«Քաղաքացիական պայմանագրում» իշխանափոխությո՞ւն է սպասվում

«Քաղաքացիական պայմանագրում» իշխանափոխությո՞ւն է սպասվում

Առաջիկայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է համաժողով անցկացնել, որի ընթացքում կարեւորագույն մի շարք հարցեր կքննարկվեն: Դրանցից մեկը կուսակցության վարչության թվակազմը մեծացնելու հարցն է լինելու, քանի որ լինելով իշխող ուժ, ունենալով խորհրդարանական մեծամասնություն և կազմելով ողջ կառավարությունը, կուսակցությունը խնդիր ունի առավել շատ մարդկանց ընդգրկել վարչության կազմում եւ մասնակից դարձնել որոշումների ընդունմանը:

Ներկայումս ՔՊ վարչությունը բաղկացած է 13 անձանցից: Համաժողով անցկացնելու գաղափարը ծագել է դեռեւս երկու ամիս առաջ, երբ թավշյա հեղափոխությունից հետո կուսակցությունը զանգվածային դիմումներ է ստացել ՔՊ-ի շարքերը համալրելու վերաբերյալ: Համաժողովի ընթացքում կքննարկվեն կանոնադրական մի շարք փոփոխություններ՝ մասնավորապես այն մասին, թե ինչ սկզբունքներով ու չափորոշիչներով համալրել կուսակցության շարքերը, որպեսզի հետագայում չստացվի այնպես, որ ով ասես տեղ է գտել իշխանական կուսակցության շարքերում: Չնայած որոշ տեղեկություններով՝ համաժողովը նախատեսվում է հունվարի վերջերին կամ փետրվարի սկզբներին, սակայն ՔՊ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը մեզ փոխանցեց, որ ժամկետների հետ կապված դեռևս որոշակիություն չկա:

Կան նաեւ տեղեկություններ, որ համաժողովից ամիսներ հետո կնախաձեռնեն վարչության նախագահի փոփոխության հարցը, կհրավիրվի վարչության նիստ, որին կուսակցության կանոնադրությամբ վերապահված է վարչության նախագահի ընտրությունը: Ամենայն հավանականությամբ, նորընտիր վարչությունը վարչության նախագահ կընտրի Նիկոլ Փաշինյանին, այժմ Սասուն Միքայելյանն է;