Հարգանքներս, պարո՛ն գնդապետ

Հարգանքներս, պարո՛ն գնդապետ

Պատերազմը գլխիվայր շրջում է մեր պատկերացումներն իրականության մասին, արժեքների մասին, մարդկանց մասին։ Փլուզվում են կարծրատիպեր, փոխվում են համոզմունքներ, մերժվում են սկզբունքներ, սրբագրվում են տեսակետներ։ Իրականությունն այլեւս դիտվում է նոր՝ պատերազմի «կողմից»՝  միանգամայն այլ պատկերով ու գույներով։ Եվ մարդը հաճախ ցավագնորեն է ընդունում իրականության պատերազմական «շտկումները», մանավանդ երբ դրանցով ցնդում են նրա ռոմանտիկ պատկերացումներն ինչ-որ մարդկանց մասին։ Բայց լինում է նաեւ հակառակը։
Խոստովանեմ,  միշտ ներողամտորեն, տարակուսանքով, մի քիչ էլ զարմանքով եմ հետեւել Խաչիկ Ասրյան մարդուն, հասարակական գործչին, պետական պաշտոնյային։

Այդ խիստ յուրօրինակ, էկզոտիկ կերպարը, գոնե իմ ընկալումներում, երբեք հայ քաղաքական դաշտին չի ներդաշնակվել․ գուցեեւ ինչ-որ տարաշխարհիկ երանգ հաղորդել է դրա համայնապատկերին, սակայն միշտ թվացել է իրականությունից դուրս, նույնիսկ իրականությանը ներհակ։ Երկրի նախկին ղեկավարին այս մարդու կույր, բայց նաեւ ամպագոռգոռ  նվիրվածությունն ինձ հաճախ տհաճորեն զարմացրել է, եւ մտքովս երբեք չի անցել, որ մարդու նվիրվածությունը որոշակի անձին՝ նաեւ հայրենիքին նվիրվածության մի եղանակ է։ Տարօրինակ եղանակ։
Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված Խաչիկ Ասրյանը, սակայն, փոխեց պատկերացումներն իր մասին։ Մեկ ամիս  նա գտնվել է առաջնագծում, չնայած երբեք չի տարփողել իր ծառայությունը, հանրությունն էլ առիթ չի ունեցել արձանագրելու իր հերթական հիասթափությունը, թե՝ առաջնագիծն այս մարդու համար էլ յուրօրինակ սելֆի է, որտեղ «ինքնակայանում» են, ինքնագովազդվում, ինչպես դա ցավալիորեն պատահեց որոշ քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչների հետ։ 

Ահավասիկ, կարդում եմ առաջնագիծ մեկնած Խ․ Ասրյանի գլխավորած ջոկատի մասին երկու փոքրիկ տեղեկություն իր իսկ ֆեյսբուքյան էջում եւ չեմ կարող նորից չասել՝ պատերազմը, այո, երբեմն կտրուկ փոխում է մեր պատկերացումները մարդու մասին։ 

Պատերազմը սկսվելուց 2 օր անց՝ սեպտեմբերի 29-ին, Խ․ Ասրյանի  ֆեյսբուքյան էջն ազդարարում է․
 ««Հայոց Արծիվները» մեկնեցին Արցախ
Այսօր, առավոտյան, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի 90 անդամները՝ իմ գլխավորությամբ, մեկնեցին Արցախ՝ պաշտպանելու Արցախն ու Հայ Ազգը:
Աստված բոլորիս պահապան:
«Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան»։

Այնուհետեւ Խ․ Ասրյանի ֆեյսբուքյան էջում մեկամսյա լռություն է, որը խախտվում է հեկտեմբերի 30-ի գրառմամբ․ ««Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը (վաշտը) վերադարձավ մարտական հերթափոխից

2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 29-ը՝ ուղիղ մեկ ամիս, «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» կամավորական ջոկատը (վաշտը), ջոկատի (վաշտի) հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Արցախի ՊԲ Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո մասնակցել է Արցախի Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ իրականացնելով մարտական ծառայություն եւ մարտական հերթապահություն:
Կեցցե՛ Հայոց Պետականությունը:
Կեցցե՛ Հայոց Ազգը: 
Փա՛ռք Աստծո։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժին»։

Ի լրումն հօդս ցնդած իմ նախկին պատկերացումների՝ Խաչիկ Ասրյանը, փաստորեն, նաեւ կոչումով գնդապետ է։ 

Հարգանքներիս հավաստիքը, պարո՛ն գնդապետ։