Ոստիկան ծեծելու ու անպատիժ մնալու էքսկլյուզիվը (Տեսանյութ)

Ոստիկան ծեծելու ու անպատիժ մնալու էքսկլյուզիվը (Տեսանյութ)
Ամուլսար

Շաբաթ օրը Ամուլսարում տեղի ունեցածը, թերևս պետության անգործունակ լինելու ցուցադրություն էր: Քննչական կոմիտեն և փորձագետները չկարողացան մուտք գործել Ամուլսարի տարածք: Ոստիկանների, քննիչների ու ճանապարհները փակած խմբի միջև նույնիսկ ծեծկռտուք եղավ: Ընդ որում, Լիդիան ընկերությունը հայտարարություն տարածեց, որ ինքը դրան չի մասնակցել: Կա՞, արդյոք որևէ այլ երկիր, ուր իրավապահները՝ Քննչական կոմիտեն փորձի քննչական գործողություններ իրականացնելու համար մուտք գործել որևէ տարածք ու նույնիսկ ոստիկանության միջամտությամբ, չկարողանա դա անել: Կարո՞ղ են, օրինակ, ԱՄՆ-ում, 50 մարդ խոչընդոտել, ենթադրենք Հետաքննությունների դաշնային բյուրոյի մուտքը որևէ տարածք ու հարձակվել ոստիկանների վրա: Հայաստանում, պարզվում է, կարող են: Ու դա ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունի:

Արդեն մեկ տարուց ավելի ճանապարհը դեպի Ամուլսարի տարածք փակ է: Պետությունը հայտարարում է, թե փորձաքննություն է պատվիրել, ու դրանից հետո կորոշի՝ բացել ճանապարհները, թե ոչ: Առանձին քննարկման թեմա է, թե ինչ սկզբունքով են փորձաքննություն անում Ամուլսարում, եւ չեն անում այլ հանքերում: Բայց նույնիսկ այդ դեպքում, շաբաթ օրը պետությունը ցուցադրեց, որ չի տիրապետում իրավիճակին՝ անկախ որևէ փորձաքննության արդյունքներից: Ու հավանաբար դա է պատճառը, որ փորձաքննության արդյունքները համառորեն չեն հրապարակվում, չնայած հայտնի է, որ վաղուց պատրաստ են: 

Ի՞նչ կհասկանա այս ամենից պոտենցիալ ներդրողը, երբ տեսնի կադրերը, թե ինչպես է 50 հոգանոց խումբը հարձակվում Քննչական կոմիտեի ու ոստիկանության աշխատողների վրա: Եթե դուք փող ունենայիք, կներդնեի՞ք մի երկրում, որտեղ պետությունը չի կարողանում իրականացնել իր գործառույթները:

Ընդ որում, պետությունը ակնհայտորեն ընկրկում է նույնիսկ ոչ թե մեծամասնության, այլ առավել բարձր գոռացողների առաջ: Երբ Ջերմուկում Ամուսարի դեմ հրավիրված համայնքային ժողովին 6 հազարանոց համայնքից մոտ 100 հոգի է մասնակցում (տես լուսանկարը), որի մի մասը՝ Երևանից եկած ակտիվիստներ, դա չի խոսում հանրային պահանջի մասին: 100 հոգին էլ, անշուշտ, իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնելու: Բայց ինչո՞վ պետք է առաջնորդվի կառավարությունը, պետության ու մեծամասնության շահով, թե՝ առավել բարձր գոռացող խմբից ընկրկելով ու հարցի արմատական լուծումից խուսափելով: 

Կից տեսանյութում, երեկ տեղի ունեցած ժողովում երևանցի ակտիվիստը ջերմուկցիների խմբին կոչ է անում մինչև Ամուլսարի փարձաքննության հրապարակումը բողոքի քայլերթ անել եւ պահանջել, որ կառավարությունը փորձաքննության իրենց ուզած «արդյունքները» հրապարակի: Այսինքն՝ ակտիվիստը կարծում է, որ իրենց ճնշման տակ կառավարությունը կարող է հրապարակել ոչ թե 400 հազար դոլար արժեցած փորձաքննության օբյեկտիվ արդյունքները, այլ ակտիվիստների ուզած «տարբերակը»: Այդ պարագայում՝ ինչ իմաստ ուներ բյուջեից այդքան գումար ծախսելը: Ու զարմանալի չէ, որ մեր երկրում ներդրումները գնալով նվազում են: Իսկ ակտիվիստների հետ չհամաձայնող հատուկենտ անձանց թշնամի ու դավաճան են անվանում։


Հայկ Վարդանյան
Իրավաբան