Մասնակցելու է տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին

Մասնակցելու է տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին

2018թ․ սեպտեմբերի 19-ին Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն նշանակվեց արվեստագետ, համադրող եւ արվեստի քննադատ Ռուբեն Արեւշատյանը:

Սակայն նախօրեին ՀՀ քաղաքաշինության կոմիտեն բաց մրցույթ է հայտարարել Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար, որին մասնակցելու նպատակով կարող են դիմել 65 տարին չլրացած բոլոր ՀՀ քաղաքացիները, որոնք համապատասխանում են ներկայացված պահանջներին։ 

Ռուբեն Արեւշատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն չեն ազատել տնօրենի պաշտոնից, պարզապես, ըստ կարգի, պետք է մրցույթ հայտարարվի, եւ տնօրենը մրցութային կարգով պետք է ընտրվի։ «Այն ժամանակ որ ինձ նշանակեցին, ես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով էի, 6 ամիս անց պետք է մրցույթ հայտարարվեր, հիմա նույնիսկ մի քիչ էլ անցել է»,- ասաց Ռ․ Արեւշատյանն ու հավելեց, որ մասնակցելու է տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին։  

Ինչ վերաբերում է հարցին, թե այս ընթացքում ինչ է արվել թանգարանում, ապա իր պաշտոնավարման 9 ամիսների ընթացքում թանգարանի ֆոնդերի հետ կապված՝ արվել են որոշակի աշխատանքներ, մասնավորապես՝ ֆոնդային արժեքների անձնագրման հետ կապված սինխրոնացում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Թանգարանի ֆոնդը համալրվել է շատ արժեքավոր եւ նոր նյութերով․

«Մասնավորապես, մենք ձեռք բերեցինք Մազմանյանի արխիվը, ինչպես նաեւ գրադարանը համալրվեց։ Այս ընթացքում մի մեծ ցուցահանդես արեցինք՝ միջնադարին նվիրված, իսկ ամսի 11-ին բացվելու է մեծ ցուցադրություն՝ Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ, որի համադրողներից մեկն էլ ես եմ։ Ներկայացվելու է ռեգիոնալ մեծ նախագիծ՝ 20-րդ դարի ողջ սովետական մոդեռնիստական ճարտարապետության պատմությունը։ Դա մեծածավալ ցուցահանդես է, որը հետո շրջելու գնալու է Մինսկ, նաեւ Տրետյակովյան թանգարանում պետք է ներկայացվի, 2020-ին շրջագայելու է նախկին խորհրդային հանրապետությունների տարբեր մայրաքաղաքներով։ Այդ ցուցահանդեսը տեւելու է մինչեւ սեպտեմբեր, եւ դրա հիման վրա նախապատրաստվելու է նաեւ մեծ գիրք։ Իսկ սեպտեմբերին նախապատրաստում ենք Միքայել Մազմանյանի ցուցադրությունը՝ նրա 120 ամյակին նվիրված։ Տարվա վերջին նախապատրաստվում է մեկ այլ ցուցահանդես, որը հետազոտման փուլում է գտնվում՝ Երեւանի այգիների հետ կապված, որն իրականացնելու ենք Երեւանի Կենտրոն թաղապետարանի հետ։ Մյուս տարվա հետ կապված՝ էլի ունենք բազմաթիվ ծրագրեր եւ ցուցադրությունների նախագծեր»։

Դեռ 2016թ․ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտը եւ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը վերամիավորել, որն այնուհետ պետք է կրեր «Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» անունը։ Թանգարան-ինստիտուտը թեպետ Ալ․ Թամանյանի անունն է կրում, բայց այնտեղ Թամանյանից ներկայացված եւ ոչ մի նմուշ չկա։ 

«Այդ 2 թանգարանների միավորումից հետո պարզվել է, որ ոչ մի իր գրանցված չի եղել, եւ Թամանյանի հավաքածուն նրա ընտանիքին է պատկանում։ Այս պարագայում թանգարանը ոչ մի բան չունի ասելու, դա մեզ հետ առնչվող խնդիր չէ։  Պետությունը՝ ինքը, որոշակի երկխոսության մեջ պետք է մտնի ժառանգների հետ եւ կարողանա օրենքի տրամաբանության շրջանակներում գտնել լուծում այդ խնդրին։ Նախ՝ ընտանիքի հետ պետք է հարցերը ճշտել եւ հասկանալ, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել այսօրինակ հավաքածուների հետ, որովհետեւ այստեղ միայն Թամանյանի հավաքածուի հետ կապված հարցը չէ, այլ բազմաթիվ շատ արժեքավոր արխիվներ կան, որոնք գտնվում են ընտանիքներում եւ կարիք ունեն հետազոտման, պահպանման հատուկ ռեժիմների, եւ այստեղ թանգարանն ունի մեծ անելիք։ Նաեւ պետության հետ քննարկվելիք բազմաթիվ հարցեր կան, որպեսզի կարգավորվեն ժառանգության եւ միեւնույն ժամանակ այդ արժեքների պահպանման հետ կապված հարցերը։ Այդ խնդիրն օրենքի մակարդակով պետք է ստանա լուծում»,- իր խոսքում նկատեց Ռ․ Արեւշատյանը։  

ՀԳ․ Ալ․ Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնի համար դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 27-ն է, իսկ մրցույթը կանցկացվի օգոստոսի 2-ին։ Չնայած մրցույթը դեռ տեղի չի ունեցել, բայց խոսակցություններ են շրջանառվում, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, թանգարանի տնօրենի պաշտոնի իր ֆավորիտն ունի։ Խոսքը Մարկ Գրիգորյանի մասին է, ով դեռ պարզ չէ՝ հայտ կներկայացնի՞, թե՞ ոչ։