետարան՝ նշելով, որ պատրաստվում են երեխաներին հանել գյուղի միջնակարգ դպրոցից եւ ուղարկել Մեծամորի կամ կողքի համայնքի դպրոցներ:

«Հրապարակ»-ի հետ զրույցում գյուղացիներից Սուրեն Պողոսյանն ասաց. «Մենք դիմում ունեինք ներկայացնելու՝ դպրոցի տնօրենի եւ ուսումնական գծով տեղակալի հետ կապված: Բոլոր ծնողները որոշել են իրենց երեխաներին տեղափոխել ուրիշ դպրոց: Սեփականաշնորհել են դպրոցը, այսինքն՝ դպրոցում տիրում է վատ մթնոլորտ, տարբերություն երեխաների միջեւ, բոլորը տնօրենի գլխավորությամբ է լինում: Ուրեմն, էս ցույցերի հետ կապված բոլոր ցուցարար երեխաներին վատ են վերաբերվում, դրանից առաջ էլ, բայց ցույցերից հետո է՛լ բորբոքվեց: Նույն այդ տնօրենի որդին էր կրակել ծնողների ուղղությամբ, այսքան բանից հետո ինքը մնա, աշխատի՞, կամ երեխաները գնա՞ն․ չկա տենց բան: Սաղ ազգականներով են այդ դպրոցը համալրված՝ ծանոթ-խնամի-բարեկամ, ու մակարդակը՝ շատ ցածր, մենք արդեն երկրորդ գրությունն ենք պահանջում: Ուզում ենք դպրոցի տնօրենն էլ փոխվի, մթնոլորտը պիտի մաքրվի, կրթական մակարդակը պետք է բարձրանա»:

Հիշեցնենք, որ Զարթոնքի երկարամյա գյուղապետ Պարույր Սարգսյանն օրերս հրաժարականի դիմում ներկայացրեց՝ գյուղացիների մեծ մասի պահանջով: Դրանից առաջ տեղի ունեցած ցույցերի ֆոնին կրակոցներ էին հնչել, Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, կրակ էր բացել գյուղացիների ուղղությամբ: