Փոքրիկը հիվանդանոց է ընդունվել ագոնալ վիճակում. ինչի՞ց է մահացել 5 ամսական երեխան

Փոքրիկը հիվանդանոց է ընդունվել ագոնալ վիճակում. ինչի՞ց է մահացել 5 ամսական երեխան

Այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա» կենտրոնում «H1N1» վիրուսի ակտիվացման թեմայի հետ կապված քննարկման ընթացքում անդրադարձ եղավ հունվարի 5-ին Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական» հիվանդանոցում 5 ամսական Մարի Միքայելյանի մահվան դեպքին: Շիրակի մարզի առողջապահության վարչության պետը՝ Հասմիկ Պետրոսյանը, կատարվածի վերաբերյալ նշեց, որ որևէ մեկնաբանություն չի տալու, մինչև չստանան դատաբժշկական փորձաքննության վերջին տվյալները: Նշենք, որ նախնական տվյալներով՝ երեխան մահացել է թոքաբորբից:

Մոր եւ մանկան ավստրիական» հիվանդանոցի մանկաբույժ Հ. Ավետիսյանի խոսքերով՝ երեխային իրենք ընդունել են ագոնալ վիճակում, ինչը տարբեր հիվանդությունների հետևանք կարող էր լինել: «Յուրաքանչյուր մահացու դեպք ողբերգություն է ոչ միայն ծնողների, այլև բուժհաստատության համար, որտեղ դեպքը տեղի է ունեցել: Մեր հիվանդանոցում հիվանդը մոտ 40 րոպե է մնացել: Ես ոչ թե որևէ բան գիտեմ, չեմ ավելացում, այլ ավել տեղեկատվություն չունենք, մինչև որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներից կպարզվի երեխայի մահվան իրական պատճառը»,-նշում է մանկաբույժը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 5-ին, Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Միքայելյանը և հայտնել, որ հունվարի 4-ին, ժամը 19։00-ի սահմաններում իր դուստրը՝ 5 ամսական Մարի Միքայելյանը, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում մահացել է։ Երեխայի ընտանիքը կատարվածի համար մեղադրում է բժիշկներին։Փաստի առթիվ ՇՄ դատախազությունում նյութեր են նախապատրաստվում:

Հարազատների պատմելով՝ Մարին պարբերաբար ջերմել է, նույնիսկ որոշ ժամանակ հոսպիտալացվել է, սակայն բժիշկները երեխային դուրս են գրել ամբողջովին չապաքինված՝ վստահեցնելով , որ վտանգը անցել է: Մի քանի օրից երեխան կրկին բարձր ջերմել է, եւ երբ հասցրել են հիվանդանոց, այլևս փրկություն չի եղել: