«Կյանք ու կռիվ» Կենտրոնի դատարանի առջև 

«Կյանք ու կռիվ» Կենտրոնի դատարանի առջև 

Այսօր՝ առավատոյան ժամը 08։30-ի դրությամբ, անսալով նախորդ օրը վարչապետի կոչին, ըստ որի ՀՀ տարածքում  դատարանները պիտի արգելափակված լինեն, բոլոր դատարանների, Բարձրագույն դատական խորհրդի և արդարադատության նախարարության մուտքերը փակված էին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրի դռները նույնպես փակվել էին ցուցարարների կողմից․ մոտ 30-40 քաղաքացիներ տարբեր պաստառներով, անձրևանոցներով ու վանկարկումներով կաթվածահար էին արել դատարանի աշխատանքը։

Դատարանի աշխատակիցներն ու դատավորների օգնականները լուռ կանգնել էին դատարանի շենքի առջև՝ փորձելով որևէ կերպ աչքի չընկնել և սպասելով վարչապետի՝ 12։00-ին խոստացված ելույթին։ Դատարանի առջև էին եկել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, առհասարակ խմբակցությունը ցրվել էր ողջ Երևանով մեկ, սակայն անհասկանալի էր նրանց ներկայության դրդապատճառները․ որևէ կերպ չէին ցանկանում մեկնաբանել վարչապետի գրառումն ու դատարանի դիմաց հավաքվելու բուն առիթը՝ նշելով, որ դատարան են եկել սադրանքներ թույլ չտալու համար, սակայն «սադրանքների» ու վիճաբանությունների ժամանակ էլ առանձնապես չէին միջամտում, տպավորություն էր , որ ավելի շատ հսկում էին դատարանի մուտքերը փակելու պրոցեսի հաջող ընթացքը, քան թե «խաղաղության աղավնիների» դեր էին կատարում։ Ապա դատարան եկավ վարչապետ Փաշինյանը, պտույտ արեց, բարձրացավ դատարանի աստիճաններով, ճշտեց՝ «հո շատ չե՞ն թռչվել», 1-2 սելֆի արեց ու հեռացավ, որևէ հարցի չպատասխանելով։

«Ես քանի որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եմ, ԱԺ պատգամավոր, իմ խնդիրը այստեղ, անկախ նրանից, թե ինչ է կատարվում, այնպես անել, որ այստեղ հարթ ընթանան պրոցեսները։ Այսինքն՝ ես սա տեսնում, ընկալում, մեկանաբանում եմ որպես ժողովրդի բողոք, ժողովրդի անվստահություն դատական համակարգի նկատմամբ։ Սա մտածելու տեղիք է տալիս, մենք անընդհատ պերմանենտ ուսումնասիրությունների մեջ ենք, թե ինչպե՞ս անել, որ դատական համակարգը հնարավորինս արդյունավետ գործի։ Սա մի իրավիճակ է, երբ ժողովուրդն իր անվստահությունն է հայտնում, և ես պարտավոր եմ հասկանալ՝ ինչո՞ւ, և ես պարտավոր եմ այնպես անել, որ այս անվստահությունը հայտնելու փուլում որևէ մեկը հանկարծ չտուժի»,- պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ի՞նչ է տեղի ունենում երկրում և ինչու է ինքը եկել դատարան, ասաց « Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Բայց չէ՞որ բողոքի ակցիաները ինքնաբուխ չեն, վարչապետն է հորդորել փակել դատարանի դռները, և արդյոք այս քայլով վարչապետը, օգտագործելով իր հեղինակությունը, չի ցանկանում  քաղաքական հարցեր լուծել․

«Կարելի է շատ տարբեր կերպ մեկնաբանել այս երևույթը։ Օրինակ ես մեկնաբանում եմ մի փոքր այլ տարբերակով․ վարչապետը հերթական անգամ ժողովրդին հիշեցրեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այսինքն՝ եթե որևէ բան դուք գտնում եք, որ այնպես չի աշխատում, որ բավարարի ձեր պահանջները, դուք ունեք լիարժեք իրավունք դրա դեմ բողոքելու։ Ոչ թե մի տեղ արտահայտվելու ու անցնելու, այլ իշխանությունը ձերն է, իրացրեք ձեր իշխանությունը»,- պատասխանեց Բադալյանը։

Բայց ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից 3 օր հետո Փաշինյանը որոշեց ժողովրդին հիշեցնել, որ իշխանությունն իրենցն է․ այս հարցին Բադալյանը այսպես պատասխանեց․

«Պարբերաբար հիշեցնում է, այնպես չէ, որ աննախադեպ է այդ հիշեցումը, այիսնքն՝ ոչ ոք չէր հիշեցրել ու հանկարծ որոշեցինք հիշեցնել, որ իշխանությունը ձերն է»։

Հենց դատարանի դռների առջև դատարանի մուտքը փակած ակտիվիստները լսեցին Փաշինյանի ելույթները։ Նախ վարչապետը խոսեց «վեթթինգի» ու դատավորների հրաժարականների մասին, ապա անցումային արդարադատության, մոտ մեկ ժամ հետո էլ հորդորեց բացել դատարանների մուտքերը։ Ցուցարարները դեռ չէին սկսել մուտքերը   բացելու գործընթացը, մեկ էլ, ինչպես ամպրոպն անամպ երկնքում, Կենտրոնի դատարան եկավ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, իսկ « ներկայացումն» էլ «թավյշա կոմեդիայից» միանգամից անցավ « փողոցային տրոգեդիայի»։ Նախ Պողոսյանը հայտարարեց, թե «ո՞վ է, որ իրեն չի թողնում ներս մտնել», աջ ու ձախից լսելով « ես-ես» վանկարկումները՝ ընկրկեց ու վայր իջավ, իսկ մի կին էլ այդ ընթացքում սկսեց հարցեր ուղղել Մարտի 1-ի ու 10 զոհերի վերաբերյալ․

« Ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել 10 զոհի համար, ոչ մեկին, որովհետև էդ ժամանակ, էս բացահայտումները, որ անում են․․․, հիմա էլ ոչ ոք ոչ մի բան չի բացահայտում։ Որովհետև ձեզ ուղղորդում են, դուք ասում եք 10 զոհի համար, ես էլ եմ ուզում, որ 10 զոհի պատասխանատուները բացահայտվեն, էս պահի դրությամբ որևէ անձի մեղադրանք առաջադրված չէ որևէ անձի սպանության համար։ Այսինքն՝ էդ ամեն ինչը հիմա լրատվական դաշտերով մյուս տեղերով ասում են՝ այդ 10 հոգու մեղավորները » , - ի պատասխան ասաց Միհրան Պողոսյանը, ապա իր հասցեին վիրավորական արտահայտություններ լսելով փորձեց ոստիկանների ձեռքերից ազատվել ու հարցերը պարզել, սակայն վերջիններս կարողացան Պողոսյանին փրկել զայրացած բազմությունից։

Այնուամենայնիվ փորձեցինք նաև հասկանալ, թե ի՞նչ մղումներով ու մոտիվացիայով էին քաղաքացիները փակել դատարանի մուտքերը, և ի՞նչ հասկացան վարչապետի ուղերձից․
« Վարչապետը բավականին մարտական է տրամադրված այս կոռուպցիոն համակարգի առողջացման ուղղությամբ քայլեր կատարելու, և մասնավորապես դատական համակարգի։ Բոլոսրիս էլ հայտնի է, թե ինչ վիճակում է դատական համակարգը, կոռուպցիայի մեջ խրված։ Համենյանդեպս, անաչառություն հաստատելու համար մենք բոլորս պետք է պայքարենք»,- ասաց քաղաքացիներից մեկը։

« Ես այսօր այստեղ եմ եկել, որովհետև այս 30 տարվա մեջ էս մի տարին է, որ ես ինձ երջանիկ եմ զգում։ Ինչ որ հասկացա, դա իմ մեջ թող մնա, ես ինձ երջանիկ եմ զգում՝ չնայած որ ո՛չ աշխատանք ունեմ, ո՛չ՝ բան, բայց ինձ շատ երջանիկ եմ զգում»,- հավելեց մյուսը։
Վարչապետի հորդորը հնչեց՝ « դատարանների մուտքերը բացել», դատական համակարգից բողոքողները գնացին իրենց տները։