ՌԴ-ում Առնոն ստացել է ավագ նավաստու կոչում, իսկ  ՀՀ-ում հետապնդվում է բանակից խուսափելու համար

ՌԴ-ում Առնոն ստացել է ավագ նավաստու կոչում, իսկ  ՀՀ-ում հետապնդվում է բանակից խուսափելու համար

Արարատի Դիտակ գյուղի բնակիչ Գեղամ Մաթեւոսյանը 2012 թվականին Պուտինի «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում  մեկնել է Ռուսաստանի Կալինինգրադի մարզ ու ընտանյոք հանդերձ հիմնավորվել այնտեղ՝ դառնալով ՌԴ քաղաքացի։ ՌԴ քաղաքացիություն են ստացել նաեւ նրա կինը, մայրը, որդին՝ Առնոն։ Երբ որդին հասել է զորակոչային տարիքի, հանկարծ նախկին հայաստանցին տեղեկացել է, որ Հայաստանն իր եւ հարազատների համար չի ավարտվել, որ նրանք դեռ մնում են ՀՀ քաղաքացիներ, քանի որ քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգը լիարժեք չի իրականացվել։ Այս տհաճ անակնկալը նախկին հայաստանցիներին արել է զինկոմիսարիատը՝ ծանուցագիր ուղարկելով գյուղ։ Առնո Մաթեւոսյանը՝ Գեղամի որդին, միտք չի ունեցել վերադառնալ Հայաստան, առավել եւս այն պատճառով, որ արդեն ծառայելիս է եղել ՌԴ ռազմածովային զորքերում։ Բայց ՀՀ քննչական մարմինների համար սա ամենեւին էլ հիմք չի համարվել երիտասարդին բանակային ծառայությունից ազատելու համար։ Առնո Մաթեւոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել, հայտարարված է հետախուզում։ 

Ըստ Գեղամ Մաթեւոսյանի՝ Առնոյի ծառայության շուրջ ստեղծված անհեթեթ իրավիճակի մեղավորը ՌԴ-ում Սանկտ Պետերբուրգի գլխավոր հյուպատոսարանն է, որը չի ծանոթացրել իրեն  քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգին, արդյունքում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգը կիսատ է մնացել։ Նրա նամակները ՀՀ պատկան մարմիններին արդյունք չեն տվել։ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Հրապարակին» պատասխանել էր, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար քաղաքացին անձամբ պետք է ներկայանա դեսպանատուն կամ ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչություն ու ավարտին հասցնի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը։ «Եթե չկա ՀՀ նախագահի հրամանագիր իրենց քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ, քաղաքացիությունը չի համարվում դադարեցված»,- ասել էր նա։ Այս պատասխանը բարկացրել է Գեղամ Մաթեւոսյանին։ Կալինինգրադի մարզից նա «Հրապարակին» խնդրում է հասցնել ՀՀ ոստիկանությանը, որ չի կարելի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն ավարտին չհասցնելու մեղքը դնել քաղաքացու վրա։

«Քաղաքացին ամեն օր կամ ամիսը մեկ չի հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի, երթուղայինի տոմսի արժեքի պես, իրազեկված լինի դրա ընթացակարգին՝  հիմարություններով ու դրամաշորթությամբ լի, անհրաժեշտ փաստաթղթերի ու պետության կողմից տուրքի անվան տակ շորթվող դրամի քանակության մասին: Քաղաքացին դիմում է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն, եւ այնտեղ աշխատողները, որոնց ինքը վարձել է, ապահովել է շենքով, գույքով, ծառայողական ավտոմեքենայով, արտերկիր մեկնելու ավիատոմսերով ու ոչ ցածր աշխատավարձով, իսկ նույն այդ ՀՀ քաղաքացին վճարել է՝ այդ աշխատակիցներին համապատասխան ուսում տալու համար: Եվ այդ աշխատակիցների սրբազան ու ծառայողական պարտքն է՝ հանգամանալից ու խորին երախտագիտությամբ պատասխանել իրենց որպես պետական ծառայող վարձած քաղաքացու դիմումին, կասեի՝ հրահանգին, այլ ոչ թե արհամարհել այն։ Ի դեպ, այդպիսի մի ծառայող էլ Դուք եք, պարոն Բիչախչյան, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի հյուպատոսարանի աշխատակիցները»,- պատասխանում է Գեղամ Մաթեւոսյանը։ 
Զավեշտն այն է, որ մայիսի 9-ին նրան որդին՝ Առնո Մաթեւոսյանը, ստացել է ավագ նավաստու կոչում, բայց հայրենիքում նրան հետապնդում են բանակային ծառայությունից խուսափելու համար։