Ինչպես հիմնեցի կուսակցություն

Ինչպես հիմնեցի կուսակցություն

Ասված խոսք է` ճակատագրից փախչել չի լինի: Դա չի հաջողվել նույնիսկ հին հրեից արքա Աքաաբին, որ հասարակ զինվորի զգեստ հագնելով՝ մարտի մեջ մտավ` ի հակառակ մարգարեի նախազգուշացման, բայց այդկերպ մահից չխուսափեց: Զի մահը սակրավորի պես բան է` ուր էլ թաքնվես` մեկ է, գտնում է...

Սա ինչո՞ւ եմ ասում: Որովհետեւ դեռ բոլորովին վերջերս կարծում էի, թե թոշակի գնալու վտանգն ինձ չի սպառնում` ինչպես որ մյուս մահկանացուներին: Բայց օրը եկավ, ու ինձ վաստակած հանգստի ուղարկեցին: Է…, հանգիստը` հանգիստ - մի՜ օր, երկո՜ւ օր, մի՜ ամիս, երկո՜ւ ամիս, հետո՞... Բանավիճելու շնորհքս զարգացավ․ դե որ ողջ օրը կնկադ հետ տանն անցկացնես, հետեւանքն ուրիշ ի՞նչ պիտի լինի...

Դե որ զարգացավ (բանավիճելու շնորհքս), այգու իմ ընկեր բիձայակույտի մեջ էլ աչքի ընկա էդ կողմից, դարձա լիդեր: Ու մի օր էլ խելքիս նստեց կուսակցություն բացելու միտքը՝ մի հատ էլ ես բացեմ, էլի, ի՞նչ կլինի որ (թեեւ առանց այն էլ ԱՊՀ-ում բնակչության մեկ շնչին ընկնող կուսակցությունների թվով Հայաստանն առաջին տեղում է): Թող կոչվի ՆԵԿ (նախկին երիտասարդների կուսակցություն), այգին էլ հո մեր ձրի ժողովատեղին է: Մնում էր կազմակերպել հիմնադիր համագումարը, գրել կանոնադրությունը եւ այլն: Ծերուկներս համաձայնեցին: Իմ ելույթում շեշտեցի, որ ամենակարեւորը գաղափարական միասնությունն է, թե չէ ինչի՞ էր նման լուսահոգի Կռիլովի` կենդանիներից կուսակցություն կազմելու փորձը․- կարապը գնաց կոնսերվատորիա` «Կարապի երգը» սերտելու, խեցգետնին գայթակղեց-տարավ գարեջրասերների միությունը, գայլաձուկն էլ ընկավ ոչխարաձկների հետեւից...

Պետք էր գրել կուսակցության մանիֆեստը: Կոմունիստականն այսպես էր սկսվում (զառամած` բայց լավ էլ հիշում էինք). «Մի ուրվական է շրջում Եվրոպայում - դա կոմունիզմի ուրվականն է...»: Մենք էլ գրեցինք. «Մի ծերունի է շրջում Հայաստանում, բայց նա ամենեւին էլ ծերունի Խոտտաբիչը չէ»:
Նշանաբան էր պետք ընտրել: Առաջարկություն եղավ` ընդօրինակել բոլշեւիկյանը. «Կայծից բոց կբռնկվի» (հե՜յ գիտի «Իսկրա» թերթ...), բայց չընդունվեց, որովհետեւ մեր ժողովներն այգում էինք անցկացնելու, եւ թաղապետարանը` հակահրդեհային նկատառումներով, դա թույլ չէր տա:

Անդամավճարի չափը որոշելու հարցը որոշեցինք հետաձգել` մինչեւ որ մեր թավշյա կառավարությունը կբարձրացնի թոշակները: Առաջարկություն եղավ այգու հավաքարար` կուսակցությանն անդամակցելու ցանկություն հայտնած տիկին Աշխենին ընդհանրապես ազատել անդամավճարից` վճարի օբյեկտի բացակայության (իմա` այն չունենալու) պատճառով:
Մեկ էլ` պոչատ գդալի պես ամեն ինչի մեջ ընկնող մեկն առաջարկեց, որ մեր կազմակերպությունը հին ձեւով «պարտիա» անվանենք․ ինչո՞ւ «կույսակցություն», եթե բոլորս էլ մեր դարն ապրած, բայց տեսած տղերք ենք: Էստեղ ուղղեցի, որ ոչ թե «կույսակցություն», այլ` «կուսակցություն» (թեեւ տարբերությունը շատ էլ հասկանալի չէ):

Մեր միջի ամենաժլատին` կապեչնիկ Ենոքին, նշանակեցինք կուսակցության գանձապահ, բայց նրա գործունեությունը պիտի սկսվեր անդամավճարների հարցը լուծելուց հետո:

Նորակազմ կուսակցության անդամներին արգելվեց այգու տարածքում բաց տեքստով հայհոյելը (կազմեցինք հատուկ ծածկագրված հայհոյանքների ձեռնարկ)` նույնիսկ այն դեպքերում, երբ նարդի խաղալիս հակառակորդը երեք անգամ անընդմեջ «դուշեշ» է գցում: Թույլատրվեց շարունակել օգտվել թզբեհներից, պայմանով, որ «Խեր, շառ, Աստված»-ի փոխարեն թզբեհ գցելիս արտասանվի «Աստված, շառ, խեր», թեեւ սրա հիմքում պարզ նկատվում էին ինչ-որ սնոտիապաշտական հակումներ...

Զավեն ԲԵԿՅԱՆ