Կա՛մ եվրոպացի ես, կա՛մ ասիացի

Կա՛մ եվրոպացի ես, կա՛մ ասիացի

Հնարավոր չէ օրը 10 անգամ հայտարարել, թե չենք ուզում խախտել մարդու անմեղության կանխավարկածը եւ հրապարակել տարբեր անձանց առաջադրված մեղադրանքներ, որոնց առնչությամբ անգամ քրեական գործերի նախաքննությունն ավարտված չէ, էլ չենք խոսում դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռի մասին։ Թեեւ քաղաքակիրթ աշխարհում անգամ ուժի մեջ մտած դատավճիռների առկայության դեպքում չեն օգտագործում, ասենք՝ «հանցագործ», «կաշառակեր», «մարդասպան» բառերը, որովհետեւ հասկանում են, որ կա թեկուզ փոքր, բայց նաեւ դատական սխալի հավանականություն։

Հնարավոր չէ խոսել մարդու արտահայտվելու իրավունքից, խոսքի ազատության աննախադեպ մակարդակից եւ մարդուն անարգանքի սյունին գամել կամ ձերբակալել անանուն հանդես գալու համար․ խոսքը կալանավորված ֆեյքի մասին է։ Խոսքի ազատության շրջանակներում բոլորովին չեն տեղավորվում նաեւ քննադատություն հնչեցնող անձանց ուղղված կոշտ որակումները՝ «հակահեղափոխական, սեւ, ռոբասերժական» եւ այլն։

Չի կարող պատգամավորը խոսել լրագրողների տհաճ հարցերի, ուղղորդված լրատվության, ռուսական հեռուստաալիքներն արգելելու մասին։ Հնարավոր չէ հայտարարել դեմոկրատիային եւ եվրոպական արժեքներին հավատարմության մասին եւ նախկին իշխանավորներին ու նախկին իշխող ուժին ամեն օր սեւացնել-դատափետել։ Եթե ՀՀԿ-ականներին ուղղված մեղադրանքները որեւէ եվրոպացի լսի, կմտածի, որ ՀՀԿ-ն օրենքով արգելված կուսակցություն է։

Չի կարելի հայտարարել, որ մեզանում խտրական վերաբերմունք չկա ոչ մեկի հանդեպ, եւ ասել, որ տրանսգենդեր կնոջն անձնագիր ՀՀԿ-ն է տվել, եւ հանրապետականներն են այդ թեման շահարկողներն ու բողոքի տեսարաններ բեմադրողները։ Առհասարակ՝ կա՛մ դեմոկրատ ես, կա՛մ պահպանողական, կա՛մ առաջադեմ ես, կամ խավարամիտ, կա՛մ եվրոպացի ես, կա՛մ ասիացի։