Հակոբ Արշակյանը միանձնյա որոշել է զրկել աշխատավարձից

Հակոբ Արշակյանը միանձնյա որոշել է զրկել աշխատավարձից

Երեւան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին այս օրերին կատարվող փոսերի նորոգումն աղմուկ է բարձրացրել մամուլում եւ համացանցում։ Դժգոհ են ավտոճանապարհն ասֆալտապատող բանվորները։ Ճանապարհի փոսալցման աշխատանքներով զբաղվող «Նաիրի ՃՇՇ» ընկերության բանվորներն ամբողջ օրը քննարկում էին իրենց հետագա անելիքը։ Բանն այն է, որ տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ զրկել է նրանց աշխատավարձից` այն բանից հետո, երբ մի քաղաքացի տեսանյութ է տեղադրել, թե ինչպես են բանվորները Եղվարդի ճանապարհին լցնում փոսերը, որոնք չոր չեն։

Տրանսպորտի նախարարությունը՝ առանց մեկ օր անգամ սպասելու, «կարմիր քարտ» է ցույց տվել շինարարներին՝ անմիջապես հաջորդ օրը հետեւյալ բովանդակության հայտարարություն տարածելով․ «Մայիսի 6-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երեւում էր, որ Երեւան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները կատարվում են ջրափոսերի պայմաններում: Ապրիլի 1-ից սկսած՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն աշխատանքները կատարում է մեծ թերություններով եւ ոչ ժամանակին: Անորակ սպասարկման համար «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն ապրիլի 1-ից չի վճարվել, եւ 28.12.2015թ. կնքված պայմանագիրը կչեղարկվի»։ Կազմակերպությունից հերքել են, որ շինարարության ժամանակ խախտումներ են թույլ տրվել։

Մեր հարցին, թե ինչի հիման վրա է տրանսպորտի նախարարությունը խզում պայմանագիրը, եւ արդյոք ստուգումնե՞ր են կատարվել, ստուգման ակտ կազմե՞լ են, թե ոչ, «Նաիրի ՃՇՇ» ընկերության գլխավոր ինժեներ Վոլոդյա Նավասարդյանը պատասխանեց․ «Ոչ, ոչ մի ստուգում չի եղել։ Մենք մեր ֆեյսբուքյան էջին տեղադրել ենք լուսանկարներ, որոնցից երեւում է, որ փոսալցումը կատարվում է նաեւ խոնավ եղանակին։ Փոսը չորացվում է, 170 աստիճանի տակ ասֆալտը լցվում է եւ անմիջապես ջուրը գոլորշիանում է։ Եթե չի կարելի թաց եղանակով ասֆալտ անել, բա ռուսաստաններում ամբողջ ժամանակ էլ անձրեւ ու ձյուն է, ինչպե՞ս են ասֆալտ անում։ Եթե մենք սպասենք, որ չորանա, մինչեւ ամառվա կեսը չենք կարողանա փոսերը լցնել եւ սպասարկել ճանապարհը։ Եթե մի քիչ էլ ուշացնենք, նախարարությունը մեզ կասի՝ ժամկետին չեք հասցնում, տուգանվում եք»։

Տեխնոլոգիական գործընթացի նրբությունների վերաբերյալ «Նաիրի ՃՇՇ» տնօրենը մանրամասն գրություն է ուղարկել նախարարություն, իսկ ֆեյսբուքյան էջում ընկերությունը տեղադրել է լուսանկարներ, որոնցից պարզ երեւում է, թե ինչպես են փոսերը մաքրում, չորացնում եւ ապա՝ ասֆալտապատում։ Բանվորներն այժմ սպասողական վիճակում են։ Նրանք չեն հասկանում, թե ինչու չեն ստանալու աշխատավարձը եւ ինչու չեն ստանալու հատկապես ապրիլի աշխատավարձը, եթե միջադեպը գրանցվել է մայիսին։ Իսկ մեզ այս պատմության մեջ զարմացրեց նախարար Հակոբ Արշակյանի ինքնիրավչությունը, ինչը Նիկոլի ու դրոշի պատմությունը հիշեցրեց։ Չի եղել ոչ մի ստուգման ակտ, ոչ մի պաշտոնյա չի այցելել՝ իր աչքով տեսնելու Եղվարդի ճանապարհը։

Գոնե կազմակերպության ներկայացուցիչներին կանչեին կառավարություն։ Ի՞նչ իրավունքով է նախարարը միանձնյա որոշել, որ պետք է պայմանագիր խզի մրցույթը շահած կազմակերպության հետ եւ բանվորներին զրկի աշխատավարձից։ Հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ տրանսպորտի նախարարի խոսնակ Անահիտ Առաքելյանից։ 

Այսօր վերջապես ստացանք նախարարի պատասխանը․ «Նախարարությունը «Նաիրի» շինարարական կազմակերպության բանվորների աշխատավարձի վճարման հետ որևէ առնչություն չունի։ Աշխատավարձերի վճարումն իրականացվում է «Նաիրի» շինարարական կազմակերպության կողմից։  Ինչ վերաբերում է, որ նախարարությունը ապրիլի 1-ից տվյալ կազմակերպությանը վճարում չի կատարել, ապա տեղեկացնում ենք, որ «Նաիրի» շինարարական կազմակերպությունը ապրիլ ամսվա ընթացքում պատշաճ չի կատարել  պայմանագրով նախատեսված պահպանման և շահագործման համար անհրաժեշտ աշխատանքները, դրանք իրականացրել է մեծ թերություններով և ոչ ժամանակին։  «Նաիրի» շինարարական կազմակերպությունը նախարարության ենթակայության տակ գտնվող կառույց չէ։ Այն տվյալ ճանապարհի սպասարկման իրավունքը ստացել է մրցույթի արդյունքում և իր աշխատողների աշխատավարձերի վճարումը տվյալ շինարարական կազմակերպության խնդիրն է»։ Ինչպես տեսնում ենք, նախարարը կրկին չիներկայացրել, թե ինչ իրավական հիմքով է համարում, որ աշխատանքներն անորակ են կատարվել։ 

Կազմակերպության ղեկավար Յագոր Խերիմյանը «Հրապարակին» հայտնեց, որ փոսալցման աշխատանքները խոնավ եղանակային պայմաններում կատարելը թույլատրելի է ներկայիս չափանիշներով։ Նա այս մասին ներկայացրել է նախարարին ուղղված նամակում։ «Կատարողականը հանձնել եմ մայիսի 2-ին, սակայն այն նախարարի կողմից  չի ընդունվել», - ասաց նա։ Բանվորները անհանգիստ են և բողոքի ակցիաներ են մտմտում։ 

 Ի դեպ, քաղաքացին, որը տեղադրել է Եղվարդի ճանապարհի փոսերի պատկերը, Արտակ Գալստյանն է, այն նույն անձը, ով հունվարին գնացել էր կառավարության շենքի մոտ եւ 10 մլն դրամ պարգեւատրում էր պահանջում Նիկոլ Փաշինյանից։ «Տվեք, թե չէ կոռուպցիա կանեմ»,- ասում էր քաղաքացին, բայց նրա պահանջը ոչ ոք չկատարեց։