Ուրեմն 5 հոգանոց ընտանիքը պիտի ունենա 5 լվացքի մեքենա

Ուրեմն 5 հոգանոց ընտանիքը պիտի ունենա 5 լվացքի մեքենա

Հարցազրույց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՃՈ նախկին պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի հետ

- Տեղեկություններ կան, որ ոստիկանության նոր ռազմավարությունը կյանքի կոչելուց եւ ներքին գործերի նախարարություն ձեւավորելուց հետո ոստիկանության ներքին զորքերն այլեւս սահման չեն պահի, ինչն անում են հեղափոխությունից հետո՝ 2018-ի օգոստոսից սկսած։ Ինչո՞ւ։

- Այո, կա նման մտադրություն։ Ներքին զորքերը կառավարվելու են միայն ոստիկանության օրենսդրությամբ եւ ապառազմականացվելու են։ 

- Իսկ ո՞րն է լինելու հիմնավորումը։

- Ոստիկանությունը պիտի ապառազմականացված լինի, եւ եթե պատերազմ չէ, չպիտի ռազմական գործընթացներին ներգրավվի։ Ինքը պիտի հասարակական կարգ պահպանի, կարեւորագույն օբյեկտներ, քաղաքացիներին աջակցություն, իրավակարգի պահպանություն եւ այլն, այն, ինչ որ արել է։

- Հեղափոխությունից հետո, եթե չեմ սխալվում, Փաշինյանի որոշմամբ, այդ զորքերը լծվեցին սահմանի պահպանությանը, նա ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ միշտ խոսում էր այն մասին, որ ներքին զորքերում ծառայող հազարավոր ոստիկանները պիտի սահման պահեն, ոչ թե ներքաղաքական դաշտում օգտագործվեն։ Հիմա ինչո՞ւ է նորից հետողորմյա արվում։

- Այո, զորքերի մի մասն օգտագործվեց սահմանը պահելու, մինչեւ որ զորքերի կարգավիճակը հստակեցվի։ Ես պիտի ասեմ, որ ընդհանրապես զորքեր չեն լինելու, լինելու է ազգային գվարդիա։

- Մի կողմից ասվում էր, որ սահման պահելու խնդիր կա, մյուս կողմից՝ սահման պահող այդ ոստիկանները պարբերաբար բողոքում էին, որ լրացուցիչ չեն վարձատրվում։ Ի վերջո, որոշում կա վերադարձնել ելման կետին, երբ այդ զորքերը ներքաղաքական հարթակում էին օգտագործվում։

- Ոչ, ոչ, ինստիտուցիոնալ փոփոխություններ են լինելու։ Ստեղծվելու է ՆԳ նախարարություն, որն իր մեջ ներառելու է ոստիկանությունը եւ այլ ծառայություններ՝ ոստիկանության գործունեության հետ կապ չունեցող։ Այսօրվա ոստիկանությունը համարժեք չէ հանցավորության տիրող իրավիճակին, ոստիկանությունը չունի համարժեք գործիքակազմը, լիազորությունները՝ իր առջեւ դրած խնդիրները լուծելու համար: Ռազմավարության մեջ մեծ ծավալի աշխատանք է կատարված, դրա արդյունքում ոստիկանությունը կլինի տեխնիկապես զինված, այսօրվա ժողովրդավարական իրավակարգին համապատասխան, կբարձրանա ոստիկանության իմիջը: Օրվա իշխանություններին ծառայող, հարկադրանք կիրառող ոստիկանության իմիջը կփոխակերպվի հասարակության անվտանգությունը պահպանող, հարգանք վայելող ոստիկանի կերպարով: Քրեական ոստիկանությունում բարեփոխումներ կլինեն։ 

- Ոստիկանությունը ՀՀՇ-ի ժամանակ էլ ՆԳՆ էր, վերադարձ է լինելու անցյալի՞ն։

- Նախկինում, այո, ՆԳՆ է եղել, բայց ՆԳՆ-ն երբ դարձավ կառավարությանն առընթեր ոստիկանություն, որեւէ էական փոփոխություն տեղի չունեցավ: Իսկ այժմ ՆԳՆ դառնալու անհրաժեշտությունը պայմանավորված է խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողությունն ավելի արդյունավետ դառնալու, քաղաքական պատասխանատվությունը բարձր մակարդակի վրա դնելու համար։

- Այդուհանդերձ, 2 տարի առաջ սխա՞լ որոշում կայացվեց, երբ ներքին զորքերին ուղարկեցին սահման։ Հիմա, որոշ ժամանակ հետո էլ կարող է պարզվի, որ․․․

- Ոչ, սխալ որոշում չէ, պարզապես ապագա փոփոխությունների տրամաբանության մեջ չի մտնում, կոնկրետ լիազորությունների սահմանազանցություն է գնում։ Բացի այդ, աուդիտ պետք է արվի՝ ոստիկանական ուժերի, միջոցների, ռեսուրսների, նաեւ իրավական դաշտի, որպեսզի հասկանանք, թե ինչ ռեսուրսներ են պետք, ինչ թվաքանակ եւ այլն։

- Նախօրեին Արցախի զորամասերում կրկին 2 զոհ ունեցանք, միայն հունվարին 13 օրում 7 զոհ ենք ունեցել․ ձեզ՝ իշխանությանը, չի՞ մտահոգում այս փաստը, ինչո՞ւ լսումներ չեն կազմակերպվում, չի խոսվում այդ մասին։ 

- Մեր հետաքրքրությունն ամենօրյա է, մենք ուսումնասիրում եւ ավելի խորն ենք ուսումնասիրելու բանակում դժբախտ դեպքերի նպաստող պայմանները, իհարկե, քննարկումներ լինելու են, տարբեր ֆորմատի քննարկումներ են լինելու, արդյունքներում, այո, բացառված չէ, որ հանձնաժողովն իր խոսքը կասի եւ կառաջարկի այս ուղղությամբ միջոցառումների որոշակի պլան։

- Ունե՞ք ուսումնասիրություններ՝ աճե՞լ է այդ վիճակագրությունը, թե՞ ոչ, իրավապաշտպանների հայտարարությունների համաձայն՝ նկատելի է աճ, ի՞նչ է ասում պաշտոնական վիճակագրությունը։

- Որքանով գիտեմ, շատ չի տարբերվում նախանցած տարվա ցուցանիշներից, բայց կոնկրետ վիճակագրություն չեմ կարող ասել, այս պահին ձեռքիս տակ չկա որեւէ փաստաթուղթ։

- Իսկ արդարացվա՞ծ եք համարում այն բացատրությունը, թե բանակը հասարակության հայելին է, այսինքն՝ ողջ պատասխանատվությունը դնել հասարակության վրա, ինչպես արեց վարչապետը՝ ասելով․ գնացեք բակեր, տեսեք ինչ է կատարվում։ 

- Սա ոչ թե տեսակետ է, այլ գիտականորեն հիմնավորված դրույթ է, որ այն, ինչ հասարակության մեջ կա՝ թե՛ լավը, թե՛ վատը, դա իր արտացոլանքը գտնում է բանակում, սոցիալական այլ խմբերում։ Հանրության միջից եւ բանակից պիտի հատկապես արմատախիլ անել քրեական ենթամշակույթը։

- Նույն հիմնավորումը ժամանակին ներկայացնում էր նաեւ Սերժ Սարգսյանը, իսկ ընդդիմությունն էլ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հակադարձում էր, թե բանակը մի կառույց է, որը պիտի գործի հստակ ռեժիմի, օրենքների պայմաններում։ Հիմա ինչո՞ւ չեն պահպանվում այդ նորմերը, եւ ներկայացվում է նախկին արդարացումը։

- Այդպես չէ, այսօր շատ բան է արվում, ավելին՝ այնպիսի բաներ, որոնք երբեւէ չեն արվել եւ նախադեպը չունեն, օրինակ՝ քրեական ենթամշակույթը քրեականացնելու։ Սա քայլերից մեկն է, որն աննախադեպ է։

- Արդյունքները տեսանելի չեն, եթե չասենք հակառակը։

- Շատ շուտ է արդյունքների մասին խոսելը, որովհետեւ նոր է ընդունվել օրենքը։

- Ընդունո՞ւմ եք, որ բանակի խնդիրը լվացքի մեքենաները չեն։

- Այո, խնդիրը ոչ թե լվացքի մեքենաներն են, այլ քրեական ենթամշակույթը, վարչապետն էլ նշեց, որ եթե նույնիսկ լվացքի մեքենաների հարցն էլ լուծվեց, միեւնույն է՝ եթե այդ մշակույթը կա, ապա անպայման պատճառ կգտնվի այդ քրեական ենթամշակույթի տիրույթում հարցերը քննարկելու համար։

- Եթե նկատի ունեք վարչապետի ասածը, որ զինվորները չեն ուզում իրենց վարտիքները միասին լվանալ, ապա հանրության տարբեր ներկայացուցիչներ արձագանքեցին, որ դա տարրական հիգիենայի հարց է։

- Դե, եթե վարտիքի հարցը սովորական հիգիենայի հարց է, ուրեմն ընտանիքի 5 անդամները պետք է ունենան 5 լվացքի մեքենա։