Պարոն մարզպետը դատախազություն է ներկայացրել դիմում-բողոքը, եւ հիմա քննություն է ընթանում.  Պայծառ Ղազարյան

Պարոն մարզպետը դատախազություն է ներկայացրել դիմում-բողոքը, եւ հիմա քննություն է ընթանում.  Պայծառ Ղազարյան

Կոտայքի մարզի Քասախի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում ստուգումներ են իրականացվում: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ քաղաքացու դիմում-բողոքի և մամուլում տեղ գտած հրապարակման հիման վրա հաղորդում եմ տվել մարզի դատախազին, քննության առարկա դարձնելու նշված դպրոցի հետ կապված տեղեկատվությունը. «Եթե պարզվի, որ դպրոցի տնօրենը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը պատասխանատվության պետք է ենթարկվի անշուշտ»,-ասաց մարզպետը: 

Նշենք, որ դպրոցը կրում է զոհված ազատամարտիկ Արկադի Հովհաննիսյանի անունը: Տարիներ առաջ  դպրոցի տնօրեն՝ Պայծառ Ղազարյանը  աշխատանքից ազատել էր  ազատամարտիկի դուստր՝  Վարդուհի Հովհաննիսյանին:   Քաղաքացին, ով  բողոք է ներկայացրել մարզպետարան, Միքայել Հովհաննիսյանն է, զոհված ազատամարտիկ՝   Արկադի Հովհաննիսյանի  որդին:  Մեր տեղեկություններով՝  դպրոցի տնօրեն Պայծառ Ղազարյանի եւ Միքայել Հովհաննիսյանի ջրերը մի առվով չեն հոսում:  

Միքայել Հովհաննիսյանը տնօրենի չարաշահումների մասին բողոք է ներկայացրել, տնօրենն էլ՝ իր հերթին դատի է տվել Միքայել Հովհաննիսյանին պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության և գումարի բռնագանձման պահանջով: Պայծառ Ղազարյանի հայցադիմումն ընդդեմ Միքայել Հովհաննիսյանի` պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության և գումարի բռնագանձման պահանջների մասին` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Հեբոյանի որոշմամբ ետ է վերադարձվել 
հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու համար: 

Մի քանի հարց ուղղեցինք դպրոցի տնօրեն Պայծառ Ղազարյանին: 

 -Տիկի´ն Ղազարյան,  դպրոցը հիմնովին վերանորոգված է:   2018թ.-ին դպրոցում վերանորոգման աշխատանքներ կատարվե՞լ են:

-Ո´չ:

-2018թ.-ին դպրոցի եկամուտների եւ ծախսերի բաժնում նշված է, որ ընթացիկ վերանորոգման գծով նախատեսվել է 900 հազար դրամ: Այդ գումարը ծախսվել է վերանորոգման վրա՞:

- Ամեն ինչ դատարանում քննվի: Քանի որ ես չեմ վստահում լրագրողներին, դրանք փաստեր են, որոնք կքքնվեն: Թե չէ ասում ենք մի բան, ուրիշ բան գրում են: Եթե ձեզ հետաքրքրում է, եկեք դատական նիստի: 

-Կոտայքի մարզպետարանի կողմից  ստուգումներ իրակացվե՞լ են դպրոցում: 

-Միքայել Հովհաննիսյանը գրավոր դիմում է տվել պարոն մարզպետին, պարոն մարզպետն էլ  դատախազություն է ներկայացրել դիմում-բողոքը, եւ հիմա քննություն է ընթանում: Այս պահին ոստիկանը դպրոցում է:

-Մտահոգությու՞ն չունեք, որ ստուգումների արդյունքում ինչ-որ խախտումներ կբացահայտվեն: 

-Ես ոչ միայն չեմ մտահոգվում,  ես էլ կողմնակից եմ ստուգումներին: Ամեն բան պետք է լինի օրենքի սահմաններում: 

-Ի՞նչ ունի Հովհաննիսյանը Ձեր դեմ: 

-Էնքան շատ բան ունի, բայց կներեք թող դա պարզվի դատարանում: Ես արդեն հայցադիմում եմ ներկայացրել նրա դեմ: