«Հրապուրիչ», բայց անիրական ծրագիր

«Հրապուրիչ», բայց անիրական ծրագիր

E-Gov.am կայքում երեկ վերջապես հրապարակվեց ՀՀ կառավարության ծրագիրը։ Ի տարբերություն անցած տարվա հունիսին ներկայացված ծրագրի, Նիկոլ Փաշինյանի կաբինետի այս ծրագիրը կրկնակի մեծ ծավալով է՝ մոտ 70 էջ։ Երեւի թե դա է պատճառը, որ երեկ քչերն էին հասցրել ծանոթանալ ու կարծիք հայտնել, համացանցում ընդհանուր դիտողություններ ու գնահատականներ էին հայտնվում, որ ծրագիրը կենացների ժողովածու է հիշեցնում՝ զուրկ թվային ցուցանիշներից։ Ծրագիրը ներկայացնում է կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ուղենիշները՝ ինչպես արտաքին ու ներքին քաղաքականության, անվտանգության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, մրցունակ տնտեսություն ունենալու վերաբերյալ, այնպես էլ «ազատ, արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացի» ունենալու հարցում։ «Պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ»,- թոշակառուներին խոստանում է հայրենի կառավարությունը, իսկ քաղաքացիների կենսամակարդակը եւ սոցիալական վիճակը բարելավելու համար կառավարության քաղաքականությունը հիմնված է լինելու «հավասար հնարավորությունների եւ աշխատանքի քաջալերման սկզբունքի վրա»։ «Աղքատության հաղթահարման առաջնային գործիքն աշխատանքն է, աշխատանքի համար իրական հնարավորությունների ստեղծումը»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նույնպես նկատել է, որ ծրագրում մի քանի տեղ է թիվ հիշատակվում, որոշ դեպքերում՝ անիրական ու աներեւակայելի․ «Առաջին անգամ քանակական ցուցանիշ է նկատվում 27-րդ էջում՝ առ այն, որ 2023 թվականին՝ կառավարության գործունեության ավարտին, կվերացվի ծայրահեղ աղքատությունը։ Երկրորդ թիվը նկատում ենք կրթության բաժնում՝ բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության եւ հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչեւ 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի։ Իսկ երրորդը տնտեսական աճի վերաբերյալ է, որ այն բարձր տեմպերով պետք է լինի՝ առնվազն 5 տոկոս։ Չորրորդ քանակական ցուցանիշն ամենաուշագրավն է, որ 2023 թվականի ավարտին արտահանումը պետք է լինի ՀՆԱ-ի 43-45 տոկոսը։ Վերջինն այնպիսի ցուցանիշ է, որ ո՛չ ԱՄՆ-ն ունի, ո՛չ էլ Եվրոպան։ Տպավորություն ունեմ, որ մշակույթի ներկայացուցիչն է գրել տնտեսական այս ցուցանիշը, նման բան չի կարող լինել երբեք»։ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ, բոլոր «քաղաքակրթված» երկրներն այսպիսի «հրապուրիչ» ծրագրեր են կազմում․ «Այլ հարց է, որ մեխանիզմների կտրվածքով մտածելու առիթ են ստեղծում՝ արդյոք մենք կարողանալո՞ւ ենք հասնել դրան, թե՞ ոչ»։ 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն էլ խիստ մտահոգիչ է համարում, որ ծրագրում տեղ չեն գտել «ժողովրդավարական բարեփոխումների հիմքում ընկած կուսակցությունների եւ ընտրությունների բարեփոխման, ինչպես նաեւ հանրաքվեների մասին ռեֆորմները»։ Նա հիշեցնում է, որ կուսակցությունների եւ Ընտրական օրենսգրքերի փոխելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ժամանակավոր կառավարության հիմնական խոստումներից մեկն էր, որն այն ժամանակ չկատարվեց, իսկ այսօր էլ այդ հարցերը չեն ընդգրկվել ծրագրում։

Իոաննիսյանի համար ընդունելի չեն այն բացատրությունները, թե նշվածներն ավելի շատ ԱԺ-ի գործառույթների տիրույթում են․ «Մենք հիշում ենք, որ նախորդ ծրագրում Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին կար, կուսակցությունների մասին օրենքի, մի ամբողջ բլոկ նվիրված էր ընտրական ռեֆորմին, այսինքն՝ մի բլոկը կառավարության ծրագիրն էր, մյուսը՝ ընտրական ռեֆորմը։ Մինչդեռ այսօրվա ծրագրում մենք ականատես ենք լինում, որ ժողովրդավարական բարեփոխումներն այնքան էլ առաջնահերթ չեն»։ ՀԿ ղեկավարը կառավարության ծրագրի նաեւ հակակոռուպցիոն դրույթին է ծանոթացել, իր գնահատմամբ՝ այն մի քիչ դեկլարատիվ է, բայց տրամաբանությունը գոնե հասկանալի է։

«Կան հարցեր, որոնք խիստ ցանկալի էր, որ լինեին, օրինակ՝ կապված հայտարարագրերի, ապօրինի հարստացման ինստիտուտների հետ, բազմաթիվ բաներ կան փոխելու, գոյություն ունեցող ինստիտուտները ձեւական բնույթ են կրում»։ Իոաննիսյանի խոսքով, իշխանությունը հակակոռուպցիոն ռեֆորմների իրականացման հարցում չափազանց դանդաղ է շարժվում։ «Ծրագրում չկա նաեւ այն մասին դրույթ, որ կառավարությունը շատ հարցեր պետք է դնի հանրաքվեի, քանի որ վարչապետը խոսում էր նաեւ դրանից՝ ասելով, որ շատ հարցեր պետք է որոշի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով․ այս մասին էլ խոսք չկա»,- ասում է Իոաննիսյանը։ Մինչեւ փետրվարի 8-ը ծրագիրը պետք է ներկայացվի ԱԺ, ապա 24 ժամվա ընթացքում ԱԺ նախագահը որոշում կընդունի դրա քննարկման օրվա եւ ժամի վերաբերյալ։