Դիտորդները շրջանցում են ընտրական հանձնաժողովները՝ նախընտրելով դիմել դատարան

Դիտորդները շրջանցում են ընտրական հանձնաժողովները՝ նախընտրելով դիմել դատարան

Հունիսի 9-ին Հայաստանի 11 մարզերի 23 համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների հերթական ու արտահերթ ընտրություններ։ Երեկ վարչապետը ժողովրդին շնորհավորեց «իր ընտրությունը կատարած ազատ ժողովրդին», իսկ Քննչական կոմիտեն տարածեց, որ մարզային քննչական բաժիններում առերեւույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել: Հունիսի 10-ին, 14։00-ի դրությամբ ԿԸՀ խոսնակ Հերմինե Հարությունյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն եւ տարածքային ընտրական հանձնաժողովները բողոքներ չեն ստացել։

«Դիմում-բողոքների վերջնաժամկետը լրանում է վաղը, 11։00-ին։ Հունիսի 11-ին կամփոփենք տվյալները»,- ասաց նա։ Աշխատանքային օրվա ավարտին կրկին տեղեկացրեց, որ բողոքներ չկան։ 
Հունիսի 9-ին քվեարկել է 23 համայնքների բնակիչների 44,36 տոկոսը։ Անցած ընտրությունները համայնքների թվով համադրելի են 2019 թվականի փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրությունների հետ, որոնք տեղի ունեցան 24 համայնքներում։ Մասնակցությունն այն ժամանակ ավելի բարձր էր՝ 58,47 տոկոս։ Բայց գրանցված թեկնածուներն այս անգամ ավելի շատ են եղել՝ 6 տասնյակից ավելի, մինչդեռ անցյալ ՏԻՄ-ին մոտ 20 հոգով պակաս թեկնածուներ էին գրանցվել։ Առաջադրվածները հիմնականում անկուսակցականներ էին։ 

Թեժ միջադեպ գրանցվել է, թերեւս, միայն Աբովյանում, որն ավանդաբար համարվում է Գագիկ Ծառուկյանի քաղաքը։ Այստեղ գրանցված էր 5 թեկնածու, որոնց թվում երեքն անկուսակցականներ էին, մյուսներն էին՝ ԲՀԿ ֆավորիտ, գործող քաղաքապետ, իրավաբան, նախկինում ԱԺ փորձագետ Վահագն Գեւորգյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը։ 

Աղմկահարույց էին ԲՀԿ ներկայացուցիչ, շենքի լիազոր Գյուլումյանի մոտ ընտրողների անձնական տվյալներով ցուցակի հայտնաբերումն ու Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի «վոյաժները» տեղամասով։ Հիշեցնենք․ նա դուրս էր եկել տեղամասից, հետո կրկին վերադարձել ու հայտնաբերել Գյուլումյանի ցուցակը։ Մարզպետը վրդովվել էր, որ դիտորդները չէին արձանագրել ցուցակի գոյությունը, եւ արդարացել՝ ինչո՞ւ ինքը չպետք է աջակցի ՔՊ թեկնածուին: Համաձայնեք՝ նախկինում կատարված խախտումների համեմատ սա մանկական կատակ է։ «Աբովյանի 29/07 տեղամասում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը քվեարկելուց հետո վերադարձել ու սկսել է ԲՀԿ-ական հանձնաժողովի անդամի կատարած խախտումը «հետաքննել»»,- իր ՖԲ էջում երեկ գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Նրա կազմակերպությունն Աբովյանում դիտորդական առաքելություն էր իրականացնում որպես «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ։ Իոաննիսյանը մտահոգիչ է համարում ոստիկանության պահվածքը։ «Ոստիկանությունն օրվա ընթացքում, ընտրական պրոցեսի հետ կապված՝ մոտ 30 հոգու է բերման ենթարկել, բոլորը միեւնույն թեկնածուի համակիրներ են եղել, բայց որեւէ մեկի մասով ո՛չ վարչական իրավախախտման, ո՛չ էլ հանցագործության փաստեր առկա չեն։ Հանրության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ոստիկանությունը փորձել է խանգարել թեկնածուներից մեկին», - ասաց Իոաննիսյանը՝ պատասխանելով «Հրապարակի» հարցերին։ Սակայն, ըստ նրա, խախտումներն այնպիսին չեն եղել, որ փոխեն ընտրության արդյունքը։

Դանիել Իոաննիսյանն ասում է, որ արձանագրվել են Ընտրական օրենսգրքի խախտման դեպքեր, բայց չի շտապում դիմել ընտրական հանձնաժողովներ։ Նա հիշեցրեց 2018 թվականի սեպտեմբերին իր մասնակցությամբ մշակված վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունները, որոնք ընդունվեցին ԱԺ-ի կողմից։ «Դրանք հնարավորություն տվեցին վարչական իրավախախտումներ արձանագրելու դեպքում այլեւս ոչ թե ընտրական հանձնաժողովին դիմենք, այլ միանգամից հայցով մտնենք դատարան։ Դա ավելի կարճ ընթացակարգ է, քան դիմել ԸՀ ու խնդրել, որ այն դիմի դատարան։ Մեկ օղակ դուրս է եկել արանքից»,- ասաց Իոաննիսյանը։

Կազմակերպությունը շատ խախտումներ է նկատել, այժմ քննարկում է ընթանում, թե որ կառույցին ներկայացնել բողոք-դիմումները։ «Հավանաբար, մենք միանգամից կգնանք դատարան։

Ընտրությունները ցույց տվեցին, որ կան լուրջ խնդիրներ, որոնք պետք է իրականացվեն ընտրական ռեֆորմի սահմաններում։ Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի շատ արագ»,- նշեց Դանիել Իոաննիսյանը։ 

«Ականատես» առաքելության դիտորդները հունիսի 9-ին աշխատել են Արարատի մարզի Դվին, Արմավիրի մարզի Ապագա, Նորակերտ, Գեղարքունիքի Գեղհովիտ, Ծովասար, Կոտայքի մարզի Աբովյան, Սյունիքի Գորայք, Շիրակի մարզի Անուշավան, Սպանդարյան, Փանիկ եւ Տավուշի Ազատամուտ համայնքներում: «Դիտարկված տեղամասերից 2-ում (5.13%-ում) արձանագրվել է չհրկիզվող պահարաններին ներկայացվող պահանջների խախտում։ 1 տեղամասում դիտորդն արձանագրել է, որ պահարանը բաց է, վիճակահանության կարգի խախտում է արձանագրվել տեղամասերի 7․69%-ում, 66․67%-ը դեռ շարունակում է մնալ դժվարամատչելի հաշմանդամություն ունեցող ընտրողների համար։ Տեղամասերից մեկում քվեարկության սենյակի կահավորանքը հնարավորություն չի ընձեռում պատշաճ կերպով դիտարկելու քվեարկության ընթացքը»,- արձանագրել է «Ականատեսը»։