Անդրանիկ Քոչարից մինչև Յուսուֆ Քարշ՝ նորաբաց լուսանկարչության թանգարանում

Անդրանիկ Քոչարից մինչև Յուսուֆ Քարշ՝ նորաբաց լուսանկարչության թանգարանում

Լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ Երեւանի Ավետ Ավետիսյան 19 հասցեում բացվել է նրա անունը կրող լուսանկարչության թանգարան:
Թանգարանը բացվել է Անդրանիկ Քոչարի որդու՝ Վահան Քոչարի ջանքերի շնորհիվ, ով մեզ հետ զրույցում նկատեց, որ լուսանկարչական թանգարան ունենալու որոշումը կայացրել են ողջ ընտանիքով, թանգարանն էլ բացվել է հենց Քոչարների տան առաջին հարկում․ «Երկար ժամանակ աշխատել ենք այդ ուղղությամբ, բայց հնարավորություն չի ընձեռվել, որպեսզի դա արվի պետական մակարդակով՝ որպես պետական կառույց»։  

Թանգարանում ներկայացված են ոչ միայն Անդրանիկ Քոչարի, այլ նաեւ Վահան Քոչարի կողմից հավաքված եւ պահպանված լուսանկարչության մեծ վարպետների գործեր։ Ցուցադրված են նաեւ լուսանկարչական սարքավորումներ, տեխնիկա, Քոչարի անձնական իրերը․ «Ցուցադրված է 14 հեղինակ՝ աշխարհի մասշտաբով հայտնի անուններ՝ լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների, Յուսուֆ Քարշի, Գեղամ Թարվերդյանի, Պարգեւ Չոլագյանի եւ այլոց ստեղծագործությունները»:  
Քոչարն ասում է, որ արժեքավոր հավաքածուները, թանգարանային նմուշները շատ են, բայց տեղի պատճառով դրանք նկուղներում են դրված․ «Ամբողջ արխիվը ցուցադրելու համար շատ մեծ տարածքի եւ մեծաթիվ աշխատակիցների կարիք կզգացվի, պետք է ամբողջ այդ լուսանկարչական ժառանգությունը ֆոնդավորել․ դա մի հոգու բան չէ։ Նվազագույնը 10 հազար միավոր նմուշ գոյություն ունի, որը պետք է ֆոնդավորվի, որն այս պահին նաեւ ընթացքի մեջ է, քանի որ օգնականների միջոցով աշխատանքներ տարվում են»։   

Թանգարանը բաց է շաբաթ, կիրակի, երկուշաբթի օրերին, ժամը 11։00-17։00-ն։ Մուտքն անվճար է։ Առայժմ թանգարանի զբոսավարի կարգավիճակը ստանձնել է հենց Անդրանիկ Քոչարի որդին՝ լուսանկարիչ Վահան Քոչարը, ով իր խոսքում նկատում է, որ պետության աջակցության բացակայության պայմաններում ամեն ինչ արել եւ անում են սեփական ջանքերով։
Դեռ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն էր հայտարարում, որ պետք է ունենանք լուսանկարչական թանգարան, նույնիսկ տեղ հատկացվեց դրա կառուցման համար․ այս դիտարկման առնչությամբ Վահան Քոչարը կարծում է, որ պետության՝ լուսանկարչական թանգարան ունենալու ցանկությունն այդպես էլ մնում է միայն այդքանի շրջանակում եւ ոչ կոնկրետ գործողության։