«Հրապարակ». Առանց Բաբայանի, բայց Բաբայանի հետ

«Հրապարակ». Առանց Բաբայանի, բայց Բաբայանի հետ

Ստեփանակերտում սեպտեմբերի 22-ին՝ Սամվել Բաբայանի կուսակցության հիմնադիր համագումարին, պարզվում է, «կամանդույուշչին» չի մասնակցել։ Բաբայանի կուսակից, նորընտիր քաղխորհրդի անդամ Սերգեյ Զաքարյանից տեղեկացանք, որ պաշտոնական բացատրությունը եղել է այն, որ հիվանդ է, իսկ ոչ պաշտոնապես՝ ասում են, թե Բաբայանը ցանկացել է, որ առանց իր ներկայության թիմը միաձայն որոշի իրեն դարձնել կուսակցության նախագահ։ Կուսակցությունը կոչվում է «Միասնական հայրենիք», որի հիմնադրման փաստաթղթերը շուտով կներկայացվեն Արցախի արդարադատության նախարարության պետռեգիստր՝ գրանցման։

Բաբայանի բացակայությունը խոչընդոտ չի՞ հանդիսանա կուսակցության գրանցման համար։ «Իհարկե՝ ոչ։ Ինքը համագումարի պատվիրակ է, ավելին՝ բոլորը միաձայն իրեն ձայն են տվել, եւ օրենքում չկա սահմանափակում, որ եթե մարդը ներկա չէ, ապա չեն կարող գրանցել»։ Կուսակցության գրանցման համար օրենքը պահանջում է 300 հիմնադիր անդամի, ինչպես նաեւ ԱՀ-ի շրջանների առնվազն 1/3-ում տարածքային կազմակերպությունների առկայություն։ «Բայց մենք պլանավորում ենք 7 շրջանում էլ ունենալ տարածքային կազմակերպություն։ Ավելին, համագումարին Ստեփանակերտ քաղաքից եւ 7 շրջաններից ունեինք պատվիրակներ»,- ասաց Սերգեյ Զաքարյանը։ Առաջիկա օրերին փաստաթղթերը պատրաստ կլինեն, ռեգիստր կդիմեն, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ, իսկ գրանցման համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ ամիսն է։