Դատապարտել են բողոքի ցույցերը ճնշելու համար 

Դատապարտել են բողոքի ցույցերը ճնշելու համար 

Եվրամիության եւ վերջինիս անդամ պետությունների համար լայնածավալ եւ անհամաչափ ուժի կիրառությունը իրանական իշխանությունների կողմից՝ ընդդեմ ցուցարարների, ովքեր դուրս էին եկել իրենց բողոքն արտահայտելու Մահսի Ամինիի մահվան կապակցությամբ, համարվում է անընդունելի եւ չարդարացված։ Այս մասին իր թվիթերյան օգտահաշվում գրել է ԵՄ դիվանագիտական կառույցի ղեկավար Ժոզեպ Բորելը։

Գրառման մեջ շեշտվում է, որ Մահսի Ամինիի մահվանից հետո, երբ իրանցի կանայք եւ տղամարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի, դրանով նրանք իրացրել են հավաքների եւ բողոքի գործողությունների իրականացման իրենց հիմնարար իրավունքը։ Իրանական իշխանությունները, սակայն, չնայած զսպվածություն ցուցաբերելու կոչերին, անհամաչափ ուժ են կիրառել, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի եւ վիրավորման դեպքերի։ Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ անհանգստացնող է նաեւ այն, որ իրանական իշխանությունները որոշել են կտրուկ սահմանափակել ինտերնետի եւ տեղեկատվության փոխանակման հարթակների հասանելիությունը, որով կոպտորեն խախտվում է կարծիքի արտահայտման իրավունքը։

Բորելը նաեւ գրել է, որ ԵՄ-ում ակնկալում են, որ իրանական կողմը կհստակեցնի, թե քանի զոհված ու ձերբակալված կա, եւ ազատ կարձակի բոլոր այն ձերբակալվածներին, ովքեր հայտնվել են բանտում այն պատճառով, որ ոչ բռնի բողոքի ցույց են իրականացրել, իսկ Մահսի Ամինիի սպանությունն էլ հարկ եղածի պես կհետաքննվի եւ բոլոր մեղավորները կպատժվեն։