Կոչ ենք անում անտեղի չվատնել պետական ռեսուրսները․ Միհրան Պողոսյանը հայտնել է իր գտնվելու հասցեն

Կոչ ենք անում անտեղի չվատնել պետական ռեսուրսները․ Միհրան Պողոսյանը հայտնել է իր գտնվելու հասցեն

 ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է․ ««ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում ցանկացած առիթ հանրությանը ներկայանալ թատերական հայտարարություններով։
Մասնավորապես, հայտարավում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ Իհարկե՛ հայտնի է։
Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։
Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև Միհրան Պողոսյանի հեռախոսահամարը։
Կոչ ենք անում պատկան մարմիններին անտեղի չվատնել պետական ռեսուրսներն ու բեմականացված հայտարարություններով չփորձել օրենքի անխոնջ պահապաններ ներկայանալ։ Ձեր առաջնահերթ գործառույթը օրենքի և արդարության հաստատումն է»:

Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատու:

Նրանք աշխատանքի չեն հաճախել, փոխարենը կատարել են Միհրան Պողոսյանի անձնական հանձնարարությունները, բայց ստացել են ընդհանուր առմամբ 44 199 463 դրամի աշխատավարձ ու պարգեւավճարներ։
Բացի այդ Միհրան Պողոսյանը գործող օրենսդրության խախտմամբ ապրանքների ձեռքբերման ու ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել իր կողմից կառավարվող մասնավոր կազմակերպությունների հետ:

Այսպես, 2011-2016թթ.-ի ընթացքում «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211 158 000 ՀՀ դրամ արժողությամբ «BYD» մակնիշի 32 ավտոմեքենա, որոնցից 20–ը՝ իրական արժեքից 20 մլն դրամով ավելի բարձր գնով։