Պրոբլեմներ ունենք. այլ հարց է, որ անձնավորված տարրեր կան, որոնք բարդացնում են վիճակը

Պրոբլեմներ ունենք. այլ հարց է, որ անձնավորված տարրեր կան, որոնք  բարդացնում են վիճակը

Հունիսի 12-ն ԱԺ-ում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով մարզային բուհերի խնդիրներին,ասել էր. «Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում, ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական, այստեղ ակադեմիզմ է, որովհետև ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են իրենց շահերով, եթե այս իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կամ լուծարման կամ միավորումների, որի արդյունքում կձևավորվի խորհուրդ, հարցն այսպես կլուծվի: Այսինքն` իրենք պետք է ջանք գործադրեն, որպեսզի իրավիճակը շտկվի և բարդությունները, որ կան բուհում, կապված չեն ֆինանսական հարցերի հետ, այլ խմբակների՝ միմյանց հետ պայքարի հետ է կապված»:

85-ամյա բուհը լուծարելու կամ միավորելու նախարարի հայտարարությունը անհանգստացրել է բուհի անձնակազմին: Տարաբնույթ քննարկումները  չեն դադարում: «Միավորման գործընթացի մասին 15-20 տարի է՝ խոսում են:Եթե այդ ամենը նպատակաուղղված է հզոր կրթական կենտրոն ստեղծելուն, եթե կունենանք մայրաքաղաքի բուհերի նկատմամբ մրցունակ կրթօջախ,ապա  կարելի է քննարկել»,-Գյումրու «Երկխոսության մեդիա» կենտրոնում տեղի ունեցած քննարկման  ընթացքում նշում է ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը: Անդրադառնալով բուհի բարոյահոգեբանական մթնոլորտին եւ նախարարի հայտարարությանը՝ ասաց. «Նախարարի  հայտարարությունը ես չեմ ցանկանում մեկնաբանել: Ես ուշադիր եմ լսել,այնտեղ հնչում է եթե բառը, ս տառը՝ բոլորս, որը շատ կարևոր է: Բարոյահոգեբանական  մթնոլորտի հետ  կապված՝ եթե հիշում եք,նախարարը նշում է  մեկ տարի առաջ իր այցելած  ժամանակների մասին: Մենք  պրոբլեմներ ունենք, չեմ ասում՝ չունենք, բայց նույն սրությունն ու բարդության աստիճանը չէ, ինչ մեկ տարի առաջ էր: Մոտ 3500 շահառու ունեցող հիմնարկում, բնականաբար, պրոբլեմներ չեն կարող չլինել, այլ հարց է, որ անձնավորված տարրեր  կան, որը բարդացնում է վիճակը:Գաղափարի եւ սկզբունքի կռիվ չէ»:

Հիշեցնենք,որ ՇՊՀ գիտխորհուրդը դիմել էր նախարարին՝ նշելով,որ  բուհի մասին նրան ներկայացված տեղեկությունները կողմնակալ են, եւ կան ուժեր, որոնք ունեն հեռահար նպատակներ ու հավակնություններ:Երվանդ Սերոբյանի խոսքերով՝ ինքը գիտխորհրդի հայտարարությանը դեմ չի եղել, սակայն դեմ է եղել այդկերպ ձևակերպելուն: «Այդ երկու նախադասության հետ ես համաձայն չեմ եղել: Բուհը մեկ տարուց ավել է՝ ռեկտոր չունի ընտրված: Դա չի կարող 450 հոգանոց կոլեկտիվում լարվածություն չստեղծել: Բնական է, որ մեկը ձգտում է պաշտոնի, չի ստանում, մյուսը՝ այլ բանի…,ամբողջ հարցն այն է, թե մենք ինչ մակարդակով պետք է այդ հարցերը լուծենք: Գտնում եմ, որ օրենքի դաշտում եւ հարգանքի հարթության մեջ պետք է լուծվի»,-ընդգծում է նա:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցնում է, որ բուհը այս պահին ֆինանսական որևէ խնդիր չունի, մեկ լումա պարտք նույնպես, բայց ամենամեծ խնդիրն այն է,որ զարգացման միջոցներ չունեն,առաջ են շարժվում խնայողություններով: