Պետությունը չի կարող կողքից դիտել, թե ինչպես են անճաշակ ու թանկ ծառայություններ մատուցում զբոսաշրջիկին

Պետությունը չի կարող կողքից դիտել, թե ինչպես են անճաշակ ու թանկ ծառայություններ մատուցում զբոսաշրջիկին

Գարուն է, օրերը տաքացել են, եւ շուրջբոլորը լսվում է օտար խոսք՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։ Ինչը խոսում է այն մասին, որ զբոսաշրջության սեզոնը բացվել է, եւ զբոսաշրջիկները սկսել են ժամանել Հայաստան։ Ի դեպ, 21-րդ դարում զբոսաշրջությունը հիրավի մրցում է արդյունաբերության խոշոր եւ եկամտաբեր ճյուղերի հետ՝ իր բերած եկամուտների, դրամաշրջանառության մասով։ Իսկ որոշ երկրների ՀՆԱ-ում զբոսաշրջության ներդրումն այնքան մեծ է, որ երկրի ռազմավարությունը, տնտեսական քաղաքականությունը կառուցվում են դրա վրա։ Մեծ ներդրումներ են արվում զբոսաշրջության մեջ՝ նոր հոսքեր ներգրավելու միջոցներ են մտածում, հսկայական բուհեր են աշխատում մասնագետներ պատրաստելու վրա, տուրիզմին ուղղված ծառայությունների ճյուղեր են ստեղծվում, բիզնես ծրագրեր են կազմվում։ Մեր երկրում, ինչպես տնտեսության մյուս ճյուղերում, այս ոլորտում էլ բարձիթողի վիճակ է։ 

Նախ, պետականորեն զբոսաշրջությանը լուրջ չեն վերաբերվում։ Ամեն հարցի հետ կապված՝ կարող են խորհրդակցությունների շարքեր հրավիրել, կառավարության նիստեր նվիրել, ներդրումներ անել, որոնց արդյունավետությունը որեւէ կերպ արդարացված չէ։ Հսկայական նախարարություններ ու ոլորտային հիմնարկներ պահել՝ պետբյուջեից սնվող, իսկ զբոսաշրջությունն այնպես՝ ձեռքի հետ։ Մի խեղճուկրակ կոմիտե կա՝ զբոսաշրջության, որը ո՛չ հեռահար ռազմավարություն է մշակում, ո՛չ ֆինանսներ է տնօրինում, ո՛չ որեւէ կերպ ազդեցություն ունի այս ոլորտի զարգացման վրա։ 
Ընդ որում՝ ե՛ւ պետությունը՝ պետական բյուջե մտնող մուտքերի տեսքով, ե՛ւ մասնավորը։ Ի դեպ, զբոսաշրջությունը նաեւ ամենադեմոկրատական ոլորտն է՝ այստեղ շրջանառվող փողերից բաժին է հասնում պոպ-կորն վաճառող տատիկից ու տաքսու վարորդից մինչեւ 5 աստղանի հյուրանոցներ ու ավիաընկերություններ։ Այնպես որ, սա «ամենաբարաքյաթով» ոլորտն է՝ բոլորի՝ ե՛ւ վարչապետի, ե՛ւ շարքային քաղաքացու շահերից բխող։ 

Իսկ ի՞նչ է զբոսաշրջությունը, եւ ինչպե՞ս են աշխարհում այս ճյուղից փող աշխատում։ Նախ, բնականաբար, զբոսաշրջությունը գնահատող-կարեւորող երկրներում մեծ ուշադրություն են դարձնում ինֆրաստրուկտուրաների վրա՝ նախեւառաջ ճանապարհներ, հյուրանոցներ, սննդի ու առեւտրի կետեր զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների մոտ, բենզա-գազալցակայաններ, հանրային արտաքնոցներ, ճանապարհային ուղեցույցներ։ Զբոսաշրջությունից փող աշխատող երկրներում հսկայական սպասարկող խավ են պատրաստում՝ հյուրանոցների ադմինիստրատորներից ու աշխատակիցներից մինչեւ թարգմանիչներ, տաքսիների վարորդներ եւ էքսկուրսավարներ։ Առհասարակ՝ այս խավի հետ շփվող մասսան անպայման յուրացնում է օտար լեզվի նվազագույն պաշար։ Զբոսաշրջային ընկերություններում մշակվում են հետաքրքիր մինի-ծրագրեր, զվարճություններ, ազգագրական ծեսեր, ազգային կերակրատեսակների ու մշակույթի տարրերով հագեցած արարողություններ, որոնց կարող են մասնակցել զբոսաշրջիկները։ Խելոք երկրներում այս ամենը չեն կենտրոնացնում մայրաքաղաքում, այլ ներգրավում են մարզերը, գյուղերը։ Առհասարակ՝ զբոսաշրջիկը չի գալիս Հայաստան իտալական կերակուրներ ուտելու եւ ուրբանիզացված միջավայրում օրը մթնեցնելու։ Նա էկզոտիկ հաճույքներ է ուզում՝ ազգային երգ-երաժշտություն, ծիսական միջավայր, ավանդական գյուղ։ Իսկ ինչ-որ հատվածի համար էլ, բնականաբար, պետք է գործեն կազինոներ, ջազ, թանկ ռեստորաններ։ 

Հիմա անդրադառնանք մեր երկրում զբոսաշրջության հետ կապված մյուս գործոններին։ Եթե էքսկուրսավարների եւ օտար լեզու տիրապետող ուղեկցողների հարցում քիչ թե շատ բարվոք վիճակ է, ապա ծայրահեղ վատ վիճակում են մյուս հարցերը։ Բռի ու խաբեբա տաքսիստների մի հսկա խավ է ձեւավորվել, որը գիշատիչի նման հարձակվում է հայկական իրականությունը չիմացող զբոսաշրջիկի վրա։ Հյուրանոցները եւ ավիատոմսերը, որպես կանոն, ավելի թանկ են, քան մեր կարգի շատ երկրներում։ Երեւանում պատմամշակութային միջավայր, հին Երեւան չկա, իսկ զբոսաշրջիկը սիրում է old tawn-ը։ Երեւանի կենտրոնում անգամ զբոսնելու հարմար փողոցներն են քիչ՝ միայն Պուշկինի, Արամի փողոցների անխնամ ու մայթերից զուրկ տարածքները բավական են, որպեսզի զբոսաշրջիկը չուզենա ոտքով շրջել քաղաքում։

Երեկոյան ժամը 10-11-ից քաղաքի զվարճանքային վայրերը մեռնում են՝ բաց ռեստորաններ-սրճարաններ չկան, անգամ Հանրապետության հրապարակի շատրվաններն են անջատում։ Իսկ զբոսաշրջիկն առավոտյան 8-ին աշխատանքի գնալու կարիք չունի, եւ գիշերային ուրախ կյանքն է նաեւ նրան գրավում, որ նա ժամանի տվյալ երկիր։ Այդ առումով Թբիլիսին օրինակելի քաղաք է, եւ հատկապես գիշերային բազմաբնույթ զվարճությունների առկայությունն է պատճառը, որ մեր հարեւան երկրում վերջին տարիներին զբոսաշրջությունը շեշտակի վերելք է ապրել։

Մեր ճանապարհները․ ավելի վատ դժվար է պատկերացնել։ Հատկապես մարզեր մեկնելու պարագայում այլեւս ոչ մի զբոսաշրջիկ չի ուզենա գալ Հայաստան կամ որեւէ ծանոթի խորհուրդ տալ այցելել Հայաստան։

Լավ է գոնե, որ այս տարի զբոսաշրջային նշանակության երկու ճանապարհ է նորոգվում-կառուցվում, մեկը՝ Լիանովիչի դենդրոպարկ տանող ճանապարհը՝ Ստեփանավանում, իսկ անցած տարի այս այգին՝ վատ ճանապարհի պայմաններում, այցելել է 25 հազար զբոսաշրջիկ։ Եվ երկրորդ ճանապարհը՝ Խոսրովի անտառ տանող, նույնպես նորոգվում է։ Բայց շատ ճանապարհներ, որոնք զբոսաշրջիկին հասցնում են պատմամշակութային օջախներ, վատ վիճակում են։ Մեր հուշարձանների կողքին այդպես էլ չձեւավորվեց զբոսաշրջիկին անհրաժեշտ միջավայր՝ փոքրիկ շուկա, տեղական մթերքների վրա աշխատող սննդի կետ՝ ռեստորան, ճաշարան, փոքրիկ հյուրատուն, զուգարան, բենզա-գազալցակայան եւ այլն։ Ինչ էլ որ կա՝ տնավարի ու անճաշակ։ Իսկ նորմալ պետություններում միասնական նախագիծ է մշակվում, եւ պետական ծրագրեր են իրականացվում․ զբոսաշրջիկի երթուղին «կահավորվում է» համապատասխան ոճով ու մակարդակով։

Հիմա նման առաջին փորձն է ձեռնարկվել՝ Վայոց ձորում Թուֆենկյանը նոր հյուրանոց է կառուցում, որին կից ճանապարհը եւ հարակից սպասարկման հատվածը պետական միջոցներով են կառուցվում, ավելի ճիշտ՝ Համայնքային զարգացման հիմնադրամի կողմից։ 
Առհասարակ՝ Հայաստանում զբոսաշրջիկին վանող շատ բան կա՝ անճաշակ կառույցներ, սանիտարահիգիենիկ վատ պայմաններ, վատորակ ապրանքներ ու ծառայություններ։ Պետությունը չի կարող կողքից դիտել, թե ինչպես են գյուղական խրճիթում թթված մածուն հրամցնում զբոսաշրջիկին կամ բլբլած մեքենայով հասցնում Տաթեւ ու Երեւան-Փարիզ ճանապարհավարձին համարժեք գումար գռփում։ Պետությունը պետք է խրախուսի բարեխիղճ տնտեսվարողին եւ պատժի պետության զբոսաշրջային վարկանիշը գցողին։ Փող չունե՞ս որակյալ ծառայություն մատուցելու՝ համեցեք վարկ ստանալու, արտոնյալ պայմաններով ու երկարաժամկետ։ Եթե կհաջողես, եւ բիզնեսդ կկայանա, հետագայում քեզ նոր արտոնյալ պայմաններ կառաջարկենք։ Չէ՞ որ քո շնորհիվ է նաեւ, որ պետություն ժամանողների քանակը մեծանում է՝ պետական բյուջե մտնող գումարի հետ զուգահեռ։