Մինչև 2022 թվականը կասեցվում է ուսուցիչների ատեստավորման գործընթացը

Մինչև 2022 թվականը կասեցվում է ուսուցիչների ատեստավորման գործընթացը

Նախօրեին կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են հանրակրթության ոլորտի պատասխանատուները, դպրոցների տնօրեններ: ԿԳ նախարարը նշել է, որ կառավարության որոշմամբ ավագ դպրոցների այս տարվա ֆինանսավորումն ավելացվել է շուրջ 1 մլրդ դրամով: Գումարը հատկացվել է կրթության ոլորտի այլ ծրագրերով նախատեսված աշխատանքների ֆինանսավորման վերաբաշխման եւ տնտեսման հաշվին: 
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ ավագ դպրոցների հաստիքացուցակների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ: Սահմանվելու է հետեւողական եւ խիստ վերահսկողություն, որպեսզի ավելորդ, չհիմնավորված տեխնիկական հաստիքներով դպրոցների բյուջեները չծանրաբեռնվեն:  Առաջնահերթությունը, ըստ նախարարի, պետք է տալ դպրոցի բովանդակային բարելավմանը եւ կրթության որակի բարձրացմանը միտված աշխատանքներին:

Բացի այդ, հաստատվել է 7 ավագ դպրոցների կապիտալ վերանորոգման ծրագիրը, որում ընդգրկվել են նորոգման առաջնային եւ հրատապ անհրաժեշտություն ունեցող դպրոցները: Անդրադառնալով բովանդակային բարելավմանը` նա նշել է, որ այս տարի ավագ դպրոցները ստանալու են շուրջ 300 նոր լաբորատորիաներ` հագեցած ժամանակակից սարքավորումներով: Նաեւ փոփոխություններ են կատարվելու խորհուրդների կազմավորման եւ տնօրենների ընտրության կարգերում: Բացի այդ, հաշվի առնելով, որ այժմ մեկնարկել է կրթության բովանդակության վերանայման լայնածավալ փուլը եւ չափորոշիչների ու առարկայական ծրագրերի փոփոխումը,  նախատեսվում է մինչեւ 2022 թվականը կասեցնել ուսուցիչների պարտադիր վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացը: 

Թե ինչքան գումար է ավելանալու իրենց դպրոցի դեպքում, Երեւանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցի տնօրեն Արմինե Արշակյանն ասաց, որ հաշվարկելու բանաձեւը կախված է աշակերտի թվից․ «Մեր դպրոցի դեպքում, քանի որ  աշակերտների թիվն ավելացել է, մեր ֆինասնավորումն էլ է ավելացել»։      

Երեւանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցի տնօրեն Մարինե Սողոմոնյանը հանդիպումից տպավորված է վերադարձել․ «Իհարկե, բոլորս գիտենք, որ մի քիչ մտահոգություն կա դպրոցներում աշխատավարձերի հետ կապված, բայց երեկվա հանդիպումից հետո հասկացանք, որ լինելու է 1 մլրդ ֆինանսավորում, բնականաբար, գործակիցը կբարձրանա, եւ ուսուցիչներն իրենց վաստակի դիմաց կստանան այն շոշափելի աշխատավարձը, որը կգոհացնի բոլորին։ Քանի որ լավատես եմ, վստահ եմ՝ այդպես էլ լինելու է, քանի որ նախարարն է ասել։ Չեմ կարծում, որ ուսուցիչները պետք է տխրեն, ու անընդհատ բողոքի ձայներ լինեն»։ Տնօրենը շատ է ուրախացել հատկապես լաբորատորիաների համար, ասում է՝ թեպետ իրենց դպրոցում ունեն, բայց խղճուկ են, իսկ եթե դրանք զինվեն նոր սարքավորումներով, ապա բնագիտամաթեմատիկական հոսքի աշակերտների ակտիվությունը կմեծանա, ինչը կարեոր է ավագ դպրոցի համար․ «Մեզ խոստացան, որ կլինի»։ Նրա կարծիքով, մեկ մլրդ-ն փոքր գումար չէ դպրոցների համար, իսկ թե մոտավորապես ինչքան է իրենց բաժին հասնելու, դեռ հաշվապահի հետ չեն հաշվարկել։     

Երեւանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանն ասում է, որերբ  հատկացված 1 մլրդ-ն բաժանում ես դպրոցների միջեւ, դրանք հազիվ ծածկում են շենքի պահպանման եւ կոմունալ ծախսերը։ Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ, գոհ է եղել հանդիպումից, նախարարի վերաբերմունքից․ «Նախարարն ասաց, որ ամբողջ ծանրությունը ձեզ վրա է, թող ամեն տնօրեն իրեն տնօրեն զգա, մենք չենք գալու ձեզ ասենք՝ ոնց անեք, ինչ անեք։ Ինձ համար սա էական էր, այսինքն՝ եթե տնօրեն ես, քո աշխատանքը գիտես՝ արա, ի՞նչ իմաստ կա դիմացինին ուղարկել նախարարություն»։

Այսինքն՝ տնօրեններին գործելու ավելի մեծ անկախությո՞ւն կտրվի։ «Օրենքով էդպես էլ կա, ուղղակի էդ վախկոտության պահը կա՝ սպասեք մի հատ նախարարին գրեմ, նոր, բայց կարգը դիմացդ դրված է, ուրեմն ըստ կարգի շարժվի։ Այսինքն՝ նախարարը հորդորեց փոխել առաջվա մտածողությունը՝ զանգ տամ, վերեւից ճշտեմ՝ թույլ տա՞ն, թե՞ թույլ չտան։ Ասաց՝ ինքներդ աշխատեք, եթե կա խնդիր, որ չես հասկանում, կամ օգնության կարիք կա, խնդրեմ, կրթության վարչություն դիմեք»,-ասում է ու կարեւոր համարում այն փաստը, որ 300 թե՛ մարզային, թե՛ քաղաքային դպրոց ստանալու է նոր լաբորատորիաներ։ 

Նախատեսվո՞ւմ է արդյոք մանկավարժների աշխատավարձերի բարձրացում, դրա մասին խոսք չի գնացել․ «Այնպիսի ծայրահեղ վիճակ է, որ մարդիկ չեն կարողանում աշխատավարձ տալ, կոմունալ ծախսերը փակել, բայց էլի այդ սուղ միջոցներով կառավարությունը փորձում է ավագ դպրոցների դերը բարձրացնել»։  

«12-ամյա կրթության հետ կապված՝ ավագ դպրոցներում աշակերտների թիվը պակասել էր, դրա համար նախարարությունը գործակից փոխեց, որպեսզի կարողանան ֆինանսավորվեն այդ դպրոցները։ Ճիշտ կլիներ, որ այդ տարիներին ավագ դպրոցներին լրացուցիչ փող տար պետությունը, որովհետեւ աշակերտ քիչ ունեին։ Այդ տարիներին ուսուցիչներն ահագին աշխատավարձ կորցրեցին, նույնիսկ կրճատվողներ եղան»,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ու, անդրադառնալով նոր լաբորատորիաներին եւ սպասվող վերանորոգումներին, նկատում, որ դրանք Համաշխարհային բանկի ծրագրերն են՝ նախկինում հաստատված։

«Ինձ մի բան զարմացրեց, որ առաջիկա 2-3 տարում դադարեցվում է ուսուցիչների վերապատրաստումը եւ ատեստավորումը։ Դա ինձ համար անհասկանալի է, որովհետեւ չի կարող երկիրը 2-3 տարի ուսուցիչ չվերապատրաստել։ Պետք է շարունակես հին սիստեմով աշխատել, մինչեւ նոր համակարգը պատրաստես։ Իրենք, հավանաբար, մտածում են՝ նոր բովանդակությունը մշակվի, ապա դրան համապատասխան սկսի վերապատրաստումները, բայց կան խնդիրներ, որ կարելի է առանց բովանդակության մշակման էլ այդ վերապատրաստումներն անել, ի վերջո՝ դա զրոյից գրվող բովանդակություն չի լինելու»,- ընդգծեց Խաչատրյանը։