Դատախազությունը փաստաթղթեր կհանձնի ռուսական կողմին՝ Պողոսյանին հանձնելու համար

Դատախազությունը փաստաթղթեր կհանձնի ռուսական կողմին՝ Պողոսյանին հանձնելու համար

ՌԴ իրավապահները Կարելիայի Հանրապետությունում ձերբակալել են ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին, որը հետախուզվում էր ՀՔԾ-ի կողմից: 

Դատախազությունից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է արտահանձնման գործընթացը։

«Իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը՝ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու գործընթացն իրականացնելու համար: Այս պահին պատրաստվում է դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսված ժամկետներում ՀՀ դատախազության կողմից կներկայացվի ռուսական կողմին»: 

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանն ապրիլի 15-ին որոշում է կայացրել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։